Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Ավարտական փուլ են թևակոխում Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները

am
Avartakan p`owl en t`ewakokhowm Davt`ashen-Ashtarak chanaparhahatvatsi shinararakan ashkhatank`nere_93319

 Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Այս մասով Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնավորապես նշել է, որ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Նաև նշվել է, որ այս տարվա նոյեմբերին մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը կհանձնվի շահագործման:

 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որ Երևանի քաղաքապետարանի ընթացիկ տարվա ծրագրերով ևս շարունակվում են համապատասխան աշխատանքները: Այս համատեքստում զեկուցվել է, որ ընթանում են Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, իսկ Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի վերանորոգման աշխատանքներն էլ գտնվում են ավարտական փուլում: Բոլոր ուղղություններով հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2018 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտբետոնե ծածկի փոսանորոգումների մասով էլ զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է ամենօրյա հսկողություն իրականացնել աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետևելով որակի պահպանմանը:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են իրականացվել կանաչապատման, ծաղկապատման, կանաչ տարածքների պահպանման, ինչպես նաև կրապատման աշխատանքները։ Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:

Աշխատակազմի մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել է «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում այս տարի կազմակերպվել և անց են կացվել շուրջ 66 մարզամշակութային միջոցառումներ ու փառատոներ:

 Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակում ՃՈ հետ համատեղ շարունակվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում սահմանված ուժեղացված հերթապահությունը:

 

Խորհրդակցության ավարտին անդրադարձ է կատարվել նաև Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստմանն ու զեկուցվել է, որ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու ուղղությամբ: Ըստ այդմ, նշվել է, որ մայրաքաղաքի ընտրատեղամասերից 260-ում արդեն իսկ խնդիրը լուծված է: Կամո Արեյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել գործընթացը՝ պատշաճ տեսքի բերելով գովազդային այն վահանակներն ու վայրերը, որոնք կիրառվելու են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ