Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ազգ-բանակ համակարգի ներմուծումը 2017թ․

am en ru
Azg-banak hamakargi nermowtsowme 2017t`._37884

 Ըստ վերջերս Հայաստանում անցկացված հարցման՝ առաջնահերթ վստահություն վայելող ինստիտուտների առաջին երկու հորզոնականները կիսում էին Հայկական բանակը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին։ Նկատենք, որ սրանք լավ արդյունքներ են ու մի կողմից էլ զարմանալի, քանի որ մի շարք լրատվամիջոցներ ու սոցկայքեր նպատակաուղղված քաղաքականություն ու կեղծ տեղեկատվություն են տարածում բանակը և եկեղեցին վարկաբեկելու համար։

 

Չնայած նրանց ջանքերին, այնուամենայնիվ այս ինտիտուտները շարունակում են մնալ  ամենավստահելին ՀՀ քաղաքացիների շրջանում, ինչը կարևոր է հատկապես պետության կայացման ու զարգացման համար, իսկ պետության անվտանգության ողնաշարը բանակն է, որտեղ հատկապես այս տարի մեծ փոփոխություններ են իրականացվել։ Ազգ-բանակ կոնցեպտի արմատավորումը գնալով նոր թափ է հավաքում, քանի որ այն ավելի ու ավելի հասկանալի ու ընկալելի է դառնում հասարակության կողմից։

 

Եթե դրա առաջին բաղադրիչներից մեկը ռազմակրթական համակարգի՝ «Մոնթե Մելքոնյան» ռազմական կրթահամալիրի արդիականացումն էր, նախատեսվում է նաև «Վազգեն Սարգսյան» ռազմական համալսարանի վերափոխումը, ապա հաջորդ բաղադրիչը «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերն են։ Այս ծրագրերով նախատեսվում է Հայաստանի երիտասարդության ներգրավումը պետության սահմանների պաշտպանության գործին, ինչպես նաև ռազմական կրթության տարածման ուժեղացումը Հայաստանում։

 

Սկսած ձմեռային զորակոչից՝ արդեն մեկնարկել է «Ես եմ» ծրագրի իրականացումը և զորակոչի պատրաստվող երիտասարդները կարող են անդամագրվել ու անցկացնել իրենց ծառայությունը այս նախագծի շրջանակում։ Ինչպես հայտնի է, նախատեսվում է 3 տարվա ծառայություն, որի ընթացքում զինակոչիկը հնարավորություն կունենա սահմանային ծառայության ընթացքում ամեն ամիս մեկ շաբաթ լինել տանը, իսկ ծառայության ավարտին ստանալ 5 մլն դրամ գումար, որը կարող է օգտագործել կրթական, գյուղատնտեսական կամ բնակարան ձեռք բերելու գործընթացի համար։

 

Ըստ նախնական տեղեկատվության՝ «Ես եմ» ծրագրին մասնակցելու համար արդեն առաջին մի քանի օրում անդամագրվել են մոտ հարյուր երիտասարդ և այդ թիվը շարունակաբար աճում է։ Սա նշանակում է, որ կա վստահություն ու բանակի հեղինակությունը անշեղորեն աճում է, ինչը միշտ չէ, որ դուր է գալիս բոլոր նրանց,  ովքեր ցանկանում են վարկաբեկել հայկական բանակը։ Նմանատիպ մեկ այլ ծրագիր՝ «Պատիվ ունեմ»-ը, որը նախատեսված է ուսանողների համար, որոնք կնքելով պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, բակալավրիատում սովորելուն զուգահեռ պետք է ռազմական կրթություն ստանան Վազգեն Սարգսյան համալսարանում և ավարտելուց հետո, արդեն որպես սպա, իրենց ծառայությունը՝ երեք տարով, անցկացնեն հայկական բանակում։

 

Վերը նշված նախագծերը ուղղված են ոչ միայն հայկական բանակի նկատմամբ վստահության բարձրացմանը, այլև ուղղված են ռազմական ոլորտում  երիտասարդության շրջանում իրենց գիտելիքները ընդլայնելուն ու խորացնելուն, քանի որ զորակոչից հետո այս տղաներն են համալրելու պահեստազորը, որը դառնալու է ապագայում Հայկական բանակի ամենահոր գործոնը։

 

 

2017թ. ամփոփման առումով պետք է շեշտել, որ ազգ-բանակ համակարգը թերևս կայացած ու առաջատար այն սկզբունքն է, որը սկսում է գործել և հիմք է հանդիսանում բանակի ժողովրդականության աճի համար, իսկ դա կարևորագույն պայման է ռազմավարական ու անվտանգության տեսակետից գլխավոր այդ ինստիտուտի՝ բանակի դերը Հայաստանյան ու նաև Սփյուռքյան հանրության մեջ հզորացնելու համար։ 

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ