Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Դամասկոսում մի քիչ զգուշության եւ համբերության կարիք կա այս պահին. Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

am
Damaskosowm mi k`ich` zgowshowt`yan ew hamberowt`yan karik` ka ays pahin. Siriayi khorhrdarani patgamavor_50802

Անցնող շաբաթների ընթացքում Սիրիան կրկին դարձավ միջազգային լրահոսի հետաքրքրության առանցքներից մեկը: Այս անգամ կիզակետում էր Դամասկոսը, մասնավորապես, Արեւելյան Ղութա ու հարակից շրջանները, որտեղ թեժ մարտեր են ընթանում: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը փետրվարի վերջին հայտարարեց, որ սիրիական բանակը զանազան ահաբեկչական խմբավորումներից ամեն գնով պիտի ազատագրի Ղութան… Հիշեցնենք, որ 2013 թվականից ի վեր Դամասկոսի կենտրոնական շրջաններից մոտ ինը կմ հեռավորության վրա գտնվող Արեւելյան Ղութան անցել էր ահաբեկիչ զինյալների տիրապետության տակ, որոնք հրթիռակոծում էին մասնավորապես Դամասկոսի խաղաղ բնակչության շրջանները, իսկ այդ բնակավայրերին մոտ են գտնվում Հայաստանյաց Առաքելական եւ կաթողիկե առաջնորդարանները եւ մի շարք հայկական վարժարաններ:

Մինչեւ այս պահը մարտերը շարունակվում են: Ըստ պաշտոնական տվյալների, Սիրիայի բանակին հաջողվել է ազատագրել Ղութայի ութսուն տոկոսը, հազարավոր քաղաքացիներ շարունակում են դուրս գալ այնտեղից, զինյալների մի կարեւոր մասը նույնպես հեռանում է եւ ուղղվում դեպի Իդլիպ, որ նույնպես համարվում է ահաբեկիչների կարեւոր կենտրոններից մեկը: Դամասկոսում տիրող իրավիճակի շուրջ «Հայ Ձայն» -ը զրուցեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի հետ:

 

-Ինչպիսի՞ն է հիմա իրավիճակը Դամասկոսում եւ հատկապես հայկական կառույցներին մոտ շրջաններում:

-Այն արվարձանում, ուր հիմա մարտերը չափից ավելի թեժացել են եւ հավանաբար իրենց վերջնական ավարտին են հասնում, մոտ են այն թաղամասերին, որտեղ գտնվում են մեր առաջնորդարանները, հայկական դպրոցներից երկուսը եւ ընդհանրապես, հայաբնակ թաղամասերն ու հայերի վաճառատները: Մոտավորապես զուգահեռ գծի վրա են գտնվում: Տարիներ շարունակ արեւելայն այդ շրջաններից ահաբեկիչները գնդակոծում էին մոտակա արվարձանները, որտեղ նշածս հայկական կառույցներն ու հայերի բնակավայրերն են գտնվում: Անցնող տարիներին ունեցել ենք վիրավորներ, զոհ էլ ենք ունեցել, վերջին երկու ամսում երկու վիրավոր ունեցանք… Տեղի միությունների, ակումբների պատասխանատուներն անմիջապես հասնում են դեպքերի վայրերը եւ անմիջապես հիվանդանոց են հասցնում վիրավորներին կամ առաջին բժշկական օգնությունն են ցույց տալիս: Ասեմ, որ նույնիսկ բնակարանային հարցեր են լուծում, որովհետեւ բնակարաններն էլ բնականաբար որոշ չափով վնասվում են:

Դպրոցները պետականորեն բաց են, բայց նշածս արվարձաններում գործող դպրոցները՝ թե՛ հայկական եւ թե՛ ոչ հայկական, վտանգի տակ են, եւ ծնողներին մինչեւ օրս չեն խրախուսում, որ երեխաներին դպրոց ուղարկեն, ուստի անցնող երկու-երեք շաբաթներին աշակերտները քիչ են հաճախում դպրոց՝ խուսափելով որեւէ վտանգից: Վերջին շրջանում թիրախավորվել են նաեւ դպրոցները, դրանից առաջ հիվանդանոցներն էին թիրախավորվել, երեւում է՝ ահաբեկիչները հատուկ թիրախավորման խնդիր են դնում իրենց առջեւ:

-Այս պայմաններում ինչպե՞ս են գործում հայկական միութենական կառույցները, որոնք ավանդաբար աշխույժ գործունեություն են ունեցել:

-Միութենական գործունեությունը վերջին մեկ ամսում թուլացել է, չնայած փակագծում ասեմ, որ անցած շաբաթ երկու տիկնանց միություններ Միջինքի ձեռնարկներ արեցին, նրանք կարողացան բարեհաջող կերպով անցկացնել, բայց դրանք քաղաքի կենտրոնական թաղամասերում տեղի ունեցան, որպեսզի մասնակիցները վտանգի տակ չհայտնվեն:

Վերջերս Դամասկոսում հիմնվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակի հանձնախումբը, որ Դամասկոսում Հայաստանի հանրապետության դեսպանատան եւ դեսպան դոկտոր Արշակ Փոլադյանի հետ համագործակցաբար տարվա ընթացքում պետք է կազմակերպի հարյուրամյակի միջոցառումները:

 

-Իսկ Դամասկոսի հայությունը երկիրը կամ քաղաքը լքելու տրամադրվածություն ունի՞:

-Եթե նման խնդիր լիներ, ապա անցնող երեք տարիներին կլիներ, որովհետեւ նույն վիճակն էր տիրում նաեւ այդ տարիներին: Այս պահին նման տրամադրություններ չկան, ով որ պիտի լքեր, լքեց արդեն, նրանք ուսանողական խավից էին, երբեմն՝ գործարարներից, որոնց գործերը տուժեցին, որովհետեւ իրենց գործատեղիները վտանգված շրջաններում էին… Հիմա այդ խուճապային վիճակը չկա: Այսօր թերեւս ա՛յլ ազդանշաններ կան, այն, հույսի նշաններ կան, որ առաջխաղացում կա, մի քիչ զգուշության եւ համբերության կարիք կա այս պահին: Վերջին երկու օրերին պատահածները այդ են հուշում: Նշաններ կան, որ իրավիճակը թերեւս կարող է փոխվել առաջիկա օրերին: Իհարկե, մյուս կողմից էլ քաղաքականության եւ ռազմական իրավիճակում ապրողները նման հույսերով չպետք է բավարարվեն, այլ սպասեն գործնական իրադարձությունների, քանի որ այստեղ քաղաքական որոշում կա, այստեղ ռազմական գործողություններ կառավարող պետություն կա: Ես կարծում եմ, որ այնքան ժամանակ, քանի դեռ պետություններ կան, որոնք չեն ուզում, որ Միջին Արեւելքի մեջ խաղաղություն տիրի, չեն հարգում կամ ուզում են խախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, այո՛, պատերազմը պիտի շարունակվի, բայց մյուս կողմից էլ, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը, Իրանը, ինչու չէ՝ Հայաստանը եւ ինքը՝ Սիրիայի կառավարությունը միասնաբար մտածելով քաղաքական լուծումի հասնելու ճիգ են գործադրում, քաղաքական քայլեր են անում՝ խաղաղության հասնելու համար:

Պետք է նշեմ, որ Դամասկոսի մի շարք թաղամասեր եւ արվարձաններ դեռեւս հրթիռակոծման են ենթարկվում, բայց այս պահին սիրիական բանակն առաջ է գնում Արեւելյան Ղութայում՝ ազատագրելով բավականին լայն տարածքներ, իսկ վերջին օրերին մի դամասկահայ զինծառայող վիրավորվեց, որը ծառայում էր Դամասկոսի արվարձաններից մեկում: Նա հիմա գտնվում է հիվանդանոցում եւ համապատասխան բուժում է ստանում:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ