Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Բերձորում տեղի է ունեցել հանրահավաք ՝ <<Ոչ մի թիզ հող>> կարգախոսով

am es
Berdzorowm teghi e ownets`el hanrahavak` , <<Och` mi t`iz hogh>> kargakhosov_84135

 Վերջին օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի հայտնի հակահայ ելույթը մեծ վրդովություն է առաջացրել Արցախում: Շատերն են համացանցում հանդես գալիս ու դատապարտում այն:

    Արցախում գործող ,,Ազատ հայրենիք,, կուսակցության նախաձեռնությամբ, այսօր՝ հուլիսի 2-ին, Բերձորում՝ Վեհափառի հրապարակում, տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցում էին բերձորցիներ, Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքների բնակիչներ, ներկա էին ,,Ազատ հայրենիք,, կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ ու պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ ,,Հայրենիք,, խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Արշավիր Ղարամյանը, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը և լրագրողներ:

 

    Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը՝ բացելով միտինգը, խոսեց վերջին օրերին տեղի ունեցած ոչ ցանկալի իրադարձությունների մասին, ասաց՝ դրանք ապականում են մեր ազգային արժեհամակարգը: Դատապարտեց նաև վերջերս տեղի ունեցած մեկ այլ բարբարոսական արարք՝  ազգային հերոսների հուշաքարերը կոտրելը: Անդրադարձով ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի սենսացիոն  հայտարարությանը և այն որակեց խիստ վտանգավոր:

  -Այդ երևույթներն են պատճառը, որ հավաքվել ենք այստեղ, և մեր վճռական խոսքը պետք է ասենք,-հայտարարեց Ա. Մխիթարյանը՝ -հավաստիացնելով, որ քաշաթաղցին է այս երկրի տերը: Ելույթ ունեցան նաև Բերձորի ու շրջանի այլ բնակավայրերի բնակիչներ՝ հավաստելով, որ 20 և ավելի տարիներ բնակվելով ազատագրված  Հայոց պատմական հողում, շենացնում ենք այն, շարունակում հողն ազատագրողների գործը, իրականացնում Լեոնիդ Ազգալդյանի պատգամը՝ Սա Հայաստանն է, և վերջ, և ոչ թե թուրքից բռնագրավված տարածք:

   Շրջանի հյուսիսային թևի Արտաշավի գյուղի, Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վերա Խաչատրյանը՝ դատապարտելով հող հանձնելու գաղափարը՝ ասաց.

,,Միջազգային ձևաչափերն ու սկզբունքները ոչինչ են, քանզի մեր միակ հավատամքն այն գաղափարն է, որ կոչվում է հայրենիքի, հողի ու ջրի պաշտամունք: Ես՝ որպես հայ հերոսական գենոֆոնից ծնված հայուհի, պատրաստ եմ երկու արևածին որդիներիս հետ պայքարել հանուն խաղաղության: Հանդես գալով Քաշաթաղի շրջանի մանկավարժների անունից՝ հավաստիացնում եմ , որ մեր կողմից դաստիարակված սերունդը պարտության հոգեբանություն չունի…,,:

 Հարավային Իշխանաձորից ուսուցչուհի Արմինե Մաթևոսյանը, խոսելով իր բնակավայրի՝ Պատմական Մեծ հայքի Սյունիք աշխարհի Քաշունիք գավառի մասին, ասաց. ,,Ո՞վ է իրավունք տվել ուրիշին՝ որոշելու իմ ու երեխայիս ճակատագրերը: Մենք պարտք ունենք կատարելու՝ պիտի ապացուցենք, որ արժանի հետևորդն ենք հայրենիքի համար նահատակված քաջորդիների: Պարտավոր ենք ամուր կանգնել զինվոր տղաների թիկունքին: Մենք՝ քաշաթաղցիներս, հայրենիք չունենք՝ որևէ մեկին տալու,,:

 Ծաղկաբերդի գյուղական համայնքի ղեկավար Ազատ Եղոյանը նշեց, որ Սյունիքի այս գյուղը, 20-րդ դարասկզբին է բռնագրավվել թուրքերի կողմից, վերաբնակեցվել է դեռևս պատերազմի ժամանակ, այս տարածքներն ազատագրելիս բազում քաջորդիներ մարտիրոսվեցին, մինչ օրս գյուղի շրջապատը մաքրվում է ականներից, որոնց պայթյունից  նաև խաղաղ տարիներին ենք զոհեր ունեցել: ,,Ինչպե՞ս թողնենք արդեն շենացող մեր երկիրը, -հարց է տալիս բանախոսը:

 

 ,,Հայրենասեր,, ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, ով ընտանիքով վերադարձել է ԱՄՆ-ից և բնակություն հաստատել Քաշաթաղում, իրենց կազմակերպության միջոցներով մի քանի դպրոց է կառուցել շրջանում, իրականացրել այլ բարեգործական ծրագրեր, անդրադարձավ 2016-ի ապրիլյան իրադարձություններին, այն հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքի գնով պահեցին հայոց սահմանը: Նա դիմեց հավաքի մասնակիցներին հարցով՝ կա՞ մեկը, որ պատրաստ է թուրքին վերադարձնել իր տունը, Լեոնիդի ու Մոնթեի, Ռոբերտ Աբաջյանի, Ամենակ Ուրֆանյանի և այն հազար-հազար քաջորդիների արյամբ սրբացած հող-հայրենին: Պատասխանը՝ ոչ-ն էր:

 Ելույթ ունեցավ Բերձորի հնաբնակ, Արեն-Վոլոդյա Գալստյանը, ով Բերձոր եկավ 3 մանկահասակ զավակների հետ, ուր ծնվեց նրա 4-րդ զավակը: Դատապարտելով ՀԱԿ անդամի ելույթը՝ հավաստեց, որ ոչ մեկն իրավունք չունի անպատասխանատու և ազգադավ հայտարարություն անել մեր՝ ազատագրված ու հայացող հողում ապրողներիս փոխարեն:  

   Արայիկ Հարությունյանն իր ելույթում տեղեկացրեց, որ այն երջանիկներից է, ով երիտասարդ տարիներին մասնակից է եղել Շուշիի, այնուհետև, Արցախյան գոյամարտի ոչ պակաս կարևոր Բերձոր-Լաչինի ազատագրմանը և Արցախ-Մայր հայրենիք միավորմանը: Ա. Հարությունյանն ասաց նաև, որ ՀԱԿ-կան  Թադևոսյանի նշած գրավյալ տարածքները՝  դրանք հայոց հայրենիքն են, և ոչ մի հայ իրավունք չունի մեր Սուրբ հողը վաճառքի հանել:

    Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ, պատմության ուսուցչուհի Վարդուշ Մովսիսյանը, խոսելով տարածքների՝ հայոց ոստան լինելու մասին, ասաց, որ այստեղ բազում են Հայոց եկեղեցիներն ու հնադարյան հանգստարանները՝ խաչքարերով ու հայատառ տապանաքարերով: Ադրբեջանական պատմության որևէ հետք չկա գրավյալ կոչված մեր հայրենիքում: Իսկ ովքեր փորձում են նորից հային դուրս հանել իր հայրենիքից, թող դաս առնեն 2016-ի ապրիլյան իրադարձություններից: Նշեց, որ ազատագրումից մինչ օրս շրջանում ստեղծվել է 53 հանրակրթական դպրոց, որտեղ դաստիարակվում են հայրենասիրական բարձր պատասխանատվությամբ օժտված քաշաթաղցիներ: Շրջվարչակազմի քարտուղարության աշխատակից Արուս Գալստյանն անընդունելի համարեց Զ. Թադևոսյանի ելույթը և դատապարտեց ազգադավությունը:

   Եղան այլ ելույթներ ևս, և բոլորի խոսքը մեկն է՝ թույլ չտալ, որ ուրիշները որոշեն մեր ճակատագիրը: Վերջում հանրահավաքի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Բերձորի <<Մերան>> թերթի խմբագիրը՝ հատուկ ՀԱՅ ՁԱՅՆ-ի համար

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ