Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Չոբանբայաթի, որի ունկնդիրը միմիայն իրենք են

am en
Ch`obanbayat`i, ori ownkndire mimiayn irenk` en_39132

Հունվարի 13-ին լրանում է Բաքվում հայերի կոտորածի հերթական տարելիցը: 1990-ի հենց այս օրը հայերի նկատմամբ բռնություններ են սկսվել Ադրբեջանի մայրաքաղաքում, որոնք շարունակվել են շուրջ մեկ շաբաթ, մինչև որ, վերջապես, Կրեմլի հրահանգով զորքեր են մտցվել քաղաք` կանգնեցնելու խժդժությունները:

Նախճիր հրահրողն Ադրբեջանի իշխանությունն էր` ի դեմս ԿԿ առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովի: Հայտնի է, որ Վեգիրովը, հանդիպելով ժողճակատի ներկայացուցիչների հետ, կոչ է արել վտարել հայերին, ինչպես որ մինչ այդ արվել էր Սումգայիթում, Կիրովաբադում և այլուր:

Հատկանշական է, որ հայերի դեմ ուղղված խժդժություններն աստիճանաբար վերածվել են հակակառավարական /հակառուսական/ գործողությունների, որի պատճառով էլ Կրեմլում որոշում է կայացվել հունվարի 20-ին Բաքվում մտցնել արտակարգ դրության ռեժիմ: Բնականաբար, տեղի են ունեցել ընդհարումներ զինվորների ու գրոհայինների միջև, որի հետևանքով մի քանի գրոհայիններ են սպանվել: Իսկ թե ջարդերի ընթացքում քանի հայ է զոհվել կամ անհետ կորել, դժվար է ստույգ ասել. անժխտելի է, որ ավելի, քան 250.000 հայերից ոչ ոք հետայդու չի մնացել Ադրբեջանի մայրաքաղաքում:

Այդ իրադարձություններին պաշտոնական Բաքուն միշտ էլ արձագանքել է նեղացածի կեցվածքով` նույն շեշտադրումն անելով,, թե իբր Միխայիլ Գորբաչովի կողմից Բաքու զորք մտցնելն ուղղված է եղել ադրբեջանական ժողովրդի դեմ: Ավելին, նրանք նույնիսկ հերոսացրել են ընդհարումների ժամանակ սպանված ջարդարարներին` սրբացնելով նրանց հուղարկավորման վայրը: Շեհիդների ծառուղին այսօր բաքվեցիների համար դարձել է յուրօրինակ ուխտատեղի, որտեղ ըստ առիթների կազմակերպվում են պաշտոնական և հասարակական նշանակության միջոցառումներ:

Միանշանակ է, որ Բաքվի նեղացկոտ պահվածքը ոչ այնքան իրենց նահատակների հիշատակը հարգելու, որքան հունվարյան դեպքերի բուն իմաստը նենգափոխելն է: Ազերական նորօրյա պատմագրությունը ոչ մի նշում չունի 1990-ի հունվարին հայերի զանգվածային սպանությունների ու թալանի մասին, մատնանշվում է միայն խորհրդային զորքերի կողմից Բաքուն «արյան ծով դարձնելու» ինքնանպատակ թեզը: Իսկ վերջերս էլ կասպյան տրուբադուրներն սկսել են բացեիբաց խոսել հայերի զոհվելու մասին` այդ համատեքստում Բաքվի ողբերգական դեպքերի համար մեղքը բարդելով կենտրոնական ուժային կառույցների վրա:  Մասնավորապես, նման բովանդակություն ունի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի` օրերս Karabakh. TV հեռուստաալիքին տված հարցազրույցը: Ալիզադեն հայտնի անուն է Ադրբեջանում, ուստի պատահական չէ Բաքվի ջարդերի նախօրյակին նրա բերանով բարոյախոսական քարոզներ կարդալը: Իսկ զարդուշտյան գաղափարաբանության էությունը հետևյալն է` ադրբեջանցիները լավ ժողովուրդ են, այդ Մոսկվան է ստորաբար հայերի ջարդ կազմակերպել Բաքվում, որպեսզի իրար դեմ լարի երկու դրկից ժողովուրդներին:

Ալիզադեն նաև խոստովանում է, որ բռնությունների ընթացքում զոհվել է 56 հայ: Իսկ գեհենն իրականացնողները, ըստ քաղաքագետի, բացառապես եղել են խորհրդային ԿԳԲ-ի ու ՆԳՆ-ի պատասխանատուները: Եթե հայերի կոտորածը կազմակերպած լինեին ադրբեջանցիները, ապա զոհերի թիվը բազմապատիկ շատ կլիներ, քանզի տվյալ պահին Բաքվում ապրում էին հարյուր հազարավոր հայեր, որոնց թվում կային ծերեր, կանայք ու երեխաներ. այսպիսի հետևություն է անում ազերի քաղաքագետը` ավելացնելով, որ ադրբեջանցիները նույնիսկ օգնել են ազգությամբ հայ հարևաններին, նրանց փախցրել ջարդարարների ձեռքից:

Կոտորածի նպատակն էլ, ոչ ավել, ոչ պակաս, Խորհրդային Միության փլուզումն էր, որպեսզի հետագայում կարողանան անարգել տիրանալ հսկա կայսրության հարստությանը: Իբրև ասվածի վկայություն` քաղաքագետն օրինակ է բերում ԿԳԲ-ի նախկին գնդապետ Վլադիմիր Պուտինին, ով այսօր տիրապետում է Ռուսաստանի հարստության մի զգալի մասին:

Փորձենք, սակայն, ասվածն ընկալել առանց զավեշտի: Ինչպե՞ս կարող է բոլորի աչքի առաջ մի ամբողջ շաբաթ լլկեն, թալանեն, խոշտանգեն հայազգի անմեղ քաղաքացիներին, ու դրա դեմն առնելու փորձ նույնիսկ չարվի: Որտե՞ղ էին այդ օրերին գտնվում քաղաքի ոստիկանությունը, անվտանգության մարմինները, դատախազությունը, ո՞ւր էին կորսվել կոմունիստական ու կոմերիտական մարմինների պատասխանատուները, արհմիությունները, կամավորական երիտասարդական կազմակերպությունները…Իհարկե, նրանք կատաղած ամբոխի առաջին շարքերում էին ու ոգևորում էին բարբարոսներին:

Զղջո՞ւմ են Ադրբեջանում իրենց քաղաքացիների նկատմամբ քսանութ տարի առաջ իրականացրած ոճրագործություննների համար: Փորձ է արվում հաշտության ձեռք մեկնելո՞ւ…Ամենևի՛ն: Նրանք ընդամենը մի բանի համար են ափսոսում` որ չեն կարողացել Ղարաբաղում ևս «հունվարյան» ջարդ կազմակերպել:

Մնացյալը պարզապես չոբանբայաթիի կլկլոց է, որի ունկնդիրը միմիայն իրենք են:

 

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

 

Հ.Գ. Չոբանբայաթի-ն այստեղ կիրառված է որպես սուտ ողբերգություն: 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ