Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Անդրադարձ Economist Intelligence Unit կենտրոնի իրականացրած ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ վերլուծությանը… և ոչ միայն

am ru
Andradardz  Economist Intelligence Unit kentroni irakanats`rats HH-EM hamadzaynagri veraberyal verlowtsowt`yane... ew och` miayn_38715

Օրերս միջազգային բիզնեսի և համաշխարհային կարևորագույն իրադարձությունների ոլորտում հետազոտություններ իրականացնող բրիտանական հանրահայտ Economist Intelligence Unit (EIU) վերլուծական կենտրոնը մի հետաքրքիր անդրադարձ էր կատարել 2017թ. նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Այսօրվա մեկնաբանությունս ցանկանում եմ իրականացնել՝ զուգահեռներ անցկացնելով այդ անդրադարձում բերված հիմնական դրույթների հետ:

Վերլուծությունը համեմված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ համաձայնագրի վերաբերյալ տրված մեկնաբանություններից մեջբերումներով և ընդհանուր առմամբ կրում է նման հեղինակավոր անալիտիկ ռեսուրսին համապատասխան օբյեկտիվ բնույթ:

Նշելով, որ ՀՀ Կառավարության կողմից դեկտեմբերի 28-ին հավանության արժանացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (CEPA), անգլիացի վերլուծաբաններն առաջին հերթին ընդգծում են, որ այն հանդիսանում է ԵՄ-ՀՀ Ասոցացման համաձայնագրի նվազ հեռանկարային տարբերակը՝ հիշեցնելով, որ փաստաթղթի նախորդ տարբերակը գրեթե ամբողջությամբ անցել էր փորձագիտական փուլերը և դեռևս 2013 թ. պատրաստ էր ստորագրման և միայն նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը՝ միանալ ԵԱՏՄ-ին (ի դեպ, EIU-ի կարծիքով այն ռուսական առևտրային բլոկի մասն է հանդիսանում), համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտ հանդիսացավ: Թերևս այստեղ կարելի է մի փոքր բանավիճել «անսպասելի» եզրույթի շուրջ. լուրջ վերլուծաբանները դեռ 2013-ին կասկածներ էին հայտնում, թե նշված տեսքով փասթաթուղթը կստորագրվի:

Ինչևէ: Անդրադառնալով ավելի քան 350 էջ պարունակող Համաձայնագրի տնտեսական հատվածին՝ վերլուծաբանները նշում են, որ դրանք որքան ծավալուն են, այնքան էլ կոնկրետ և միտված են Հայաստանի աստիճանական մերձեցմանը Եվրամիության տնտեսական և ֆինանսական կանոնակարգերին և քաղաքականությանը՝ ընդգրկելով բիզնես ոլորտը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, շրջակա միջավայրը, էներգետիկան, սպառողների պաշտպանությունը և այլն: Կարևոր դեր է հատկացվում նաև սեփականության իրավունքների և արտոնագրերի փոխադարձ ճանաչման հարցերի իրավական կարգավորմանը: Ընդգծելով, որ ազատ առևտրի ռեժիմին վերաբերյալ դրույթը համաձայնագրի տեքստից հանվեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու պատճառով, սակայն, մի կողմ դնելով սակագների հետ կապված խոչընդոտները, բավական կդյուրինացվեն տեխնիկական կանոնակարգերին և ապրանքների պիտակավորմանը վերաբերող գործընթացները: Այնուհետ անգլիացի վերլուծաբաններն անդրադառնում են դեսպան Սվիտալսկու մեկ այլ կարծիքին, որ չնայած վերնոնշյալ հանգամանքին, Հայաստանը շարունակում է օգտվել ԵՄ-ի կողմից տրամադրվող միակողմանի սակագնային լայն արտոնություններից GSP+ ռեժիմի շրջանակներում, ինչը, սակայն, թողնում է նվազագույն ազդեցություն:

Մեր կողմից ավելացնենք, որ պարոն Սվիտալսկին Համաձայնագրի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ ափսոսանքով նշել էր, որ Ասոցացման համաձայնագիրը նպատակ ուներ բարձրացնել երկու կողմերի տնտեսություններում առևտրի և ներդրումների արդյունավետությունը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի աստիճանական ինտեգրմանը ԵՄ-ի 500 միլիոնանոց շուկային: Գաղափարն, իրոք լավն էր, իսկ ինչ վերաբերում է դրա իրականացմանը… կարծում եմ՝ շատ ավելի իրատեսական էր մեր իշխանությունների մոտեցումը, որով առաջնահերթությունը տրվեց մեր համար շատ ավելի մրցունակ ԵԱՏՄ շուկային:

Կարևոր եմ համարում նաև հարգարժան դեսպանի այն միտքը, որ ի տարբերություն մյուս հատվածների, Համաձայնագրի քաղաքական մասը, որը վերաբերում է անվտանգության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման ոլորտներին, շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել՝ նախորդ տարբերակի համեմատ: Սա նշանակում է, որ Հայաստանի՝ եվրոպական արժեհամակարգում ինտեգրումն այլընտրանք չունի և չի կարող պայմանավորվել ինչ-ինչ տնտեսական կամ քաղաքական հանգամանքներով:

Եվ այնուամենայնիվ, ի՞նչ տվեց մեր երկրին այս երկար սպասված Համաձայնագրի ստորագրումը: Ինչպիսի՞ դիվիդենդներ կարող է քաղել Հայաստանը, եթե կարողանա իրականացնել նուրբ և հավասարակշռված քաղաքականություն Եվրամիության և Ռուսաստանի միջև: Միանշանակ՝ շատ լուրջ: Եկեք չմոռանանք, որ երկար ժամանակ գտնվելով տնտեսական պատժամիջոցների ներգործության տակ, այսօր Ռուսաստանը կարիք ունի վստահելի գործընկերոջ միջոցով մեղմելու իրավիճակը արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում: Մյուս կողմից, կարծեք թե ինքն՝ Արևմուտքը սկսեց համոզվել, որ պատժամիջոցների ճանապարհը տանում է փակուղի՝ ծանր հարվածներ հասցնելով նաև եվրոպական պետությունների տնտեսություններին: Բավական է վերհիշել այս առումով վերջին շրջանում գերմանական, ֆրանսիական, մերձբալթյան որոշ քաղաքական գործիչների կողմից ավելի ու ավելի ակտիվ հնչեցվող ակնարկները: Այս ամենը բավականին բարենպաստ դիվանագիտական դաշտ է ստեղծում Հայաստանի համար՝ ենթադրելով, որ փոխադարձ կարծր դիրքորոշում որդեգրած կողմերը որոշակի ոչ պաշտոնական քարտ-բլանշ կտրամադրեն մեր երկրին՝ հաշտեցման կամուրջներ կառուցելու և սեփական քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծմանը նպաստելու գործում: Սպասենք 2018 թվականի զարգացումներին:

Գոռ Արմենյան

Գոռ Արմենյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ