Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

ԱՀԿ-ն անդրադարձել է մանկական ուռուցքաբանության և արյունաբանության հարցերին

am
AHK-n andradardzel e mankakan owrhowts`k`abanowt`yan ew aryownabanowt`yan harts`erin_58435

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրասիական տարածաշրջանի 11 երկրի համար Մոսկվայում կազմակերպել է մանկական ուռուցքաբանության և արյունաբանության հարցերին նվիրված խորհրդակցություն: Այն այդ ոլորտի փորձագետների առաջին միջազգային հանդիպումն էր, որն անցկացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի, Ռուսաստանի առողջապահության նախարարության և մանկական քաղցկեղի աշխարհի խոշորագույն 2 կենտրոնների` ԱՄՆ-ի «Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի» (Մեմֆիս), և Ռուսաստանի Դաշնության Դ.Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության հետազոտական կենտրոնի (Մոսկվա) հետ համագործակցությամբ:

 

Հայաստանից մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբան, արյունաբան, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Թամամյանը։

 

Խորհրդակցության հիմնական նպատակը մանկական ուռուցքաբանական-արյունաբանական ծառայությունում առկա իրավիճակի, հիվանդությունների տարածվածության, առանձին երկրների և տարածաշրջանի ցուցանիշների միտումների, կիրառվող կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի արդյունավետության և արդյունքային ցուցանիշների քննարկումներն էին, ինչպես նաև ոլորտում առկա լավագույն փորձի փոխանակումը:

 

Պլենար նիստերի ժամանակ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների մանկական քաղցկեղով զբաղվող առաջատար կառույցների մասնագետները հանդես են եկել ուսանելի զեկուցումներով։ Մասնակից երկրների ներկայացուցիչները, այդ թվում` Հայաստանը, ներկայացրել են իրենց երկրներում առկա իրավիճակը:

 

Առանձնակի կարևորվել են աշխատանքային խմբերում ընթացող մասնագիտական քննարկումները: Հիմնականում անդրադարձել են մանկական քաղցկեղի համաճարակաբանությանը, ազգային և տարածաշրջանային ռեգիստրների ստեղծման հնարավորությանը, ուղեցույցների և գործելակարգերի վերանայմանը, հիվանդ երեխաների բուժման և խնամքի, այդ թվում` վերականգնողական բուժօգնության և պալիատիվ խնամքի, ինչպես նաև մանկական ուռուցքաբանական ծառայության կազմակերպական հարցերին (ենթակառուցվածքներ, մարդկային ռեսուրսներ, ժամանակակից դեղեր):

 

Ամփոփիչ օրվա նիստը նվիրվել է Եվրասիական տարածաշրջանի երկրների հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունների քննարկմանը: Մասնավորապես, կարևորվել են մանկական քաղցկեղի համընդհանուր ռեգիստրի ստեղծման, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի նույնականացման, կազմակերպական ստանդարտների մշակման և կիրառման, ծառայությունների մատչելիության և որակի ապահովման հարցերը:

 

Ամփոփիչ ելույթներում համագործակցության կոչով հանդես են եկել «Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի» փոխնախագահ, պրոֆեսոր Կարլոս Ռոդրիգես-Գալինդոն և հյուընկալող կողմի` Դ.Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Ռումյանցևը:

 

Ամերիկյան կողմը ներկայացրել է իրենց կլինիկայի կողմից նախաձեռնած և շարունակական զարգացում ապրող Գլոբալ Ալյանսի (Հայաստանը ևս Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների կազմում այդ Ալյանսի մեջ է) առաջիկա պլանները: Հայտարարվել է, որ հաջորդ խորհրդաժողովը կկազմակերպվի Ալմաթայում։ Դրանք կլինեն հաջորդական` տարին 1-2 անգամ:

 

Խորհրդակցությանը երկրների մասնակցությունը ենթադրում է առաջիկայում մանկական ուռուցքաբանական ծառայության բարելավման ազգային ծրագրի մշակում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ