Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Դեմ եմ այն քարոզին, որը կարող է վնասել մեր մշակութային արժեքները, մեր ազգի պահպանության հիմնասյուները

am
Dem em ayn k`arozin, ore karogh e vnasel mer mshakowt`ayin arzhek`nere, mer azgi pahpanowt`yan himnasyownere_99323

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցը Հայաստանի մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑՆ է

-Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի Անկախության 27-րդ տարեդարձը: Որպես Հայաստանում հեղափոխություն իրականացրած ուժի ներկայացուցիչ՝ ինչպիսի՞ զգացում ունեք տոնին ընդառաջ:

-Անկախությունն այս տարի անձամբ ես յուրովի եմ զգում, ընկալում: Այն զգացողությունը, որ ունեմ հիմա, երբևէ չեմ ունեցել: Երբ ծրագրում էինք անկախության օրվա միջոցառումները, մտահղացումը հետևյալն էր, որ դրանք պետք է լինեն պարզ, անմիջական, բայց միևնույն ժամանակ՝ ներառող, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ ինքն անկախության տերն է, մասնիկն է, կրողն է, բայց նաև պատասխանատուն: Այսինքն, նոր Հայաստանում նման շեշտադրումներ ենք ուզում անել, որպեսզի ընկալելի լինի, որ ցանկացած լավ փոփոխություն կախված է միմիայն մեզանից և դրա պահպանումը նույնպես մեզանից է կախված:

-Մտավորականների շրջանում լուրջ դժգոհություն կա, որ մենք հեռանում ենք մեր արժեհամակարգից, անտեսում մեր հայրերի թողած ժառանգությունը, աղճատում ենք մեր ազգային դիմագիծը, ու այդ մեղադրանքներն ուղղվում են հենց ձե՛ր իշխանությանը, որը կարծես, այնքան էլ «նրբանկատ» չէ ազգային հարցերում, և դրանով իսկ դառնում եք բավականին խոցելի:

-Գլոբալիզացիայի դարաշրջանում և գլոբալիզացման հետևանքով շատ երկրներ ունեն այդ մտավախությունը: Հատկապես, պահպանողական ու հարուստ մշակույթ ունեցող երկրները մշտապես մտահոգված են այդ խնդրով, որ պետք է պահպանեն իրենց մշակույթն ու ժառանգությունը՝ իհարկե չանտեսելով թարմացումներն ու նոր մոտեցումները: Մենք միանշանակ կողմնակից ենք զարգացումներին ու նոր մոտեցումներին, բայց առանց որևէ կերպ աղճատելու կամ ի վնաս մեր մշակույթի և մշակութային ժառանգության քայլեր անելու:

-Տեղյակ ե՞ք, որ նոյեմբերին սպասվում է ԼԳԲՏ համայնքի համագումարը Հայաստանում...

-Չգիտեի, անկեղծ ասած... ձեզանից լսեցի:

-Մեզանում անվերջ քարոզվում է հանդուժողականություն՝ ամեն տեսակի օտարածին գաղափարների հանդեպ: Ինչի արդյունքում՝ առավել ագրեսիվացած աղանդավորներն ու լգբտ-ականներն իրենց քարոզը հասցրել են անգամ դպրոց ու մանկապարտեզ, ամեն քայլափոխի ոտնահարվում է հայ ժողովրդի մեծամասնության իրավունք, ո՞վ, եթե ոչ պետությունը պետք է տեր կանգնի ու իր հսկող, զննող աչքով երկիրը հեռու պահի նման վտանգավոր քարոզչությունից՝ ախտից, ինչն ի դեպ, օրենքով է արգելված:

-Նախ, որպես քաղաքացի և որպես մարդ ասեմ, որ ըստ իս՝ յուրաքանչյուրն ազատ է թե՛ անձնական, թե՛ դավանանքի տիրույթը որոշելու հարցում, և մեր կրոնն այդ տեսանկյունից բավականին հանդուրժող է դիմացինի ընտրության նկատմամբ:

Սակայն դարեր շարունակ մենք կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը, գոյատևել և հասնել ենք այս օրվան՝ շնորհիվ մեր ավանդույթների, մեր մշակութային արժեքների, որի հիմքում նաև ավանդական ընտանիքի մոդելն է:

Որպես մշակույթի նախարար՝ ես մտածում եմ այնպես, ինչպես մեր կրոնն է ուսուցանում՝ մենք հանդուրժող ենք ցանկացած քաղաքացու ընտրության հանդեպ, սակայն դա չի վերաբերում քարոզին: Եվ ես դեմ եմ քարոզին, դեմ եմ այն քարոզին, որը կարող է վնաս հասցնել մեր մշակութային արժեքներին և այն ամենին, ինչը եղել է մեր ազգի պահպանության հիմնասյունը:

-Ուրախ եմ ձեզանից լսելու այս խոսքերը, որովհետև տպավորություն է ձևավորվել, որ ներկա իշխանությունը աչք է փակել այս վտանգների առաջ, ավելին, նրանում կան անձինք, որոնք հակառակ մոտեցումն ունեն:

-Այն երևույթները, որոնց մասին դուք մատնանշում եք, գոյություն են ունեցել ոչ միայն այսօր, այս իշխանության օրոք, այլ նաև դրանից առաջ: Որպես մշակույթի նախարար՝ ես ունեմ իմ հստակ դիրքորոշումն այս առումով, որն արդեն ներկայացրի:

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ և ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Արմինե Սիմոնյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ