Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ադրբեջանը փորձության շեմին

am
Adrbejane p`ordzowt`yan shemin _101225

Հեղինակ՝ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Անցած երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ստորագրել է հրամանագիր, որով դադարեցվել է Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի գործողությունը:

 Փաստաթուղթը կողմերի նախագահների մակարդակով ստորագրվել էր 1997 թվականին եւ երաշխավորում էր  միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը:

Քսան տարի առաջ նախկին խորհրդային տարածքում ավելի բարեկամական, քան ռուս-ուկրաինական հարաբերություններն էին՝ չկային: Այսօր երկու սլավոնական երկրները չհայտարարված պատերազմի մեջ են: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Ղրիմի բռնակցման եւ երկրի արեւելքում անջատողականության հովանավորման մեջ: Ռուսաստանը, գոնե հրապարակային արտահայտությունների մակարդակում, չի ճանաչում կիեւյան իշխանությունների լեգիտիմությունը, համարում է, որ Ուկրաինայում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, եւ կառավարությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդի մի հատվածին:

  Ռուս-ուկրաինական հարաբերությունների ճգնաժամը ,,հնարավորինս կարճ ժամկետում կհաղթահարվի,,, կարծում են Ռուսաստանի ԱԳՆ-ում, բայց դիտարժան է, որ կատարվածի շուրջ քար լռություն է պահպանում Ադրբեջանը, որը Ուկրաինայի մասնակցությամբ ՎՈՒԱՄ կազմակերպության ֆորմալ անդամակցությունը դեռեւս պահպանում է: Իսկ դա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն գոնե դիվանագիտական պատշաճության համար պետք է ինչ-որ կերպ արձագանքեր ռուս-ուկրաինական հարաբերությունների խզմանը: Ադրբեջանը, մինչդեռ, գերադասում է լռել:

  Բաքուն չի կարող աջակցել Ուկրաինային, քանի որ մեծապես կախված է Ռուսաստանից: Չի կարող բացահայտ քննադատել նախագահ Պորոշենկոյին, դա կնշանակեր միջազգային ասպարեզում կորցնել դեմքը: Իրավիճակը կարելի էր ստանդարտ համարել, եթե չլիներ մի շատ էական հանգամանք. դիվանագիտական աղբյուրներից հայտնի է, որ արդեն մի քանի ամիս է՝ ընթանում են ադրբեջանա-ուկրաինական ակտիվ խորհրդատվություններ, որոնց նպատակը մինչեւ տարեվերջ Ուկրաինա Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի կազմակերպումն է:

   Օրերս Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, թե Կիեւում անհամբերությամբ են սպասում Իլհամ Ալիեւին: Նախանցյալ տարի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն այցելել էր Ադրբեջան, կողմերի միջեւ ստորագրվել էին մի քան համաձայնագրեր: Այդ շարքում առանձնապես կարեւոր էր դիտվում Ուկրաինային ադրբեջանական նավթի մատակարարման մասին հուշագիրը: Դա բավական հավակնոտ նախագիծ է, որը ենթադրում է Սեւ ծովի վրացական նավահանգիստներից ադրբեջանական նավթի լցանավային առաքում մինչեւ Օդեսա, իսկ այնտեղից արդեն նավթամուղով՝ մինչեւ ուկրաինական նավթավերամշակման գործարաններ:

   Ըստ տեղեկությունների, ուկրաինական կողմն արդեն շահագործման է նախապատրաստում Օդեսա-Բրոդի նավթամուղը: Ըստ երեւույթին, Կիեւում ակնկալում են, որ Իլհամ Ալիեւի այցը ժամանակ հնարավոր կլինի այդ հարցում վերջնական պարզություն մտցնել: Խնդիրն այն է՝ կարո՞ղ է Ուկրաինան հուսալ, որ Ադրբեջանը կբավարարի նավթի իր կարիքները: Եթե այդ նախագծն իրականություն դառնա, ապա Ուկրաինան որոշ չափով կթոթափի ռուսական նավթից կախվածությունը, իսկ դա, բնականբար, քաղաքական անկախության լրացուցիչ լծակ կարող է դառնալ ռուս-ուկրաինական հետագա հարաբերություններում:

   Քանի դեռ Ռուսաստանը եւ Ուկրաինան ֆորմալ առումով պահպանում էին հավատարմությունը բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրին, Ուկրաինայի հետ հարաբերություններում Ադրբեջանը մանեւրի տեղ ուներ: Անցած երկուշաբթի նախագահ Պորոշենկոն այնպիսի որոշում է ընդունել, որը ՎՈՒԱՄ կազմակերպության ուկրաինական գործընկերներին եւ հատկապես՝ Ադրբեջանին, կանգնեցում է դժվար փորձության շեմին: Կկայանա՞ Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցը Կիեւ, երկկողմ շփումները կարդյունավորվե՞ն ռազմավարական համագործակցության մասին համաձայնություններով՝ ինչպես որ անոնսավորվել է: Ադրբեջանի այսօրվա լռությունը հուշում է, որ Բաքվում, շատ հավանական է, ինչ-որ առիթ են փնտրելու, որպեսզի Իլհամ Ալիեւը չայցելի Կիեւ: Իսկ եթե դա այնուամենայնիվ տեղի ունենա, ապա կլինի զուտ արարողակարգային: Ռուս-ադրբեջանական ռազմավարական մերձեցման ուղղությամբ երկկողմ քայլերի համատեքստում դժվար է պատկերացնել, որ Բաքուն կհամարձակվի դեմ գնալ Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերին եւ կհամերաշխվի Կիեւի հետ:

  Ադրբեջանում գերիշխող տեսակետ է, որ ցանկացած հակառուսական քայլ հղի է Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները վերջնականապես կորցնելու սպառնալիքով: Իսկ գնալ նման փորձության, ինչպես վարվեցին Վրաստանը եւ Ուկրաինան եւ դրա դիմաց վերջնականապես հաղթահարել Ռուսաստանից կախվածությունը, Ադրբեջանում պատրաստ չեն: Բայց մինչեւ ե՞րբ: Ահա հարցերի հարցը, որ մի օր, անկասկած, կանգնելու է ադրբեջանական էլիտայի առջեւ:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ