Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Արցախյան երկտոն

am en ru
Arts`akhyan erkton_34734

Դեկտեմբերի 10-ը արցախցիների համար կրկնակի տոն կարելի է համարել: 1991-ի նույն այս օրը Արցախի ժողովուրդը հանրաքվեով <այո> ասաց ամիսներ առաջ` սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակված անկախությանը: Նորահռչակ հայկական հանրապետությունը ներառնում էր ինքնավար մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի տարածքները: Հռչակագրի ընդունումից ամիսներ անց, սակայն, խորհրդային ներքին զորքերի օժանդակությամբ Ադրբեջանը զավթեց Շահումյանի շրջանև ու փորձում էր նույնիսկ հայազերծել Արցախն ամբողջությամբ: Բայց հայկական ինքնապաշտպանության ուժերը կարողացան ոչ միայն ազատագրել պաշարման մեջ գտնվող երկրամասը, այլև անվտանգության գոտի ձևավորեցին Արցախի շուրջը: Ավա~ղ, նույնիսկ այդ հաղթանակների պարագայում չհաջողվեց գերեվարությունից ազատել Շահումյանը:

1993-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներին հակառակորդ երկրի բանակում իսկական քաոս էր: Բուն Ադրբեջանում ստեղծվել էր քաղաքական ճգնաժամ, քանզի Աբուլֆազ Էլչիբեյի իշխանության տապալումից հետո նախագահի աթոռը զավթած Հեյդար Ալիևը դեռևս չէր կարողանում լիարժեք համախմբել երկրի ռազմաքաղաքական ուժերը: Զուտ ռազմական հնարավորությունների առումով կարծես թե ԻՊ ուժերի համար դժվար չէր առնվազն մինչև Գետաշեն ընկած տարածքը ազերի բաշիբոզուկներից մաքրել: Բայց դա տեղի չունեցավ, և առանց մեկնաբանություններ անելու` հենվենք միայն իրական փաստի վրա. Արցախի Հանրապետության իրավատարածքի շուրջ 20 տոկոսը մինչ այսօր էլ գտնվում է ադրբեջանական զինուժի հսկողության տակ: Ժամանակը ցույց կտա, անշուշտ, թե ինչու այդ պատեհ առիթը չօգտագործվեց Արցախի հյուսիսային սահմաններն /իմա` անվտանգության գոտին/ ընդարձակելու համար:

Բնականաբար, եթե ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության համար հանդիսանում են որպես անվտանգության գոտի, ապա Շահումյանի շրջանը հազիվ թե Ադրբեջանի համար նույն այդ նշանակությամբ է կարևորվում: Բաքվի իշխանություններին առհասարակ անվտանգության գոտիներ պետք չեն, քանզի թե° նոր պատերազմի սպառնալիքները, և թե° տարածքային հավակնությունները դրսևորվում են բացառապես Ադրբեջանի կողմից: Եվ դա ևս մեկ անգամ ապացուցվել է 2016 ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ավելի քան քառորդ դար առաջ Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին միացնելն ու մեկ ամբողջական վարչատարածքային միավոր հռչակելը պատմական Արցախի հյուսիսային հատվածը ադրբեջանական լծից ազատելու հույժ նպատակ ուներ: Այդ նպատակը դարձյալ մնում է օրակարգային, որովհետև Արցախը չի հրաժարվել ու երբեք չի հրաժարվի իր անքակտելի մասը կազմող Շահումյանի շրջանից:

Դեկտեմբերի 10-ի օրացուցային կարևորությունը նաև շեշտված է մեկ այլ պատմարժեք իրադարձությամբ. անկախության հանրաքվեից ուղիղ 15 տարի հետո Արցախում տեղի ունեցավ ևս մի հանրաքվե. Այս անգամ արցախահայությունն իր միասնականությունը դրսևորեց երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումով: Հատկանշական է, որ այս երկու հանրաքվեներն անցկացվել են Մարդու իրավունքների պաշտպանության օրը: Դա շատ խոսուն մեսիջ է միջազգային հանրությանը, քանզի արցախցիների գոյապայքարի հիմքում ի սկզբանե դրված էր արդարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության գաղափարը:

Սահմանադրությունը գլոբալ առումով միայն իրավա-քաղաքական փաստաթուղթ չէ, այն նաև համաժողովրդական երդման գրավոր տեքստ է, որի տակ իբրև ստորագրություն` երկրի ամեն մի չափահաս քաղաքացի իր ձայնն է դրել: Սահմանադրությունը Արցախի ժողովրդի խտացված պատմությունն է` դաժան փորձություններում թրծված, հերոսական ու արժանապատիվ կենսագրությամբ:

Նկատենք, որ օրինապաշտությունը արցախցիներին միշտ էլ բնորոշ է եղել: Դեռևս 5-րդ դարում Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի օրոք, Աղվենի եկեղեցական ժողովում, ընդունվեց <Սահմանադրություն կանոնական>-ը, որը համաշխարհային և հայ իրավագիտության պատմության մեջ ամենահին կանոնագրություններից է: Ընդ որում, նախքան այդ փաստաթուղթն ընդունելը, Վաչագան թագավորն այն մշակման է ենթարկել` նախագծի ձևով ներկայացնելով հասարակական-կրոնական տարբեր խավերի ներկայացուցիչների քննարկմանը: Պետության համար կարևորություն ունեցող փաստաթղթերի ապրոբացիայի մշակույթը ոչ բոլոր ժողովուրդներին է հատուկ, և հատկանշական է, որ ավելի քան 1500 տարի առաջ Արցախում արդեն կիրառվում էր այդ մշակույթը:

Արցախի Հանրապետության Սահմանադրությունը 2017 թվականի փետրվարի 20-ին կրկին համաժողովրդական քվեարկության դրվելով` փոփոխության ենթարկվեց: Եվ դա ժամանակի հրամայականն էր:

Դեկտեմբերի 10-ն արցախցիների համար երկտոն է, և որպեսզի տոնն այն հարատև լինի` հարկավոր է միշտ հավատարիմ մնալ այն բոլոր դրույթներին, որոնք պարունակվում են Արցախի անկախության հռչակագրում ու Սահմանադրությունում: Մի քանի բառով դա դժվար է ձևակերպել, սակայն համապարփակ ընկալումը երկրում օրենքի լիակատար գերակայումն է և սոցիալական արդարության հաստատումը:

Արցախն այդ ճանապարհի վրա է:

 

 

 

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ