Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Այսօր Սուրբ Ծննդյան ճրագալույց է

am
Aysor Sowrb Tsnndyan chragalowyts` e_38205

Հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ  Ծնունդի և Աստվածահայտնության  նախընթաց երեկոյան եկեղեցիներում տեղի է ունենում Ճրագալույցի արարողությունը: Ճրագալույցը եկեղեցու կանթեղները վառելու (ճրագ լուցանել) և ներկա հավատավոր  ժողովրդին մոմեր բաժանելու արարողությունն է 

 Հայ եկեղեցում ներկայումս միայն 2 անգամ է մատուցվում Ճրագալույցի Ս. Պատարագ` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ճրագալույցի ընթացքում ընթերցվում է Դանիելի մարգարեությունը, որին անմիջապես հաջորդում է ս. Պատարագ, որից հետո քահանայական դասը գնում է սեղանատուն՝ նախատոնակն այնտեղ կատարելու:   Ճրագալույցի երեկոն կոչվել է նաև Խթում, որը կարելի է համարել ուտիքի նախատոնակը:

                                                                        ***

 

Ճրագալույցի խորհուրդը հույժ գեղեցիկ է: Այն նախատոնակն է ու կարապետը հետագա ութ օրերի պաշտամունքների, որով և լինում է ինը տոնական օր: Որովհետև սա նշանակն է այն հավիտենականության, որը կար մինչև աշխարհի լինելը:

 

 Ադամի՝ Դրախտից դուրս ելնելուց շուրջ հինգ հազար տարի անց Աստված երևաց մարմնավորված, այդ պատճառով այսօր նախատոնակ է, որը Եկեղեցին սկսում է գիշերը՝ Կույս Մարիամի ավետյաց երգով: Եվ գիշերն ենք սկսում, որն օրինակն է Տիրոջ վերջին գալստյան, որովհետև ասված է, որ այն գիշերն է լինելու: Նաև ըստ մարգարեության՝ լույս ծագեց կռապաշտության և անգիտության խավարում, որի պատճառով էլ այսուհետև խավարը տեղի է տալիս և բազմանում լույսը՝ ըստ Եսայի մարգարեի խոսքի. «Թագավորները գալու են դեպի Քո լույսը, հեթանոսները՝ դեպի Քո լույսի փայլը» (Եսայի Կ 3): Նաև Մաղաքիան է ասում. «Արդարության Արեգակը պիտի ծագի» (Մաղաք. Դ 2): Զաքարիան Արևածագ է անվանում Նրան, իսկ Դավիթն ասում է. «Լո՜ւյս տուր, Տե՜ր, իմ աչքերին» (Սաղմ. ԺԲ 4): Եվ աստղի լույսով մոգերն առաջնորդվեցին՝ գալով դեպի ծագած Լույսը՝ ըստ այն խոսքի, թե՝ «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. Դ 16):

 

 Այս իմանալի և անճառելի Լույսի ծագման համար այսօր մենք վառում ենք լապտերներն ու կանթեղները և անվանում այս օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածհայտնության ճրագալույցը, որը խորհրդանշում է լույսի աղոտ ծագումը: Ըստ Հովհաննես ավետարանչի՝ Հովհաննես Մկրտիչը ճրագ է կոչվում, իսկ աղոտ ծագումը մարգարեներն են, ովքեր եղան մինչև Հովհաննեսը, որոնցով աղոտ կերպով ծագում էին Տիրոջ գալստյան հանգամանքները, որովհետև Տերը ոչինչ չի անում առանց Իր ծառաներին հայտնելու: Եվ այս օրը կարապետն ու նախատոնակն է հաջորդ՝ գալիք օրվա, երբ ծագելու է մեծ Լույսը, ինչպես որ թագավորի գալուստից առաջ նրա սիրելիները խնդությամբ պատրաստություն են տեսնում և ջահերով ընդառաջ ելնում:

 

 

Աղբյուրը՝ http://ter-hambardzum.net

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ