Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Այսօր գույների վարպետ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

en ru am
Aysor gowyneri varpet Minas Avetisyani tsnndyan orn e_79543

«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է…»

Վիլյամ Սարոյան

 

Նկարիչ Մինաս Ավետիսյան ծնվել է 1928 թ․-ի հուլիսի 20–ին Ջաջուռում, մշեցի դարբին Կարապետի ընտանիքում։ Մինասի մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր: Շուտով Մինասը պատահականորեն հանդիպում է նկարիչ Հակոբ Անանիկյանին, ինչը բախտորոշ նշանակություն է ունենում Մինասի հետագա կյանքի և գործունեության համար։ Նրա համար հաջորդ ճակատագրական հանդիպումը տեղի է ունենում Մարիտիրոս Սարյանի հետ, երբ նա ընդամենը 18 տարեկան էր։

«Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»

Մարտիրոս Սարյան

Մինասը իր գեղագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որից հետո տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որտեղ ուսումն ավարտել է արդեն 1960թ․-ին։

 

Երևան վերադարձած նկարիչ Մինաս Ավետիսյանն այդուհետ մեծ ժողովրդականություն է վայելում; Վերադարձից երկու տարի անց նա մասնակցում է «Հինգի ցուցահանդեսին», ապա դառնում է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1968թ․-ին ՀԽՍՀ ղեկավարությունը նրան տեսնում է վաստակավորիաստիճանում՝ այդպիսով նրան շնորհելով վաստակավոր նկարչի կոչում։ Այդ տարեթիվը հետաքրքրական էր նրանով, որ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանն իր առաջին փորձն արեց կինոյում, մասնավորապես նկարահանվելով Միքայել Վարդանովի Հայկական հողի գույնը ֆիլմում։ Նրա տաղանդն ու նվիրվածությունն իր գործին այնքան ակներև էր, որ դեռևս իր կենդանության օրոք իր մասին մենագրություններ էին գրվում, մասնավորապես 1970 թ.-ին Մոսկվայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությամբ լույս տեսավ Հենրիկ Իգիթյանի «Մինաս Ավետիսյան» մենագրությունը։

 

1964 թ.-ին Մինաս Ավետիսյանը ամուսնանում է նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ։Այդ ամուսնությունից ծնվում են Արմանն ու Նարեկը։

 

<<Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը․․․>>

Արամ Խաչատրյան

Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ էր և մեծ ուշադրություն էր գրավում իր և իր աշխատանքների վրա: Նրա վրձնել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Հայտնի նկարներից որոշները վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ Մեծ եղեռնին։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-1967 թթ․-ին կերտված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» կտավները։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է 20 որմնանկարներ։ Սպիտակի երկրաշարժի հետևանքով որմնանկարները կրել են մասնակի կորուստներ։ Գծանկարել է «Իմ մայրը», «Պատշգամբում», «Տեսիլ», «Զրույց», «Նարեկացու ընթերցում» կտավները։ Նա մեծապես անդրադարձել է իր ծննդավայր Ջաջուռին, այդ առթիվ վրձնել է կոմպոզիցիոն կտավները՝ «Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը», «Ջաջուռ» բնանկարը։ Նա նաև «Ալմաստ» օպերայի և «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն է:

«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»

Արամ Խաչատրյան

 

1972 թ.-ի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը անհասկանալի պայմաններում հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև Փարիզում նախատեսվող անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները և անձնական արխիվը։ Հետագայում որոշ կտավներ ոչնչացվում են Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:

Այս իրադարձությունը շատ մեծ հետք է թողնում Մինասի կյանքում, նա իրեն կորսված էր զգում։ Ինչևէ, Մինասի մասին կարելի էր խոսել 1980-ականներին, 1990-ականներին, եթե չլիներ հերթական դժբախտ պատահարը նրա կյանքում․ 1975թ․-ի փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի և մեկ շաբաթ անց՝ փետրվարի 24-ին՝ 47 տարեկան հասակում մահանում։

 

Մինաս Ավետիսյանին գնահատել են իր ողջ տաղանդով մահվանից հետո ևս, մասնավորապես հետմահու նա պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մրցանակով, Մարտիրոս Սարյանի անվան մրցանակով։ 1982 թ.-ին Ջաջուռում բացվում է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը, իսկ Սպիտակի երկրաշարժից հետո այնտեղ առկա աշխատանքները տեղափոխվում են Հայաստանի Ազգային պատկերասրահ։

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ