Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Երևանում կայացավ առաջին Ճապոնական երաժշտական մրցույթ-փառատոնը

en am ru
Erewanowm kayats`av arhajin Chaponakan erazhshtakan mrts`owyt`-p`arhatone_78263

Երևանի Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում հուլիսի 15-ին անցկացվեց առաջին Ճապոնական երաժշտական մեկօրյա մրցույթ-փառատոնը, որը կազմակերպել էր հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակաման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ն Հայ-Ռուսական համալսարանի աջակցությամբ:

Փառատոնը սկսվեց Շուշան Սարգսյանի հեղինակած «Revive Japan» երգով՝ նվիրված 2011 թվականի երկրաշարժի և ցունամիի հետևանքով Ֆուկուշիմայի աղետի զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յամադա Ջունը: Նա ասաց, որ երջանիկ է տեսնել այդչափ սեր և հետաքրքրվածություն ճապոնական մշակույթի հանդեպ հայ երիտասարդ սերնդի մեջ, ինչպես նաև նշեց, որ պատրաստ է առաջին տեղ շնորհել բոլոր մասնակիցներին:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև «Իրոհա» կենտրոնի հիմնադիր-նախագահ Ռուզան Խոջիկյանը:

Մրցույթ-փառատոնի մասնակիցները 11-ն են: Նրանք ներկայացրեցին ճապոնական երգ, երաժշտություն և պար:

ժյուրիի կազմում էին դեսպան Յամադա Ջուն, կոմպոզիտոր, երաժշտագետ և երաժշտական պրոդյուսեր Շուշան Սարգսյանը, միջազգային մրցույթի դափնեկիր, «Նաղաշ» անսամբլի մենակատար Տաթևիկ Մովսեսյանը, «Ալտերնատիվ» ռոք խմբի վոկալիստ, "X factor" և «Դեպի Եվրատեսիլ» նախագծերի մասնակից Սարգիս Բուռնազյանը:

Երրորդ տեղը զբաղեցրին երկու մասնակից՝ Մարինա Ղազանջյանը «Sweet memories» երգով և Անահիտ Պարսեգովան «Takeda no komori uta» երգով: Երկրորդ տեղում էր Դիանա Շահվերդյանը «Inochi no namae the name of life» երգով: Հաղթող ճանաչվեց Մարիա Բարսեղյանը «Happy synthesizer-Kinyoubi no ohayou» պարով:

Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր և նվերներ:

Փառատոնի կազմակերպիչները անակնկալ էին պատրաստել մասնակիցների և հանդիսատեսի համար՝ փառատոնին ելույթ ունեցան հատուկ հյուրեր «Հայ լաո» դուետը՝ Տիգրան և Վարդան Թադևոսյանները, ովքեր ներկայացրին «Կոտորածի ծաղիկներ» (Շյուրա նո հանա) և («Լուսնի անապատը» (Ցուկի նո սաբակու) ստեղծագործությունները:

Ոչ մրցութային կատարումները եզրափակեցին փառատոնի հատուկ հյուրերը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և այլ երկրների բեմեր նվաճած, բազմաթիվ հեղինակավոր փառատոնների մրցանակակիրներ քանոնահարուհիներ Մերի Մուսինյանը և Քրիստինե Ենգոյանը, ովքեր ներկայացրեցին «Սակուրա» ստեղծագործությունը, ինչպես նաև Ծովինար Հովհաննիսյանի հեղինակած «Էքսպրոմտը»:

Տաթևիկ Մովսեսյանը կատարեց «Takeda no komori uta» և «Ue wo muite arukou» ստեղծագործությունները, իսկ Սարգիս Բուռնազյանը՝ «Tokyo ghoul opening» երգը:

Միջոցառման աջակիցներն են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, ճապոնացի գործարար Հիրոկի Տաչիիրին, Մեդիա գրուպը:

Գոհար Իսախանյան

Գոհար Իսախանյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ