Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Խորհրդանշական հանդիպում Սոչիում․ համընթաց քամի հայ-ռուսական հարաբերություններում

am en ru
 Khorhrdanshakan handipowm Soch`iowm. hament`ats` k`ami hay-rhowsakan haraberowt`yownnerowm_61203

Շաբաթներ առաջ, երբ արդեն ակնհայտ դարձավ, որ Հայաստանում իշխանափոխությունն այլևս անդառնալի է և գործադիր իշխանության ղեկն անցնելու է ընդդիմադիր ուժերին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բուռն քննարկումներ սկսվեցին երկու երկրների հասարակություններում, որոնք հատկապես տեսանելի էին սոցիալական ցանցերում։ Բնականաբար, մեր երկրում սպասվելիք փոփոխությունները նրա սահմաններից դուրս  առաջին հերթին հետաքրքրում էին ռուսաստանցիներին, որոնք մտավախություններ ունեին, որ Հայաստանը կարող է ամբողջովին փոխել իր արտաքին քաղաքական առաջնայնությունները՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների։

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՀԿ-ի ու ծագումով հայ որոշ ռուսաստանաբնակ քաղաքական գործիչների ջանքերով և ռուսական պաշտոնական քարոզչության ներկայացմամբ հատկապես նա և իր կողմից ղեկավարվող կուսակցությունն էին համարվում, եթե այդպես կարելի է արտահայտվել, Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակից քաղաքական ուժը Հայաստանում։

Բնականաբար,մինչև վերջերս միանգամայն հասկանալի և տրամաբանական էր ռուսաստանյան հասարակության գերակշիռ մեծամասնության անթաքույց բացասական տրամադրվածությունը մեր թավշյա հեղափոխության հանդեպ։ Այդ տրամադրվածություններն ամեն կերպ «տաքացնում էին» նաև վերջին շաբաթներին վիրտուալ տարածքում խիստ ակտիվացած մեր ոչ բարով-խերով հարևանները, որոնք Քիփլինգի՝ մեղմ ասած ոչ այնքան հարգարժան հերոսներից մեկի ոճով «բացում էին» ռուսաստանցիների աչքերը՝ ակնհայտ ապատեղեկատվական աղբ մատուցելով հայաստանյան իրադարձությունների և մեր նոր իշխանությունների վերաբերյալ։ Եվ չնայած Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում մի քանի անգամ հատուկ ընդգծեց, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական ուղղությունը, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների, ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներին մասնակցության առումով, չնայած նրան, որ վարչապետ ընտրվելուց տառացիորեն րոպեներ հետո Փաշինյանը շնորհավորանքներ ստացավ ՌԴ նախագահից, ինչն ակնհայտորեն որոշակի մեսիջ էր Վլադիմիր Պուտինից երկու երկրների քաղաքական էլիտաներին, լրատվական դաշտերին և վերլուծաբաններին, այնուամենայնիվ, ռուսաստանյան հասարակության մոտ այդ անբարյացակամ տրամադրվածությունը գրեթե չփոխվեց։ Տողատակերում նշեմ, որ այնուամենայնիվ ոմանց այդ մեսիջը տեղ հասավ, օրինակ՝ տխրահռչակ Միխայիլ Լեոնտևին, որն օրեր առաջ բավականին անշնորհք արտահայտություններ էր արել մեր երկրի և իշխանության հասցեին։ Նա հրապարակորեն ներողություն խնդրեց Նիկոլ Փաշինյանից, ընդ որում արեց դա ոչ թե որպես մասնավոր անձ, այլ որպես «Ռոսնեֆտ» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ։

Բոլոր դեպքերում կասկած չկար, որ Հայաստան-Ռուսաստան հետագա հարաբերությունների մեջ որոշակի պարզություն կմտցնի երկու երկրների ղեկավարների հանդիպումն ու առանձնազրույցը Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի շրջանակներում։ Այպես էլ եղավ։ Հայաստանի նորընտիր վարչապետը բավականին ջերմ ընդունելության արժանացավ բոլոր գործընկերների կողմից, բայց ամենակարևորը, շատ արդյունավետ անցավ նրա և ՌԴ նախագահի հանդիպումը։ Ի դեպ, Պուտինն առաջինն իր գործընկերներից հանդիպեց հենց Փաշինյանի հետ։

Չնայած նրան, որ նախապես այս հանդիպումը ՌԴ նախագահի օգնական Ուշակովի կողմից որակվել էր որպես ծանուցողական, սակայն նշենք, որ Հայաստանի վարչապետի հետ ՌԴ առաջնորդը զրուցեց շատ ավելի երկար, քան իր մյուս բարձրաստիճան հյուրերի հետ։ Փոխադարձ հարգալից և կոռեկտ-պրոտոկոլային արտահայտությունների միջից ցանկանում եմ առանձնացնել երկու ղեկավարների կողմից հնչեցրած ամենակարևոր շեշտադրումները, որոնք, իմ անձնական կարծիքով, առաջին հերթին բխում էին իրենց պետությունների շահերից և որոնք նրանք ջանում էին հասցնել մեկմեկու։ Կարծում եմ՝ դա նրանց հաջողվեց։ Այսպես, Վլադիմիր Պուտինը ընդգծեց, որ «Մոսկվան կշարունակի ակտիվորեն աշխատել Երևանի հետ միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը միշտ նեցուկ են եղել իրար և ավարտելով մեր տարածաշրջանային կազմակերպություններով՝ ինչպես անվտանգության, այնպես էլ՝ տնտեսական զարգացման ոլորտներում»։ Ակնարկը շատ թափանցիկ է և մեկնաբանության կարիք չունի։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նա իր հերթին ոչ երկիմաստորեն ընդգծեց մեր երկրի առաջնահերթ հետաքրքրությունների շրջանակները՝ պաշտպանության ոլորտ և տուրիզմ։ Եթե ռուսաստանյան զենք - զինամթերքի շարունակական մատակարարման վերաբերյալ թեման գտնվում էր մակերեսին և ոչ մեկի համար անակնկալ չէր, ապա ռուսական տուրիստների՝ Հայաստան հոսքը ավելացնելու մտադրության վերաբերյալ մեր վարչապետի ակնարկը ինչ-որ տեղ անսպասելի էր և կարելի է դասել հաճելի անակնկալների շարքին։

Կարծում եմ, որոշ կարևոր քննարկումներ էլ տեղի ունեցան առանձնազրույցի փակ հատվածում, սակայն դատելով առաջնորդների ամփոփիչ ելույթներից, առաջին հանդիպումն անցավ շատ պոզիտիվ մթնոլորտում, և ըստ իս՝ կողմերը գոհ մնացին միմյանցից։

Եվ վերջինը։ Ճակատագիրն այնպես կամեցավ, որ երկու առաջնորդների համար էլ այս հանդիպումը դառնա առաջինը Փաշինյանի համար ընդհանրապես երկրի ղեկավարի քաղաքական կարիերայի ընթացքում, իսկ Պուտինի՝ վերընտրվելուց հետո կայացած երդմնակալության արարողությունից հետո։ Չեք կարծո՞ւմ, որ այստեղ խորհրդանիշ կա։ Այս պարագայում մնում է միայն զինվել լավատեսությամբ և բարի ընթացք ցանկանալ հայ-ռուսական նորացված հարաբերություններին։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ