Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Այսօր Հայոց Կաթողիկոս և մեծանուն հայագետ Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան օրն է

am
Aysor Hayots` Kat`oghikos ew metsanown hayaget Garegin A Hovsep`yani tsnndyan orn e_35958

Մեծանուն հայագետ, մանկավարժ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Գարեգին Ա Հովսեփյանը  ծնվել է 1867թ. դեկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Ջրաբերդի գավառի Մաղավուզ (Չարդախլու) գյուղում:

 Ապագա հոգևորականը նախնական կրթությունն ստացել է Ամարասի դպրեվանքում, Կուսապատ անապատի և Շուշիի թեմական դպրոցներում:

Անյուհետև 1882թ. ընդունվել, 1889թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը՝  ձեռնադրվելով կուսակրոն սարկավագ:

Հովսեփյանը  կրթությունը շարունակել է արտերկրում՝ մասնավորապես ուսանելով Բեռլինի, Հալլեի, Լայպցիգի համալսարաններում:

1897թ. ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Նույն տարվա սեպտեմբերին հրավիրվել է Գևորգյան ճեմարան և ստանձնել ճեմարանի դասախոսի պաշտոն: Նույն տարվա  նոյեմբերի 30-ին վերջինս աբեղա է ձեռնադրվել, իսկ 1898-ին՝ վարդապետ:

Տարբեր տարիներ Գարեգին Հովսեփյանը  եղել է ճեմարանի մատենադարանապետ, տեսուչ: 1905-1908թթ. և 1915-1919թթ. խմբագրել է «Արարատ» ամսագիրը, նշանակվել Ս.Հռիփսիմեի վանահայր: 1915թ. ամռանը Գ.Հովսեփյանը ձեռնամուխ է եղել Մեծ եղեռնի հետևանքով Վասպուրականից Էջմիածին գաղթած հայերին լայնածավալ օգնություն կազմակերպելու գործին: 1917թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցը նրան ձեռնադրել է եպիսկոպոս:

 

Հատկանշական է, որ Գ.Հովսեփյանը 1918թ. Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչներից ու ակտիվ մասնակիցներից էր: Տեսնելով Սարդարապատի պաշտպանների, մասնավորապես 5-րդ գնդի զինվորների անձնազոհությունը՝ Գ.Հովսեփյանն այն անվանել է մահապարտների գունդ, նրա հրամանատար գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի հետ զինվորներին առաջնորդել դեպի իմացյալ մահ: Ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Գեորգիևյան խաչ» շքանշանով:

 

1919թ. մայիսին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) հիմնված Հայաստանի համալսարանի կազմակերպական կոմիտեի անդամներից և առաջին դասախոսներից էր, դոցենտ, պատմալեզվաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար:

 

Դասավանդել է եկեղեցու պատմություն, հայ արվեստի պատմություն, գրչության արվեստ, հնագիտություն:

 

Ալ.Թամանյանի, Ա.Մելիք-Քալանթարի և այլոց հետ մասնակցել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի ստեղծմանը: 1921թ. մայիսին նշանակվել է Խորհրդային Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների առաջնեկի՝ Էջմիածնի կուլտուրպատմական ինստիտուտի կոլեգիայի անդամ և թանգարանի վարիչ:

 

1927-1934թթ. Գ.Հովսեփյանը Ռուսաստանի, Ղրիմի ու Նոր Նախիջևանի հայոց հոգևոր թեմի առաջնորդն էր, 1938-1943թթ.՝ Ամերիկայի թեմի առաջնորդը, իսկ 1943-1952թթ.՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գ.Հովսեփյանը մեծապես նպաստել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար նյութական միջոցների հանգանակությանը, սփյուռքահայությանը մայր հայրենիքի շուրջ համախմբելուն և 1946թ. ներգաղթի կազմակերպմանը:

 

Բացի հոգևոր գործունեությունից, կաթողիկոսը ձեռնամուխ է եղել նաև գիտական ակտիվ գործունեության՝ սերունդներին թողնելով գիտական հարուստ ժառանգություն: Այդ ժառանգության մեջ առանցքային տեղ ու դեր ունեն ի մասնավորի «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից» (Թիֆլիս, 1892), «Խոսրովիկ թարգմանիչ և երկասիրությունք նորին» (Թիֆլիս, 1903), «Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան և կաթողիկոսական ընտրություն» (Թիֆլիս, 1911), «Գրչության արվեստը հին հայոց մեջ» (Վաղարշապատ, 1913), «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ. պատմագիտական ուսումնասիրություն» (1928-1944, երեք հատորով), «Սասմա ծռեր» (Եր., 1932), «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության» (1935-1951, հինգ պրակով), «Դեպի լույս և կյանք. քարոզներ, գրականգեղարվեստական և իմաստասիրական հոդվածներ» (Անթիլիաս, 1947), «Հիշատակարանք ձեռագրաց» (Անթիլիաս, 1951) աշխատությունները:

 

Գ.Հովսեփյանը հայ հնագրագիտության, գրչության արվեստի ու ձեռագրային ժառանգության, հայ մանրանկարչության ուսումնասիրության հիմնադիրներից էր:

 Գարեգին Ա Հովսեփյանը վախճանվել է 1952թ. հունիսի 21-ին Անթիլիասում:

Հարկ է նշել, որ այս տարի կաթողիկոսի ծննդյան 150-ամյակի և վախճանման 65-րդ տարելիցի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լույս ընծայեց Կաթողիկոսին նվիրված վավերագրերի և արխիվային նյութերի երկու ժողովածուներ:

Ժողովածուներն ընդգրկում են Հայաստանի Ազգային արխիվում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվում պահվող վավերագրերն ու արխիվային նյութերը: Վավերագրերի Ա հատորը տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իսկ Բ հատորը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից:

 

 

Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ սույն տարվա սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում՝  նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ