Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ադրբեջանում՝ ԼՂ հարցում, շարունակում են կառուցել իրենց օդային ամրոցները

am en ru
Adrbejanowm, LGh harts`owm, sharownakowm en karhowts`el irents` odayin amrots`nere_85335

  Հեղինակ՝ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ըստ երեւույթին, Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վաղուց այլեւս իրենց ներքին գործը չէ եւ շարունակում են կառուցել իրենց օդային ամրոցները:

 

  Այդ երկրի արտաքին գործերի նախարար Մամեդյարովն, օրինակ, հույս ունի, որ Հայաստանի գործընկերոջ հետ սկսված «սուբստանտիվ երկխոսությունը կբերի իրական արդյունքների, կսկսվի ադրբեջանական տարածքների դեօկուպացիան, իրենց հարազատ բնակավայրերը կվերադառնան փախստականները եւ բռնությամբ տեղահանվածները, որով եւ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն»:

    Ակնհայտ է, որ Մամեդյարովի այս հայտարարության հասցեատերը ներքին լսարանն է: Իրականում ԼՂ կարգավորման բանակցություններն ընթանում են այլ տրամաբանությամբ: Տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հեռանկարը կապված է ոչ թե միակողմանի, այլ՝ համալիր լուծումների հետ, երբ հնարավոր կլինի բավարարել հակամարտության բոլոր կողմերի շահերը:

   Հայկական կողմը հստակ ձեւակերպել է, որ առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության լուծում չի կարող լինել: Օրերս այս կապակցությամբ տեսակետ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն Ադրբեջանի համար անընդունելի է համարել: Այլ բան Իլհամ Ալիեւից սպասել չէր կարելի: Ադրբեջանում հնարել են քաղաքական մի «տեսություն», ըստ որի «հարավկովկասյան երկու հանրապետությունների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի, միջեւ հակամարտությունը սկիզբ է առել 1988թվականին՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների տեսքով»:

    Խնդիրն, այսպիսով, նենգափոխվում է, եւ հետագա իրադարձությունները ներկայացվում են այնպես, որ «Հայաստանը դիմել է ռազմական ագրեսիայի, օկուպացրել ադրբեջանական տարածքներ եւ ձգտում է դրանք անեքսիայի ենթարկել»:

   Նման մոտեցումը վկայում է, որ Ադրբեջանը հետեւողականորեն խուսափում է հիմնախնդրի բուն էության՝ Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի, քննարկումից: Հարցը պարզ է՝ եթե բանակցությունների առանցքում դրվում է ԼՂ կարգավիճակի հարցը, ապա Ադրբեջանը հայտնվում է անհարմար վիճակում, որովհետեւ ստիպված է պատասխանել՝ ընդունում եւ հարգու՞մ է ԼՂ ինքնորոշման իրավունքը, թե՞ ոչ: Ադրբեջանի սահմանադրությամբ այդ երկիրը մերժում է ինքնորոշման իրավունքը: Սահմանադրությամբ Ադրբեջանը հռչակված է ունիտար երկիր: Ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի խնդիրն Ադրբեջանի ներպետական իրավական դաշտում չի կարող ստանալ լուծում: Պաշտոնական Բաքվի պահվածքի բուն շարժառիթը դա է, այն անցած տասնամյակներին որեւէ փոփոխության չի ենթարկվել: Միջազգային միջնորդությունն, այնինչ, մշակել է կարգավորման հայեցակարգ, ըստ որի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի նրա բնակչության կամարտահայտությամբ, որը կունենա իրավական պարտադիր ուժ: Ադրբեջանը համառորեն խուսափում է այդ ուղղությամբ քննարկումներից՝ առաջնային տեսնելով հակամարտության հետեւանքների հաղթահարումը: Հայկական կողմի արձագանքը հստակ է՝ Ադրբեջանին հետաքրքրող հարցերը չեն քննարկվի, մինչեւ Բաքվից ազդակներ չլինեն, որ այնտեղ պատրաստ են ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ չհրաժարվեն միլիտարիստական հռետորաբանությունից:

   Իլհամ Ալիեւի վարչախումբը նման մտադրություններ չի դրսեւորում: Ադրբեջանում պատերազմը շարունակում են դիտարկել իբրեւ խնդրի կարգավորման գործիքակազմ: Այդ մոտեցումը հեռացնում է կարգավորումը:

   Ստեղծված իրավիճակում հայկական կողմը բոլոր հիմքերն ունի, որպեսզի ձեռնամուխ լինի Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացին:

Սեպտեմբերին սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպում: Փորձագիտական շրջանակներում տպավորություն կա, թե մինչեւ տարեվերջ հնարավոր է հայ-ադրբեջանական գագաթնաժողովի կազմակերպումը: Ադրբեջանում, կարծես, սպասողական իրավիճակ է տիրում: Բաքվի փորձագիտական շրջանակները չեն թաքցնում, որ ակնկալիքներ ունեն հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ:

   Ադրբեջանում՝ ինչպես Ադրբեջանում. հակառակորդ կողմն սպասում է իրավիճակի այնպիսի փոփոխության, երբ երրորդ կողմից կստանա ցանկալի աջակցություն՝ միակողմանիորեն լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Դրան հասնելու համար Բաքուն ոչ միայն քարոզչական, այլեւ, ըստ երեւույթին, կոնկրետ դիվանագիտական քայլեր էլ է ձեռնարկում:

  Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերը, հասարակությունը հստակ դիրքորոշում են արտահայտել՝ միակողմանի զիջումներ չեն լինելու:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ