Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում Էրդողանը էլ ավելի կկոշտացնի իր արտաքին ու ներքին քաղաքականությունը. Թուրքագետ

am
Artahert` entrowt`yownnerowm haght`elow depk`owm Erdoghane el aveli kkoshtats`ni ir artak`in ow nerk`in k`aghak`akanowt`yowne. T`owrk`aget_55983

«Հայ ձայն»-ի զրուցակիցն է թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը

1. Ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայում հենց այս ժամանակահատվածում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին բարձրաձայնելը, և ինչու՞ է դրա մասին խոսել ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:

Սա շատ հարմար պահ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, քանի որ վերջին շրջանում նրա վարկանիշը աճել է՝ կապված երկու հիմնական գործոնի հետ։ Խոսքը Աֆրինում (Սիրիա) Էրդողանի փոքրիկ հաղթական պատերազմի («Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություն) և Թուրքիայի տնտեսական վերելքի մասին է. 2017թ. Թուրքիան գրանցել է 7.4%-անոց տնտեսական աճ, ինչը գերազանցում է G20-ի ու ԵՄ-ի անդամ երկրների միջին ցուցանիշները։ Բնականաբար, Էրդողանը ցանկանում էր հանկարծակիի բերել ընդդիմությանը՝ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները նշանակելով ընդամենը երկու ամիս անց, որպեսզի ընդդիմադիր ուժերը չհասցնեն ինչպես որ հարկն է պատրաստվել այդ կարևորագույն ընտրություններին, որոնցից հետո պետք է ուժի մեջ մտնեն սահմանադրական բարեփոխումները և Թուրքիան կդառնա նախագահական կառավարման համակարգով պետություն (Թուրքիայի նախագահը կստանա աննախադեպ լայն լիազորություններ)։ Ինչ վերաբերում է Բահչելիի պահվածքին, ապա այստեղ կարող եմ նշել երկու հիմնական գործոն։ Նախևառաջ ժամանակն աշխատում էր Բահչելիի դեմ. վերջին շրջանում գրեթե 20.000 մարդ է լքել նրա կուսակցության շարքերը՝ համալրելով Մերալ Աքշեների հիմնած «Լավ» կուսակցության շարքերը, և այդ համատեքստում Բահչելիին ձեռնտու է արտահերթ ընտրությունների անցկացումը։ Նա գիտակցում է, որ եթե իր կուսակցությունն ընտրական դաշինք չձևավորեր իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ, ապա առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չէր կարողանա հաղթահարել 10%-անոց ընտրաշեմն ու հայտնվել խորհրդարանում։ Երկրորդ գործոնն այն է, որ Բահչելին քաջատեղյակ էր, որ Էրդողանը նույնպես շտապում է արտահերթ ընտրությունների հարցում, որ նրան նույնպես ձեռնտու չէ ԱՇԿ-ի թուլանալը, ուստի և իմ կարծիքով՝ երկու գործիչների միջև ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը բխի հենց Բահչելիից և ոչ թե Էրդողանից։

2. Արդյո՞ք արտահերթ ընտրությունների անցկացման գլխավոր կամ գուցե միակ պատճառը նախագահ Էրդողանի բարձրացած վարկանիշն է:

Բնականաբար, Էրդողանի բարձրացած վարկանիշը զգալի դեր է խաղում արտահերթ ընտրություններ նշանակելու հարցում, սակայն այն միակ գործոնը չէ։ Արդեն նշվեց նաև այն գործոնի մասին, որ Էրդողանը ցանկանում էր ընդդիմությանը կանգնեցնել փաստի առջև, չտալ պատրաստվելու ժամանակ։ Հավելեմ, որ եթե չնշանակվեին արտահերթ ընտրություններ, ապա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները պետք է անցկացվեցին 2019թ. նոյեմբերի 3-ին (ԱԶԿ-ն իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով), իսկ դա նշանակում է, որ այդ ընտրությունները պետք է հաջորդեին ՏԻՄ ընտրություններին, որոնք էլ նշանակված են 2019թ. մարտի վերջին։ Անցյալի փորձը ցույց է տալիս, որ Էրդողանի կուսակցությունը՝ ԱԶԿ-ը, ՏԻՄ ընտրություններում (հատկապես քրդաբնակ նահանգներում) շատ ավելի քիչ քվեներ է ստանում, քան ասենք խորհրդարանական ընտրություններում։ Իմ կարծիքով՝ Էրդողանը պարզապես չէր ցանկանում, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքները բացասաբար ազդեին իր կուսակցության վարկանիշի վրա և արտահերթ ընտրություններ նշանակելով՝ հասավ նրան, որ ՏԻՄ ընտրություններն արդեն ոչ թե նախորդելու, այլ հաջորդելու են նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ Եվ վերջապես նշենք նաև, որ այս օրերին Թուրքիայի խորհրդարանը 6-րդ անգամ (ընդհանուր՝ 7) որոշում կայացրեց արտակարգ դրության ռեժիմը 3 ամսով երկարաձգելու մասին, ինչը նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անցկացվելու են արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։ Ի դեպ, 2017թ. ապրիլի 16-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նույնպես անցկացվել էր արտակարգ դրության ռեժիմի պայմաններում՝ չնայած նրան, որ դրանից ամիսներ առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել էր, որ հանրաքվեից առաջ կվերացվի արտակարգ դրության ռեժիմը՝ ավելորդ խոսակցություններից զերծ մնալու համար։

3. Ընտրությունների ընթացքում բացի Բահչելիից քաղաքական ո՞ր ուժը կկանգնի Էրդողանի կողքին:

ԱԶԿ-ի հետ ԱՇԿ-ի նախընտրական դաշինք ձևավորելու դրդապատճառների մասին արդեն խոսեցի։ Չեմ կարծում, թե դաշտում մնացել է որևէ այլ նշանակալից ուժ, որը կցանկանար սատարել Էրդողանին։ ԱԶԿ-ԱՇԿ դաշինքը ցույց է տալիս, որ այդ կուսակցություններն այսօր իրենց քաղաքական հայացքներով զգալի մերձեցել են միմյանց և կարող են անգամ վիճարկել, թե միմյանցից որն է ամենաազգայնամոլական ուժը Թուրքիայում (2015թ. ամռանը PKK-ի դեմ ռազմական գործողությունների վերսկսումից հետո թուրքական մամուլը գրել էր, որ ԱՇԿ-ը միայն քննադատում է (քրդերին), իսկ ԱԶԿ-ը՝ հարվածում)։ Հատկանշական է, որ Բահչելին առաջարկում էր արտահերթ ընտրություններն անցկացնել օգոստոսի 26-ին՝ այսինքն արտակարգ դրության ռեժիմի եռամսյա ժամկետից դուրս (դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ անգամ), ինչպես նաև 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի երկամյակից հետո (շատերը կարծում էին, թե Էրդողանն արտահերթ ընտրությունները կնշանակի հենց հուլիսի 15-ին՝ կիրակի)։ Բահչելին ընդգծել է, որ օգոստոսի 26-ին Թուրքիայում նշելու են Մանազկերտի ճակատամարտում (1071թ.) տարած հաղթանակի 947-ամյակը, դրա համար էլ առաջարկել է ընտրություններն անցկացնել այդ օրը։ Նշեմ, որ 2017թ. այդ օրը Թուրքիայում առաջին անգամ պետական մակարդակով նշվել է Մանազկերտի ճակատամարտի 946-ամյակը, միջոցառմանը մասնակցել է նաև Էրդողանը, Մանազկերտի հովիտն էլ վերածվել է ազգային պարկի։ Սա խոսում է Բահչելիի հետ Էրդողանի հայացքների համընկնելու մասին, որն իր երկրին՝ հետագա սերունդներին պատրաստում է նաև 2071թ-ին (Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակ), և պատահական չէր, որ Էրդողանը վերջերս ցույց տվեց «գորշ գայլերի» հայտնի ժեստը։

4. Ի՞նչ եք կարծում, նախագահի պաշտոնում այլ թեկնածուներ կառաջադրվեն, օրինակ Աբդուլլահ Գյուլը:

Ավելի վաղ Մերալ Աքշեները հայտարարել էր նախագահի թեկնածու դառնալու իր մտադրության մասին, Դևլեթ Բահչելին էլ հայտարարել էր, որ աջակցելու է Էրդողանի թեկնածությանը։ Բնականաբար, իր թեկնածուին կառաջադրի հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ)՝ լինի դա նրա ներկայիս կամ նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կամ Դենիզ Բայքալը, կամ էլ մեկ այլ ոք։ Կիսաջախջախված վիճակում գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը նույնպես կարող է թեկնածու առաջադրել, սակայն բնականաբար նրա հաղթելու շանսերը կլինեն զրոյական։ Ինչ վերաբերում է Աբդուլլահ Գյուլին, ավելի վաղ ես կարծիք եմ հայտնել, որ միայն նա է ընդունակ ձեռնոց նետել Էրդողանին և միավորել ընդդիմությանը։ Գյուլը հայտնի է իր մեղմ հայացքներով, կանխատեսելի կեցվածքով և ունի մեծ վարկանիշ նաև իշխող կուսակցության շրջանում (Գյուլը ԱԶԿ-ի հիմնադիրներից է)։ Ելնելով դրանից՝ կարծում եմ, որ Գյուլը դեռ կարող է դառնալ ժողովրդի թեկնածուն՝ հավաքելով 100.000 ստորագրություն, և որ Գյուլին կարող են աջակցել ԱԶԿ-ի ընտրազանգվածի մի մասը (Էրդողանից դժգոհ մասը), քրդերը (նրանց պետք է որ լրջորեն մտահոգի ԱԶԿ-ԱՇԿ դաշինքը), ինչպես նաև քեմալականները և գյուլենականները, որոնց կարող է միավորել Գյուլի միջոցով Էրդողանից ամեն գնով ձերբազատվելու մղումը։ Բացի այդ, Գյուլին կարող են աջակցել Թուրքիայի հարևան գրեթե բոլոր երկրները, ինչպես նաև ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, որոնց ձանձրացրել են Էրդողանի կոշտ հայտարարություններն ու գործողությունները։ Կարծում եմ, որ Էրդողանը որոշակի վտանգ է զգացել Գյուլի կողմից և ընդամենը երկու ամիս անց արտահերթ ընտրություններ նշանակելով՝ նրան զրկել է ընտրություններին լավ պատրաստվելու հնարավորությունից։ Այդ ամենը քիչ հավանական է դարձնում, որ Գյուլը կփորձի դառնալ նախագահի թեկնածու։ Այն, որ Էրդողանը համաձայնել է արտահերթ ընտրություններ նշանակելուն, վկայում է նաև այն մասին, որ նա վստահ է, որ հաղթելու է հունիսի 24-ի նախագահական ընտրություններում (Գյուլի բացակայության դեպքում միակ ինտրիգը կկայանա նրանում, թե որ փուլում կհաղթի Էրդողանը՝ 1-ի՞ն, թե՞ 2-րդ)։

5. Ինչպիսի՞ զարգացումների սպասենք հունիսի 24-ի ընտրություններից հետո, երբ Թուրքիայում ուժի մեջ կմտնի կառավարման նախագահական համակարգը:

Էրդողանը կարող էր ևս մեկ տարի (մինչև 2019թ. ավարտը) պաշտոնավորել Թուրքիայի նախագահի պաշտոնում, սակայն նա որոշեց ռիսկի չդիմել, չսպասել ևս մոտ մեկուկես տարի և Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվել արդեն հունիսին։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի շնորհիվ 64-ամյա Էրդողանը կարող է նախագահի պաշտոնում մնալ մինչև 2028թ-ը («5+5» տարբերակով՝ 2018թ-ից սկսած), մինչդեռ նախկինում նա կարող էր մնալ մինչև 2024թ. («5+5»՝ 2014թ-ից սկսած)։ Բացի այդ, եթե խորհրդարանը նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանում (ասենք՝ 2027թ.) նշանակի արտահերթ ընտրություններ, ապա Թուրքիայի նախագահը (Էրդողան) ևս մեկ անգամ կստանա վերընտրման իրավունք։ Ստացվում է, որ Էրդողանը տեսականորեն կարող է Թուրքիայի նախագահի պաշտոնում գտնվել նաև 2030-ականների սկզբներին, այլ կերպ ասած՝ ցմահ։ Հունիսի 24-ին (կամ էլ ասենք հուլիսին՝ նախագահական ընտրությունների հնարավոր երկրորդ փուլում) հաղթելու դեպքում Էրդողանը կստանա նախագահական աննախադեպ լայն լիազորություններ, և էլ ավելի կկոշտացնի իր արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Բացի այդ, ընտրական գործընթացի ավարտով կտրվի Էրդողանի «Նոր Թուրքիայի» մեկնարկը, որն էլ կդիմավորի 2023թ-ը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։ Այսինքն, 2023թ. կդիմավորի ոչ թե Աթաթուրքի Թուրքիայի Հանրապետությունը, այլ Էրդողանի «Նոր Թուրքիան»։

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ