Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Այսօր Մոնթեն կդառնար 60 տարեկան

am ru
Aysor Mont`en kdarhnar 60 tarekan_32341

«Ես երդում տված եմ եւ կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայի։  Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...»

 

 

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ․-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու գտնվող Վայսեյլի ավանում՝ Զապելի և Չառլիի ընտանիքում։ 12 տարեկանում նա իմացել է իր հայ լինելու մասին, որից քիչ անց մեկնել է ճանապարհորդության ծնողների հետ միասին։ Բազմաթիվ երկրներից զատ Մոնթեն այդ ժամանակ գտնվել է նաև Արևմտյան Հայաստանում, ինչպես ինքն էր սիրում ասել, իր պապերի տանը։ 1973թ.-ին ծնողները Մոնթեին ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո նա գնում է Հարավային Կորեա, որտեղ աշակերտում է բուդդայական մի վանականի։ Հարավային Կորեային հաջորդում է Վիետնամը, որտեղ ականատես է լինում պատերազմին։

1975 թ․-ին նա գերազանցությամբ ավարտում է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը և 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը, որի չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Նա լիովին տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միությունը» եւ կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ եղեռնին։ Շուտով Մոնթեն արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար, սակայն Անգլիա չի մեկնում, գնում է Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները եւ կացարանները ուսումնասիրելու համար։ 1978 թ․-ին գնում է Իրան, ապա անցնում Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։

 

 

 

1980 թ․-ին Մոնթեն միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ), ձերբակալվում է 1981 թ․-ի նոյեմբերին Փարիզում՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով, ինչը հերքվում է, սակայն Մոնթեն այս անգամ բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։

Մոնթեն երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարեւորագույն դեմքերից մեկը։ Հոդվածներով հանդես է գալիս Փարիզի «Հայ Պայքար» եւ Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաեւ անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցի մասին, որոնք հրատարակվում էին Լոնդոնում։

 

1991 թ․-ին բանտից դուրս գալուց հետո Մոնթեն գալիս է Երևան, յոթ ամիս շարունակ աշխատում Գիտությունների ազգային ակադեմիայում «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը գրելու եւ հրատարակելու նպատակով։ 1991թ․-ի օգոստոսին ամուսնանում է լիբանանահայ Սեդայի հետ, ում մասին նրա հիշատակությունները բազմաթիվ են։

 

 

Շուտով սկսվեց շարժումը։ Արցախի պաշտպանության ղեկավարությունը, տեսնելով նրա խիզախությունը, 1992 թ․-ի հունվարին նրան հանձնարարեց Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած փայլուն գործողություններից մեկը Օմարի լեռնանցքի պաշտպանությունն էր։ 1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը նրա ղեկավարությամբ իրականացվում է Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման բարդագույն գործողությունը:

 

 

Մարտունեցիները պատմում են, թե Մոնթեն որքան հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ իրեր էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ էր տալիս ու կարկատել իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։ Ու երբ մի անգամ կշտամբում են, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից հագիր, հերիք է կարկատածները հագնես, Մոնթեն ասում է. «Այս անգամ էլ էս հագնեմ, հետո կփոխեմ»։

 

1993թ.-ի հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջավ հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր զինվորներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպեց հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը եւ շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվեց, դրանք կրակահերթ բացեցին, առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվեց Մոնթեն։ Նրա աճյունն ամփոփվեց «Եռաբլուր» պանթեոնում։

 

Մոնթե Մելքոնյանը ետմահու արժանացել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում եւ Արցախում նրա անվամբ գործում են դպրոցներ։ Նրա անունով է կոչվել նաև Մարտունու շրջկենտրոնը՝ Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցվել նրա հուշարձան- կիսանդրին։ Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են բազմաթիվ երգեր, նկարահանվել են վավերագրական ֆիլմեր այդ թվում չորս մասից բաղկացած «Գաղափարի զինվորը», «Սա մեր վերջին պայքարը չի», «00-ն կապի մեջ է»՝ Մոնթե Մելքոնյանի վերջին ռադիոկապի ձայնագրությունը։

 

 

Ու թեև Մոնթեն ժառանգ չունեցավ, սակայն երազում էր իր որդուն անվանել Սարո։ Այսօր իր այրու՝ Սեդայի որդին կրում է Սարո-Մոնթե անունը։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ