Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդա՞մ

am
Adrbejane ts`ankanowm e darhnal HAPK anda?m_87699

Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամից, փորձում են հնարավորինս օգուտ քաղել դրանից: Այս մասին նշում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նկատելով, որ ալիևյան ԶԼՄ-ները և ապշերոնյան բռնապետի աշխատակազմի կողմից վերահսկվող քաղաքական գործիչները սկսել են «Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ» օպերացիան: 

«Բաքվում մոռացության են տալիս այն, թե ինչպես էին որոշ ժամանակ առաջ ՀԱՊԿ-ն քամահրական անվանում «Պուտինյան ՆԱՏՕ» և բացահայտում այդ կազմակերպության սնանկությունը: Այսպես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Իրավական հարցերի և պետական շինարարության» հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին ալիևյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչ օգուտներ կարող է ունենալ Բաքուն, եթե դառնա ՀԱՊԿ անդամ: ՀԱՊԿ անդամ դառնալու Հուսեյնլիի գլխավոր թեզիսներն են՝ «Պուտինյան ՆԱՏՕ-ի» անդամ դառնալով` Բաքուն կկարողանա հետ վերադարձնել, այսպես կոչված, օկուպացված տարածքները և նախնական համաձայն է հետ ստանալ Ջաբրայիլը, Ֆիզուլին և Զանգելանը և էժան գնով զենք կգնի Մոսկվայից: Այսինքն` Հուսեյնլիի շուրթերով Իլհամ Ալիևը Մոսկվային հասկացնում է, թե ինչի դիմաց է Ադրբեջանը պատրաստ դառնալ ՀԱՊԿ անդամ»,- ընդգծել է քաղաքագետը:

Նա նաև նշել է, որ Բաքվում նաև չեն վարանում հիշեցնել, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն ավելի շատ Ադրբեջանի ընկերներն են, քան Հայաստանի: «Ադրբեջանում բավական լավ նախապատրաստվել են «Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ» օպերացիային, որի վերաբերյալ օգոստոսի 10-ին բանակցել են Տաջիկստանի նախագահ Ռախմոնը և Ալիևը Բաքվում, իսկ դրանից մի քանի օր անց էլ՝ օգոստոսի 12-ին Ակտաուում «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայի ստորագրման շրջանակներում Ալիևը հանդիպեց նաև ՌԴ նախագահ Պուտինի և Ղազախստանի առաջնորդ Նազարբաևի հետ:

Իշխանափոխությունը Հայաստանում և ՌԴ վերնախավի անվստահությունը Փաշինյանի նկատմամբ հույսեր են արթնացրել Ալիևի մոտ, որ Բաքուն կարող է խաղալով ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող անհամաձայնությունների վրա` մաքսիման օգուտ ստանալ դրանից: 

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ այս ամենը նաև պայմանավորված է Անկարա-Վաշինգնտոն հարաբերություններում գոյություն ունեցող խորը հակասությունների հետ: Բաքում և Անկարան համաձայնեցված են գործում միջազգային ասպարեզում: Օրեր առաջ Թուրքիայի նախագահը բացահայտ սպառնաց Վաշինգտոնին, որ Անկարան նոր գործընկերներ կգտնի իր համար: Իսկ այդ գործընկերոջ «փնտրտուքը» Անկարան սկսեց Բաքվից՝ վերջինիս շուրթերով սպառնալով Վաշինգտոնին, որ դեմ չէ դառնալ ՀԱՊԿ անդամ»,- գրել է քաղաքագետը: 

Ըստ նրա՝ իրավիճակն ամբողջությանմբ հիշեցնում է 20-րդ դարի սկիզբը, երբ «իզգոյ» և միջազգային հանրության կողմից չճանաչված Խորհրդային Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, սերտ համագործակցելով իրար հետ, պատուհաս դարձան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար: Հենց այդ ժամանակ էր, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, խաբելով Լենինին, որ պատրաստ է Թուրքիան հռչակել սոցիալիստական երկիր և կոմունիստական գաղափարախոսությունը տարածել Մերձավոր Արևելքում, ստացավ ահռելի ֆինանսական և ռազմական օգնություն, որն ուղղեց ոչ թե Լենինին խոստացված ծրագիրն իրականացնելուն, այլ հայերին, քրդերին, ասորիներին, հույներին և արաբներին ոչնչացնելու վաղեմի ծրագիրն իրականացնելուն: «Ստորագրվեցին հայերի համար կործանարար Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Մուսթաֆա Քեմալին նաև հաջողվեց իր հարավկովկասյան կրկնակի համար Լենինից կորզել մեծ օգուտներ: Ադրբեջանին միացվեցին Արցախը և Նախիջևանը: Երբ Թուրքիան ստացավ Ռուսաստանից այն ամենը ինչ ծրագրել էր, շատ արագ նետվեց Արևմուտքի գիրկը:

Պատմությունը, ցավոք, սիրում է կրկնվել... 21-րդ դարի սկզբին պուտինյան Ռուսաստանը և էրդողանյան Թուրքիան գրեթե նույն «իզգոյներն» են և կրկին սերտ համագործակցում են միմյանց հետ, ինչպես 20-րդ դարի սկզբին: Սակայն այժմ խաղի մեջ է մտել նաև Մոսկվայի և Անկարայի ապօրինի ծնունդ Ադրբեջանը, որն ավելի մոտ գտնվելով ծնողներից մեկի՝ Թուրքիայի հետ, տանդեմով է գործում վերջինիս հետ: Անկարան և Բաքուն մեր թիկունքում աճուրդի են հանել Ադրբեջանի ՀԱՊԿ դառնալու հարցը և այն արդեն բարձրաձայնում են»,- նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ «Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ» օպերացիան շինծու է, քանի որ. 

1-ին. Բաքվում շատ լավ գիտեն, որ Հայաստանը դեմ կլինի Ադրբեջանի անդամակցությանը այդ կառույցին, 
2-րդ. Ադրբեջանը հենց ինքը չի ցանկանում դառնալ ՀԱՊԿ անդամ: 

«Բաքվում առաջնորդվում են՝ «փորձը փորձանք չէ» կարգախոսով... Եթե 20-րդ դարի սկզբին Աթաթուրքին հաջողվեց խաբել ռուսներին, ապա ինչն է խանգարում Ալիևին 21-րդ դարի սկզբին ևս փորձել խաբել ռուսներին»,- հավելել է Գագիկ Համբարյանը: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ