Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ազգային դիմակները Մայր թատրոնում. Քրիստինե Պողոսյան

am
Azgayin dimaknere Mayr t`atronowm. K`ristine Poghosyan_39198

Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» բեմականացմանը Սունդուկյանի թատրոնը ծանոթ է դեռ իր սկզբնավորման ժամանակներից: Մեծ երգիծաբանի գործին առաջինն անդրադարձել էր Ռուբեն Սիմոնովը , որն իր բեմադրության գաղափարը բնորոշել էր հետեւյալ կերպՙ «Մեզ համար պիեսի գործողությունը կատարվում է ներկայումս: Այսօրվա մեծապատիվ մուրացկաններն ամեն տեսակի բախտախնդիր ու շինարար աշխատանքի անընդունակներն են, որ հիմա էլ ժամերով նստում են Պոլսի, Փարիզի կաֆեներում, թեթեւ աշխատանք որսալու կամ անվերադարձ փոխառումներ անելու հույսով... նրանք շատ բան կտային, եթե Պոլսի կաֆեներից մեկում հանդիպեին մի օր Աբիսողոմ աղայի նման հարուստ ապուշների: Ահա այս է եղել մեր իդիոլոգիական հիմնական մոտեցումը «Մեծապատիվ մուրացկանների» ներկայացումը կառուցելիս»: Սա, իհարկե, վուլգար-սոցիոլոգիական հայացք է, պայմանավորված օրվա գաղափարաբանության ենթատեքստով, որն այսօր ժամանակավրեպ է:

 

Յուրաքանչյուր ժամանակ իր մոտեցումն է պահանջում, ահա ինչու բեմադրությունը վերականգնելիս Արմեն Գուլակյանը փոփոխեց շեշտադրումներն, առանձին կարեւորելով Վախթանգովյան թատերայնության դոմինանտությունն, ինչը հիմք տվեց ներկայացումն բնութագրել որպես հայկական «Արքայադուստր Տուրանդոտ»:

 

Ավանդույթների շարունակողը հանդիսացավ Վարդան Աճեմյանը: Նա եւս կարեւորեց Ռուբեն Սիմոնովի մոտեցումըՙ «Մեզ համար պիեսի գործողությունը կատարվում է ներկայումս եւ այն միանգամայն արդիական սատիրա է»: Աճեմյանն իրականացրեց համերգ-ներկայացում, որն ինչպես ժամանակակիցներն են նշում` նա «ժամանակի սոցիոլոգիական հայացքների ազդեցության տակ, ներկայացման կոնցեպցիայի մեջ օտարամուտ տարրեր ներմուծեց, սակայն դասական երկից չշեղվելով նվազագույն չափով: «Մեծապատիվ մուրացկաններում» Աճեմյանի ռեժիսորական կոնցեպցիան երբեք մերկապարանոց ճակատային արտահայտություն չի գտել, այլ բխել է ազատորեն կառուցված բեմական իրադրությունից, արտացոլվել կերպարներում, բեմավիճակներում, ներկայացման ընդհանուր պատկերավոր հյուսվածքում»: Ինչպես ինքն Աճեմյանն է նշումՙ «մեղավո՞ր են արդյոք այդ մուրացկանները, մեղավորը թերեւս կյանքն է». այս կարեւորագույն միտքն է արտացոլում ռեժիսորի բեմադրության մեջ:

 

Սինթետիկ ներկայացման վառ օրինակ է 2017թ. կրկին մայր բեմ բարձրացած «Մեծապատիվ մուրացկանները» Արմեն Էլբակյանի բեմականացմամբ, ինչպես ասում ենՙ ավանդույթները շարունակվում են... բնականաբար նաեւ զարգանում:

 

Էմպիրիկ ժամանակի մասին

 

Յուրաքանչյուր ժամանակ ունի իր մարտահրավերները: Էլբակյան ռեժիսորը բերում է իր ժամանակի ընկալումները, հասարակության առջեւ ծառացած խնդիրների իր մոտեցումները: Ըստ այդմ էլ կառուցելով իրադարձությունները, որոնք կատարվում են ինչ-որ առումով էպիկականի-դրամատիկականի արանքում: Էլբակյանը վարպետորեն ներկայացնում է այն աշխարհը, որը հասու պիտի լինի հենց այսօրվա, հենց հիմա կատարվող դեպքերին: Այս ամենն ապացուցելու համար նախերգանքում բեմադրիչը հանդիսատեսին առաջարկում է խաղի «իր» կանոններըՙ «դեպքերը կատարվում են 1800 չեմ գիտեր թե ո՞ր... կամ էլ ասել է թե ժամանակը բնավ էական չէ»... Նույն կերպ է կառուցվում նաեւ բեմական տարածքըՙ Պոլիսն է, Փարիզն է, թե Բեռլինն է, թե՞ Երեւանն, էական չէ... Էականն է այն, ինչ այսօրվա իրադարձությունը... Եվ իրադարձությունների հիմքն է, որի մասին արժե եւ պետք է խոսել: Էլբակյան ռեժիսորը գտնում է, որ մեղավորներ չկան, ավելինՙ բոլորն են մեղավոր: Եթե Աճեմյանի բեմադրության մեջ մեղավորը կյանքն է, որ ծնում է մուրացկաններ, ապա Էլբակյանի բեմադրության մեջ դա շղթայական կապ է, որը ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ, այսինքն փակ շղթա է: Այս սկուզբունքով է կառուցված ներկայացումն իր ամբողջության մեջ: «Մենք բոլորս միասին ենք, մենք բոլորս շղթայված ենք»: Մտահղացումն իրականացնելու համար բեմադրիչը փորձել եւ կարողացել է Սունդուկյան թատրոնի բարդ եւ բազմաշերտ օրգանիզմը համախմբել, վարակել, գեղագիտական տարբեր մոտեցումներ եւ դրսեւորումներ ունեցող դերասաններին միավորել եւ ստեղծել ամբողջական կուռ եւ անքակտելի միասնություն: Ներկայացումն, ինչպես կնշեր Հոլովեյը (անգլիացի շեքսպիրագետ), «առաջին հերթին էներգետիկ հզոր լիցք է, հետո նոր իմացության աղբյուր»: Անվիճելի է, որ այս ներկայացումը բացառություն չէ, ինչն էլ գրավում է:

 

Այս ամենում անժխտելի է դերասանական կազմի ճշգրիտ ընտրությունը, որը ոչ միայն կարողացել է իրականացնել ռեժիսորական հնարանքները, մտահղացումները, այլեւ վարպետության եւ իմպրովիզացիայի օգնությամբ կարողանում է հանդիսատեսին հասցնել բեմադրիչի ուղերձները եւ դարձնել դրանք ընկալելի: Այսպեսՙ Աբիսողում- Ալբերտ Սաֆարյանը հանդիսատեսին է ներկայանում նոր ամպլուայով, չվախենալով երեւալ մի փոքր հիմար, «ապուշ», ինչպես կասեր Պարոնյանը, գավառացի եւ ծիծաղելի, այսինքն զուտ տիպական կերպար, տիպական գավառացի, որն առավել քան կոմիկական է երեւում, երբ փորձում է փոխել իր դիմակը: Հենց սա է կոմիկականը ստեղծելու գեղագիտությունը, կոմիկականի հիմքը:

 

Աննա Էլբակյան -Շողակաթՙ վառ, նույնիսկ շատ վառ կերպարասանկ կին ես չեմ տեսեր»-Աբիսողոմ), որ կապող օղակ է հանդիսատեսի ու բեմում կատարվող գործողությունների միջեւ: Ըստ էության այս կերպարն է, որ ներկայացումը դարձնում է կենդանի, ինտերակտիվ եւ գունեղ: Ասենք, որ ինչպես եւ Հարություն Մովսիսյան -Մանուկ Աղան, Աննա Էլբակյանի-Շողակաթը փորձում է փոխել իր դեր-դիմակներըՙ դառնալով գիշատիչ:

 

Հարություն Մովսիսյան-Մանուկ Աղան թոթովախոս, բառի իմաստը չհասկացող կերպար է, յուրաքանչյուր եւ ամեն դեպքում հերթապահ խոսքեր արտասանող, երեսփոխան, եզրույթՙ որը բազմիցս խաղարկվում է: Այս թվացյալ թերությունները դարձել են կերպարի մեկնաբանման բանալինՙ ասել ամեն ինչ, ոչինչ չասելով, բայց լինել... Այսպիսին է նաեւ Դավիթ Հակոբյանի -բանաստեղծը, Մխիթար Մելքոնյանի -Լուսանկարիչը, Արմեն Մարգարյանի -Խմբագիրը, Ռազմիկ Խոսրոեւի -Վարժապետը, Ռուդոլֆ Ղեւոնդյանի -Դերասանը, Գեւորգ Դոդոզյանի -Մուրացկանը, Ստեփան Շահինյանի -Դեմաթեոս, Լեւոն Ավետիսյանի -Քահանան, Արա Կարագյանի -Բարդողիմեոսը...

 

Բեմադրիչը չի սահմանափակվել դրամատիկ տարրով, ներմուծելով էպիկական թատրոնին բնորոշ կերպարներ, որոնք ( Արաքսյա Մելիքյան, Անդրանիկ Խաչատրյան, Ծովինար Մարտիրոսյան, Մեսրոպ Աբտոյան ) հենց վարողներն են, որ առաջ են տանում պատմությունը ընդհանրացնելով թե՛ գաղափարը, թե՛ ժամանակաշրջանը, թե՛ մոտեցումները:

 

Այս ամենը հնարավորություն է տալիս ստեղծել Պոլսի, Փարիզի, Երեւանի պատկեր, որպես մի մեծ դիմակահանդես, որտեղ ապրելու միակ գրավականը մուրալն է, փող կամ փառք, ոնց կկամենաք: Յուրաքանչյուրն ստիպված է դառնալ ծաղրածու, ստիպված է գունազարդել, ստիպված է առավել տեսանելի դառնալ: Կարծում եմ սա՛ է մեծապատիվ մուրացկաններ կոչվողների ուղին, ճանապարհը, որոնք նրանք պատահական չեն ընտրել...

 

 

Քրիստինե Պողոսյան/ԱԶԳ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ