Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բավական ճիշտ թիրախ են ընտրել. Նորիկյանը՝ Մ. Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի մասին

am
Bavakan chisht  t`irakh en entrel. Norikyane,  M. Harowt`yownyani nkatmamb meghadrank`i masin_73867

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը

-Պարո՛ն Նորիկյան, Մարտի 1-ի վերաբերյալ  քրեական գործի շրջանակներում  որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Նշված է, որ  Միքայել Հարությունյանը ստորագրել է  «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» գաղտնիհրամանը:  Քննչական մարմինը կարծես թե առաջինը գնում է Միքայել Հարությունյանի, ոչ թե այդ ժամանակահատվածում գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Իրավական առումով ինչպե՞ս է կարգավորվում այս հարցը:

-Այս պահին քննություն է գնում, կտեսնենք,  թե ՀՔԾ-ի քննության արդյունքներն ինչպիսի՞ն կլինեն և արդյո՞ք  բավարար հիմքեր կլինեն տվյալ ժամանակահատվածում գերագույն գլխավոր հրամանատար հանդիսացող երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար:
 Ես լիահույս եմ, որ առվազն օբյեկտիվ քննություն  կտարվի և բոլոր այն մարդիկ, ովքեր այդ ժամանակ խախտել են ՀՀ  Սահմանադրությունը և օրենքները, որոնց արդյունքում տեղի է ունեցել Մարտի 1-ի ոճագործությունը, պատասխան կտան օրենքի առաջ, դա կլինի Ռոբերտ Քոչարյանը, թե  մեկ այլ անձ:
Չեմ կարող այդ հարցին լիարժեք պատասխանել, թե ինչու՞ են որոշել առաջինը գնալ Միքայել Հարությունյանի ուղղությամբ: Ես կարծում եմ, որ դա քննչական տակտիկա է, այսինքն, քննչական պլանի համաձայն են գործում: Ակնհայտ է, որ դրա հիմքում դրված է Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված 0038 գաղտնի հրամանը, որով, ըստ էության, բանակը միջամտել է քաղաքական  գործընթացներին: Այստեղ է թաքնված շան գլուխը՝ գործող Սահմանադրությամբ և օրենքներով բանակը  որևէ ձևով իրավասու չէ միջամտել քաղաքական գործընթացներին, այդ թվում այդ ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին:  Հետևաբար, կարծում եմ՝ այս համատեքստում բավական ճիշտ  թիրախ են ընտրել:
Բոլոր դեպքերում այդ հրամանը հակասահմանադրական և հակաօրինական է եղել և այդ հրամանի  արձակողը և տվողը ենթակա են քրեական պատասխանատվության:

-Այսինքն, հավատու՞մ եք անառաչ և օբյեկտիվ քննությանը:

Այստեղ  խնդիրը  քաղաքական կամքի առկայությունն է և օբյեկտիվ քննությունը: Ես կասկած չունեմ, որ օբյեկտիվ քննություն է անցկացվելու, հույս ունեմ, որ այս գործը կբացահայտվի ամբողջությամբ:
Այս պահին առկա քաղաքական կամքը ևս վստահություն է ներշնչում, որ իրականացվելու է օբյեկտիվ նախաքննություն: Միաժամանակ ընդգծենք, որ այս իշխանության համար պետք է սկզբունքային լինի գործն իրականացնել բազմակողմանիորեն, օբյեկտիվությամբ և լրիվությամբ, որպեսզի ոչ մեկի մոտ որևէ կասկածի նշույլ անգամ չլինի քրեական գործի օբյեկտիվ քննության առումով: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի:

-Մարտի 1-ի իրադարձություններին ոստիկանության դերակատարումը և լիազորությունների չարաշահումն ակհայտ էր: Դեռևս ոչ մի տեղեկություն չկա, թե արդյո՞ք այդ ժամանակահատվածում  ոստիկանապետ Հայկ Հարությունյանը և մնացած պաշտոնատար անձինք կներգրավվեն քրեական գործի շրջանակներում:

-Ես վստահ չեմ, որ չկա, դեռ ավելին՝ համոզված եմ, որ կլինի, որովհետև այդ ժամանակ  ոստիկանության դերակատարումն իսկապես ահռելի է եղել, և որևէ մեկը չի կարող թաքցնել այդ հանգամանքը: Մենք պետք է գիտակցենք, որ սա բավականին ծավալուն քրեական  գործ է և դեռ նոր-նոր սկսվում է  բացվել:  Մենք գործ ունենք առաջին ծիծեռնակի հետ, և պետք է ուշի-ուշով հետևենք հետագա իրադարձություններին: Ես կարծում եմ՝ որևէ մեկը չպետք է խուսափի պատասխանատվությունից, անկախ նրանից՝ ո՞վ է, ինչպիսի՞ ծառայություններ է մատուցել Հայաստանի Հնարպետությանը և  ի՞նչ պաշտոն է զբաղեցրել: Բոլոր նրանք, ովքեր առնչվել են այս ոճրագործությանը, կլինի Հայկ Հարությունյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե այլ ոք, պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կրի պատասխանատվություն: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, առավել ևս, որ 10 զոհ ու հարյուրավոր վիրավորներ են եղել,  հարյուրավոր քաղբանտարկյալներ են եղել, ովքեր ապօրինի ենթարկվել են քրեական հետապնդումների:

Մարտի 1-ի գործի բացահայտումը դիտարկենք ՀՀ-ի միջազգային վարկանիշի տեսանկյունից:  Այս գործի  բացահայտումն ի՞նչ ազդեցություն կունենա մեր միջազգային վարկանշի վրա:

-Միայն դրական ազդեցություն կունենա: Ֆրանսիայի նման զարգացած երկիրն այսօր կոպիտ չհնչի, բաց Նիկոլաս Սարկոզի է «քարշ տալիս» քրեական հետապնդման, դրանից առաջ նույնը եղավ նաև Ժակ Շիրակի հետ: Աշխարհի զարգացած երկրներն  անցել են այդ ճանապարհը, 2-3 ամիս առաջ էլ Նյու Յորքի դատախազն է քրեական հետապնդում սկսել գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Աշխարհում բազմաթիվ են դեպքերը, երբ գործող նախագահի, ինչպես նաև  նախկին նախագահների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Անգամ մեր հարևան Վրաստանում Սահակաշվիլին, ով փոխեց այդ երկրի զարգացման ընթացքը, այսօր քերական հետապնդման մեջ է: Առավել ևս, երբ մարտի մեկի հետ  գործ ունենք,երբ  ուղղակիորեն կրակել են ժողովրդի վրա,  նման գործի բացահայտումը  միանշանակ բարձրացնելու է մեր երկրի վարկանիշը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ