Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Բուհի պատրաստած մասնագետները պետք է կարողանան համալրել պահանջարկը

am
Bowhi patrastats masnagetnere petk` e karoghanan hamalrel pahanjarke_41591

Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստում քննարկվեց 2016-2017 ուսումնական տարում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը, որը ներկայացրեց ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Հաշվետու ժամանակաշրջանում բուհում կարևորվել է դասախոսի արհեստավարժությունը և դասավանդման մեթոդիկան, աշխատանքներ են տարվել հանրապետությունում առկա կարող ուժերի ներգրավման, գործընկեր բուհերի մասնագետների հրավիրման և կադրերի երիտասարդացման ուղղությամբ: Համալսարանը շարունակում է աջակցել դասախոսների մասնագիտական աճին, երիտասաարդների գիտական աշխատանքների կատարմանը: Հաշվետու տարում մեկ հոգի պաշտպանել է դոկտորական, իսկ 7 հոգի` թեկնածուական ատենախոսություն:

Ընդհանուր առմամբ, համալսարանում նկատվում է ուսանողների թվի նվազման միտում, նշեց Մ. Մինասյանը: Եթե վեց տարի առաջ ԱրՊՀ-ում սովորում էր 4159 ուսանող, ապա անցյալ տարի այդ թիվը կազմել է 2677:

ԱրՊՀ հեռահար նպատակը գիտական առաջատար օղակի կայացումն է, կրթական և գիտական գործունեության հավասարակշռումը, որը ստույգ պայմաններում ռեկտորն անիրական համարեց: Հիմնավորումը հետևյալն էր` գիտությանն ուղղվող ծախսերի չափը նախահաշվում կազմել է 2,5 մլն դրամ կամ ընդհանուրի 0, 2 տոկոսը: Գիտությունը երիտասարդ կադրերին չի հրապուրում, տնտեսությունից առանձին հետազոտական պատվեր, հետևաբար նաև եկամուտներ համալսարանը չի ստանում:

Որոշակի հաջողություններ են արձանագրվել համագործակցության ուղղությամբ: ԱրՊՀ-ն ընդհանուր առմամբ 30 բուհերի հետ ունի համագործակցության պայմանագրեր: Արդյունավետ է համագործակցությունը հատկապես ՀՀ տնտեսագիտական պետական համալսարանի, ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ: «Մենք խնդիր ունենք ուսանողի մոտ հետազոտական և ստեղծագործ աշխատանքի ունակության, քննադատական և վերլուծական մտածողության զարգացման, ընդհանրապես նրանց նախաձեռնողականության ու նորարական զարգացման առումով»,-շեշտեց Մ. Մինասյանը:

2017թ. ֆինանսական ծախսերի կառուցվածքը չէր տարբերվում նախորդ տարիներից. եկամուտների գերակշիռ մասը գոյացել է ուսանողների ուսման վարձավարներից, իսկ ծախսերի 88 տոկսը կազմել է աշխատավարձը:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց համալսարանի հավատարմագրման գործընթացի կապակցությամբ, նշելով, որ դա բարդ գործընթաց է և մարդկային ու ֆինանսական զգալի ռեսուրսներ է պահանջում:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը կրթության որակի բարձրացման գործում մատնանշեց վերապատրաստման դասընթացները հանրապետության սահմաններից դուրս կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչպես նաև օտարերկրյա փորձի ուսումնասիրումն ու բուհ-տնտեսություն կապը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը քննադատաբար արտահայտվեց համալսարանի գիտական տեղեկագրի որակի և գիտական բովանդակության մասին: Նա անարդարացի համարեց, որ ժամավճարով աշխատող դասախոսների դրւյքաչափը կրկնակի ցածր է հաստիքային դասախոսների դրույքաչափից:

ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում անդրադարձավ վերջին տարիներին բուհի գործունեությունը կանոնակարգելուն ուղղված ջանքերին: ԱրՊՀ հետագա անելիքներից նա, մասնավորապես, առանձնացրեց բուհի հավատարմագրման գործընթացը, «Բարձրագույն կրթության» մասին նոր օրենքի կիրարկումը և համալսարանի գլխավոր շենքի հիմնանորոգումը: Հավատարմագրման առնչությամբ նախարարն ասաց, որ խնդիրը ֆինանսները հաղթահարելը չէ, այլ պահանջվող չափանիշներն ապահովելը:

Նախարարի կարծիքով` մասնագիտությունների ցանկը վերանայելու կարիք այսօր կա: Բնագիտական ուղղվածության ուսանողների թվի նվազում առկա է նաև ՀՀ-ում: Ըստ նրա` զուգահեռ աշխատանքներ պիտի տարվեն հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում:

Ինչ վերաբերում է դրսում վերապատրաստվելուն, ապա նախարարի կարծիքով` պետք է ակտիվացնել համագործակցությունը տարբեր բուհերի հետ և վերապատրաստման ծրագրերից լայնորեն օգտվել:

Տնտեսության հետ թույլ կապն անթույլատրելի է, նշեց Ն. Աղաբալյանը` հավելելով, որ նախաարարության կողմից աշխատանքներ են տարվում գործատուների հետ կապն ուժեղացնելու ուղղությամբ: «Մեր պատրաստած մասնագետները պիտի համալրեն տնտեսության պահանջարկը, և այս առումով մենք ինքներս պետք է քայլ կատարենք: Գործարար շրջանակների ներկայացուցիչները պատրաստակամ են համագործակցության համար, պարզապես երևի մեր նախաձեռնողականությունն է թույլ: Առաջիկայում կփորձենք այդպիսի հնարավորություններ ստեղծել»,-խոստացավ նախարարը:

Նիստում ամփոփիչ խոսք ասաց բուհի խորհրդի նախագահ, ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Ամեն մի ելույթում մի ինչ-որ կետ կա, որ պետք է հաջորդ աշխատանքների մեջ հաշվի առնել և ելնել այդ իրողություններից: ԱրՊՀ-ն այն հաստատությունն է, որը դիրքորոշում և քաղաքականություն է մշակում ու պետք է նաև թելադրի: Սա է այդ պատասխանատվության բաժինը: Այսինքն` մենք ոչ միայն կրթության և գիտության հետ կապված հարցեր պետք է քննարկենք ու տարվա ընթացքում իրականացնենք, այլև պետք է հաշվի առնենք, որ սրանից կախված է երկրի ապագան` եթե ոչ այսօր, ապա 5-10 տարի հետո»,- ասաց Ա. Ղուլյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ