Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Անկարան Երևանին պատասխանում է Բաքվից

am
Ankaran Erewanin pataskhanowm e Bak`vits`_100397

 Հեղինակ՝ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1974-ին ընդունված որոշմամբ՝ մի երկրի կողմից զինուժի միջոցով մեկ այլ երկրի դեմ իրականացվող շրջափակման գործողությունը համարվում է ագրեսիայի ակտ՝ անկախ այն բանից այդ երկրների միջև հայտարարվա՞ծ է պատերազմ, թե՞ ոչ: Թուրքիան 25 տարի ագրեսիայի ակտ է իրականացնում Հայաստանի դեմ՝ միակողմանի փակելով հայ-թուրքական միջպետական սահմանը: Երկու տարի էլ փակ է պահել օդային սահմանը: Միջազգային ճնշումների արդյունքում միայն վերսկսվեց օդային հաղորդակցությունը Երևանի ու Ստամբուլի միջև 1995-ին:

Հայաստանի դեմ իր ցամաքային ու օդային ագրեսիան Թուրքիան պատճառաբանում և պայմանավորում է ադրբեջանական գործոնով, ավելի ստույգ՝ ղարաբաղյան հիմնահարցով: Անկարան պաշտոնական Երևանի հետ հարաբերություններում այդ թեման վաղուց արդեն դարձրել է խաղարկան և շահարկման առարկա: Եվ մինչև օրս ոչինչ չի փոխվել Թուրքիայի արտաքին քաղաքական այդ կուրսում:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին Բաքվում շատ բաց տեքստով ու տարիների հնության նույն տեքստով պարզորոշ հայտարարեց.

«Ադրբեջանի ցավն ու խնդիրը մեր խնդիրն է: Եթե Ադրբեջանը լաց է լինում, մենք էլ ենք լաց լինում: Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ամենամեծ հոգսն է, և մեզ համար էլ է նույնքան ցավոտԻզուր կլինի ակնկալել, թե մեր կողմից սահմանները կբացվեն, քանի դեռ մեր եղբայրական ժողովրդի տարածքների 20 %-ը բռնազավթված է նրանց կողմից: Իհարկե, մենք մեր բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ենք ուզում հաստատել: Բայց Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար այն պայմանն է, առանց որի չի լինի: Սա պետք է նրանք իմանան»:

Կարծում ենք՝ սա պիտի համարել Թուրքիայի կառավարության պատասխանը Հայաստանի նոր իշխանությունների՝ առանց նախապայմանների սահմանը բացելու կոչերին: Ընդ որում, Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում  վերջնական է: Այսինքն, Անկարան՝ ի պատասխան Երևանի կառուցողական կոչերին, արձագանքել է ըստ էության վերջնագրի տեսքով: Հատկանշական է նաև վայրը, որ հենց Բաքվից է Էրդողանը գերադասել պատասխանել հայ-թուրքական սահմանի բացման հայկական պատրաստակամությանը:

Մինչ Հայաստանի իշխանությունների պահպանում են լռություն, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը վերահաստատել է Էրդողանի խոսքերը, որ առանց ղարաբաղյան խնդրի լուծման, Հայաստանի հետ սահմանը չի բացվելու: Ուշադրություն դարձրեք՝ հայտարարությունը կրկին արվում է Բաքվից:

«Քանի դեռ ես եմ մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, հայ-թուրքական արձանագրությունները հանձնաժողովի օրակարգում չեն ու չեն էլ լինելու»,- ասել է Բոզքըրքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ դեռևս 2 ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետերբուրգյան հանդիպմներում և արաբական «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր. «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի»:

Այն, որ Հայաստանի նոր իշխանությունները հայ-թուրքական հարցում դիրքավորվեցին նույն կերպ, ինչ կերպ եղել էր նախորդ իշխանությունների ժամանակ, արդեն պարզ էր Փաշինյանի հայտարարությունից: Բայց ցավալին այն է, որ Էրդողանի ու Բոզքըրի կոշտ հայտարարությունները պիտի հասկացնել տային, որ Հայաստանի հին ու նոր իշխանությունների կարգախոսն ու քաղաքական կուրսը կեսունակ չեն: Ցավալին այն է, որ մեզանում զարմանալիորեն հաշվի չեն առնվում անցյալի ձախողված փորձերն ու աղաղակող փաստերը, որ տարիներ շարունակ առանց նախապայմանների մեր պատրաստակամությունը միշտ բախվել է թուրքերի՝ պայմաններ թելադրելու համառությանը:

Վարչապետ Փաշինյանի այն դիտարկմանը, թե իրականում Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը և որոշումը պետք է Թուրքիան կայացնի, Էրդողանը շատ հստակ պատասխանել է, որ առաջին քայլը պետք են անեն հայերը և իզուր թող չսպասեն սահմանի բացմանը: Չմոռանանք, որ Էրդողանն այդ ընթացքում հասցրել է նաև հայերին անվանել «զավթիչներ»:

Անգամ ամենավառ երևակայության դեպքում գրեթե անհնար է պատկերացնել, որ «առանց նախապայմանների» մեր պատրաստակամությունը որևէ քաղաքական կամ դիվանագիտական արժեք ունեցող միավոր է: Բայց զարմանալիորեն դեռ շարունակվում է շրջանառվել Հայաստանի արտաքին քաղաքականությունում: Բացի այն, որ դա 25 տարի շարունակ չի տվել ոչ մի շոշափելի ու տեսանելի արդյունք, դեռ մի բան էլ մոտիվացնում է թուրքական իշխանություններին Հայաստանի հետ խոսել սպառնալիքներով ու վարկաբեկիչ ձևակերպումներով:

Հարկ ենք համարում, որ Էրդողանի և Բոզքըրի հասցեական այդ հայտարարությունները հանկարծ պաշտոնական Երևանի կողմից անհասցե լռության չմատնվեն: Ի վերջո, դիվանագիտությունը պահանջում է ունենալ ոչ միայն հաշվենկատություն, այլ նաև՝ արժանապատվություն:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ