Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ԲՈԿ-ի ղեկավարը կոռուպցիոն հետքե՞ր է փնտրում

am
BOK-i ghekavare korhowpts`ion hetk`e?r e p`ntrowm_93795

 Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Օրերս Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հրաման էր ստորագրել՝ սեպտեմբերի 3-ից մինչև 11-ը դադարեցնելու ԲՈԿ-ի գործող մասնագիտական խորհուրդների աշխատանքները` կապված դրանց գործունեության ստուգումների հետ:

Թե ի՞նչ ստուգումներ են ընթանում ԲՈԿ-ում, որ անհրաժեշտություն է առաջացել ժամանակավորապես դադարեցնել  մասնագիտական խորհուրդների աշխատանքը, ՀԱՅ ՁԱՅՆ-ը փորձեց ճշտել կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանից:

Նա նշեց, որ մի քանի օրից ասուլիս է հրավիրելու, որտեղ կպատասխանի բոլոր հարցերին:

-Մինչև ասուլիսը չե՞ք ցանկանում մեկնաբանել այս հարցը:

-Չէ, որ հրամանում չեմ գրել, ուրեմն՝ բացահայտելու չի: Ստուգումներ ենք անում, էլի:

-Ասուլիսին հրապարակելո՞ւ եք ստուգման արդյունքները:  

-Դե, տեսնեք, դեռ հստակ չի, արդյունքներից է կախված:

Հարցի վերաբերյալ այլ կարծիք լսելու ակնկալիքով ՀԱՅ ՁԱՅՆ-ը կապ հաստատեց ԲՈԿ-ի Գրականագիտության մասնագիտական հանձաժողովի նախագահ Վարդան Դևրիկյանի հետ:

-Պարո՛ն Դևրիկյան, ի՞նչ ստուգումներ են մեկնարկել ԲՈԿ-ում: 

-Ստուգումների մասին տեղեկացել եմ ԲՈԿ-ի կայքից: Հետաքրքրվում են, թե մասնագիտական խորհրդի անդամների պատրաստվածությունն ինչպիսի՞ն է, ի՞նչ հրապարակումներ ունեն: Մեզ ասել են, որ տվյալներ ներկայացնենք, ուրիշ որևէ բան չկա: Ես այդտեղ առանձնահատուկ բան չեմ տեսնում: 

-Գուցե կոռուպցիոն հարցե՞ր էլ կան, թե՞ խնդիրը վերաբերում է միայն մասնագիտական խմբի անդամների պատրաստվածությանը:

-Տարիներ շարունակ խոսակցություններ են եղել, որ մասնագիտական խորհրդի անդամները, ենթադրենք, այդ մասնագիտական խորհրդի անդամ լինելու չափանիշներին չեն բավարարում: Նմանատիպ խնդիրներ են, ոչ թե կոռուպցիայի, գողության ու նման երևույթների վերաբերող, այլ մասնագիտական խորհրդի որակավորումների հարցը:

Այն, որ ասում են՝ «ովքե՞ր են դատավորները», հիմա էլ՝ ովքե՞ր են կոչում շնորհողները: Որքան բարձր պատրաստվածություն ունենա կոչում շնորհողը, այնքան արժեք կունենա նրանց շնորհած կոչումը: Այնպես որ, ես դա բանական եմ համարում, որ յուրաքանչյուր նոր նշանակվող ղեկավար փորձում է նոր հայացքով նայել հարցին:  

Նակինում այդ հարցադրումը միշտ եղել է, ընդդիմադիր մամուլը գրում էր, որ, օրինակ, այսինչ անձն այս խորհրդի անդամ, այն խորհրդի նախագահ է, և այլն: Բազում հրապարակումներում ԲՈՀ-ը քարկոծվել է, և նույնիսկ սխալ կլիներ, եթե այդպիսի քայլ չարվեր՝ ստուգելու, ծանոթանալու ոլորտին, նոր չափանիշներ ներդնելու: Ես ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ այդտեղ որևէ վատ բան չեմ տեսնում:

-Իսկ հնարավո՞ր է ստուգումներից հետո  կառուցվածքային փոփոխությունների հարց առաջանա:

-Ես չեմ կարող ասել՝ ի՞նչ է լինելու, բայց կարծում եմ՝ նման փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Այսպես էլ ԲՈԿ-ը կարող է շարունակել իր աշխատանքը, բայց եթե ավելի օպտիմալ լուծումներ են գտնելու՝ միայն  ողջունելի կլինի:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ