Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը, երևի հոգեվարք է ապրում». 25 տարի Սահյանի հետ, բայց առանց Սահյանի

am
<<Hivand e dzer  khonarh ergich`e, erewi hogevark` e aprowm>>. 25 tari Sahyani het, bayts` arhants` Sahyani_78587

Կարծես Քարափներից դեպի հավերժություն անցնող մի յուրօրինակ ճանապարհ լինի Համո Սահյանի կյանքի ուղին, որը  շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի  շուրթերից հնչում են նրա աննման բանաստեղծություններն ու երգեր դարձած տողերը:

Արդեն ուղիղ 25 տարի է, ինչ բանաստեղծը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց մենք դեռ խոսում ենք իր բառերով, մնում ենք հայրենիքում իր տողերը կրկնելով՝ «ախր ես ինչպես վեր կենամ գնամ», նայում ենք բարդիներին և հիշում, թե ինչպես էր բանաստեղծը նմանեցնում նրանց «կանաչ խարույկի»:

Սահյանը բնության հիանալի «նկարիչ» էր, ում կտավներում վրձին դարձած գրիչը հստակ բնութագրում էր Լորը, բարդիները և վերջապես այն, ինչը ֆիզիկապես չի երևում, սակայն զգում ենք, այո՛, նա նկարում էր նաև սերը...

Միայն նա կարող էր ամպին այնքան անձնավորել, որ վերջինիս անհետանալը վերածվեր հոգին ավանդելու.

Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:

Համո Սահյանի տողերը ռեալիզմի, սինվոլիզմի և ռոմանտիզմի յուրօրինակ ներդաշնակություն էին: Նա կարողանում էր պարզ, հասարակ, անգամ գեղջկական բառերով սերը բնութագրել այնպես, որ բանաստեղծությունը ստանար խորը իմաստ և պարունակություն:

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում,
Երբ վազում էին ձեր գիժ հորթերը
Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում:

Հայրենական պատերազմի տարիներին Համո Սահյանի գրած գործերը մեծ կարոտի և հայրենասիրության վառ դրսևորում էին: Նա յուրօրինակ կերպով էր բնութագրում Կարպատները իր «Նամակ Ճակատից» բանաստեղծության հատկապես այս հատվածում.

Ժայռերն անհաս, անմատչելի բարձունքներից նայում եմ ցած,
Նրանք ձիեր են ինձ թվում արշավանքում արձանացած։

Անգամ իր կյանքի վերջին տարիներին բանաստեղծը չդադարեց գրել: Փոխվել էին իշխանությունները, դժվար տարիներ էին երկրում, նա այնքան էր մտահոգված իր ժողովրդի ճակատագրով, որ իր վերջին բանաստեղծություններում աղոթում էր, որ  իր մահը շտապեր:

Ահա նրա «Աղոթեմ» բանաստեղծությունը.

Ինձ համար ամեն ինչ կորած է,
Էլ ոչ ոք և ոչինչ ես չունեմ:
Ծամում եմ իմ բաժին չոր հացը,
Եվ քունս չի տանում, որ քնեմ:

-Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը,
Երևի հոգեւարք է ապրում:-
Ասում են.- Այդքանը դեռ քիչ է,
Արժանի պատիժը չի կրում:

Փոխվել են դերերն ու տեղերը,
Բայց նույնն է երախը վիշապի…
Սրա՞նք են այս երկրի տերերը,
Աղոթեմ, որ մահս շտապի…

 

Համո Սահյանը կյանքից հեռացավ 1993 թվականի հուլիսի 17–ին՝ թողնելով այնպիսի գրական ժառանգություն, որը չթողեց գրողին մահանալ:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ