Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Երևանը հանգրվան է. Հրանտ Մաթևոսյան

am
Erewane hangrvan e. Hrant Mat`ewosyan_98575

Երևանը հայ ժողովրդի դարավոր ընթացքի ամենակարևոր հանգրվանն է, ապագա ընթացքի մեկնարկը, հայության հույսն ու լույսը։ Թե իմանայիք՝ ինչ էր քաղաքը 20-ական թվականներին. ողջ հայությունը Հալեպից, Պոլսից, Թիֆլիսից, Մոսկվայից գալիս էին էստեղ՝ էս քոսոտ կավի գյուղաքաղաքը՝ հաշիշով հագեցած։

Բայց նրանք՝ Արուս Ոսկանյանը՝ էդ շքեղ կինը, Հրաչ Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը՝ էս ժողովրդի սերուցքը, իրենց մայրաքաղաքն էին շինելու՝ Թամանյանի սրտից, Թորամանյանի սիրուց բխած, որ տասնամյակներ հայոց հին տաճարի ավերակներում ողկույզների փոշին էր սրբում, կիրն էր ձեռքի մեջ տրորում՝ Երևանը հառնեցնելու համար։ Ու մեծ քաղաք, մայրաքաղաք ունեցանք։

Կարողանանք չտեսնել ժամանակի դժվարությունները. դատարկված արվարձանները, չծխացող գործարանները, ինչպես որդին կարող է ուրանալ ծնողի արատը, կարողանանք էդ արատն ուրանալ և դարձյալ գուրգուրել մեր գեղեցիկ, հզոր քաղաքը, որ տեսնենք քաղաքի շունչը նորից կենդանացած, նորից աշխույժ, զվարթ, մարդկանց՝ միմյանց հանդեպ սիրով լեցուն։ Գուրգուրե՛նք և կունենանք այդ քաղաքը, որովհետև ի սկզբանե էր։ Աստված չտա, որ սև բերաններ բացենք մեր քաղաքի վրա, որ չարությամբ խոսենք մայրաքաղաքի մասին, ուրիշը չունենք. աշխարհը լի է գեղեցիկ քաղաքներով, բայց մերը չեն. ինչ կուզես՝ ասա, մերն այս է։

Եթե արժանավոր մարդիկ ենք, մեզ արժանի քաղաք պիտի ունենանք, եթե մշակութային ժողովուրդ ենք, եթե ճկուն, դիմացկուն, իրասածի ցեղ ենք, պետք է ունենանք մեր քաղաքը։

Փարիզը գեղեցիկ է, շատ գեղեցիկ, հարուստ քաղաքներ կան՝ հաջողությունը հաջողության վրա կուտակած՝ սկսած սալարկից, պատերից, իմպերիական հաջողությունների պատմությամբ։ Էդ հարուստը չենք մենք, միշերտանի է մեր քաղաքը. մի՛ հաջողության քաղաք է, և ժամանակը այլ հարստության շերտեր պետք է կուտակի մեր որդիների, որդոց որդիների օրոք։ Աստված տա՝ մի 100 տարի հետո Երևան եկողները տեսնեն, որ այստեղ շերտ շերտի վրա հարստություն կա և դարերի, սերունդների աշխատանք։

 

Հրանտ Մաթևոսյան

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ