Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Երիտասարդ ռամկավարների Անկախության բանաձևը

am es
Eritasard rhamkavarneri Ankakhowt`yan banadzewe_100733

Վարդգես Գրիգորյան, Վարդենիս

Անկախությունը բոլորիս երազանքն էր, որ իրականացավ 27 տարի առաջ

  Ցանկացած պետություն ձգտում է անկախության, առանց անկախության սերունդները պատմություն չեն կարող ստեղծել: Այն հանգամանքը, որ մարդը գիտակցում է, որ ապրում ու արարում է ազատ ու անկախ երկրում, շուրջն ամեն ինչ դառնում է իրական:

Անկախ երկրում ապրելով՝ հասկանում ես, որ ազատ մարդ ես, ազատության իրավունք ունես, կարող ես ապրել այնպես, ինչպես ուզում ես:

Ես մեծ նպատակներ եմ կապում Հայաստանի նոր կառավարության հետ: Համոզված եմ, որ մեր երկիրը մեծ հեռանկարներ է ունենալու:

Կարծում եմ, որ երկրի զարգացումը պետք է սկսվի գյուղական համայնքից, քանի որ ցանկացած երկրի հիմքում գյուղն է ու գյուղացին, պետք է հենց նրանց հնարավորություն տրվի արարելու ու երկրի համար տնտեսական աճ, զարգացում ապահովելու: Եթե գյուղը հարուստ է ու զարգացած, ապա ծաղկուն ու զարգացող է նաև պետությունը: տնտեսության զարգացումը կախված է գյուղից:

Հայ ժողովուրդը հազարամյակների պատմություն ունի, և պատմության քառուղիներում մենք մերթ անկախ ենք եղել, մերթ հայտնվել ենք օտարի լծի տակ, կախված մեր աշխարհագրական դիրքից: Իսկ այժմ մենք ունենք անկախություն, ազատ հայրենիք, այսօր էլ մեր անկախ հայրենիքը աշխարհին հայտնի դարձավ աննախադեպ թավշյա հեղափոխությամբ և մեկ անգամ ևս աշխարհը համոզվեց, որ մենք ուժեղ ու հզոր ազգ ենք:

Այսօր, մեր տակավին երիտասարդ պետությունը տոնում է իր 27-րդ տարեդարձը, ու կցանկանայի այդ առիթով շնորհավորել մեր հայրենակիցներին՝ ինչպես հայաստանաբնակ, այնպես աշխարհասփյուռ, քանի որ դժվարությամբ ձեռք բերված անկախությունը բոլորինս է: Կցանկանայի մեր հայրենակիցներին խաղաղություն, թող պատերազմներ երբեք չլինեն մեր հայրենիքի սահմաններին, խաղաղ երկինք՝ ամենակարևորը: Ազատ ու անկախ պետություն ստեղծելու համար մեր հերոսների արյամբ ենք վճարել, հերոսներ, որոնցով մենք հպարտանում ենք...

  Հիմա էլ, ցանկացած ՀՀ քաղաքացի, իմ խորին համոզմամբ, պետք է օգնի իր երկրին, իր պետությանը հզորանալու ու ավելի ամրապնդվելու համար, յուրաքանչյուր անհատ ի զորու է հզորացնել իր երկիրը: Մարդը չպետք է ձեռքերը ծալած ու անգործ նստի, նա պետք է զբաղվի իր գործով ու նպաստի հայրենիքի հզորացմանը:

 

 

Վազգեն Բարսեղյան, Գյումրի

Ես հպարտ եմ իմ  հայրենիքով, փոքր, բայց մեզ համար ծովից ծով ձգվող Հայաստանով

Ծնվելով ու հասակ առնելով անկախ Հայաստանում հասկացել եմ, որ իմ երկրի գոյության, հարատևման մեկ տարբերակ կա՝ դա Հայաստանի անկախ լինելն է,  երկրորդ տարբերակ՝ պարզապես, չկա:

   Անկախությունը կարևոր արժեք է, որի գոյությամբ ու գիտակցումով ապրում ես ամեն մի օրդ: Ամեն առավոտ արթնանում ես անկախ, ազատ երկրում ու հնարավորություն ունես անել այն, ինչը կարող է անել ազատ, ոչ ոքից ու ոչնչից կախում չունեցող մարդը՝ քո ցանկությունների համաձայն անել այն, ինչն այդ պահին քեզ համար կարևոր է կամ դրա կարիքն ունես:

Իսկ անկախությունը մենք ժառանգություն ենք ստացել մեր մեծերից: Սա նշանակում է, որ պետք է մեր երիտասարդական ողջ ներուժը ներդնենք այն պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար:

   Մենք բոլորս՝ մեծ, թե մանուկ, հպարտ ենք մեր հայրենիքով, մեր զարգացող ու աշխարհի այլ պետությունների կողքին իր հիմնավոր դերն ունեցող, փոքր, բայց մեզ համար ծովից ծով ձգվող Հայաստանով: Մեր պետությունը, մեր անկախ հայրենիքը  երիտասարդ է, դեռ միայն բոլորում է անկախության իր 27 տարին, վստահ եմ, որ տարեցտարի այն ավելի զորեղ ու հզոր է դառնալու, այնքան լավը, որքան մեր երազանքներում է:

Յուրաքանչյուրս մեր երկրի զինվորն եք, ու ես էլ պատրաստ եմ հարկ եղած դեպքում կռվել ու պաշտպանել հայրենիքս, եթե որևէ մեկը սպառնա նրա անկախությանը կամ տարածքային ամբողջականությանը:

 

 

Տարոն Մկրտչյան, Արմավիր

Մեր երկրի անկախության ամրապնդման գործում մեզնից յուրաքանչյուրն իր անելիքն ունի

Անկախությունն ինձ համար նախ բառի բուն իմաստն է՝ չլինել կախյալ ինչ-որ գործոնից։ Այն  ենթադրում է արտաքին ազդեցության բացառում, իսկ եթե այն կա, ապա լինի միայն նոր գիտելիքների, փորձի փոխանակման փոխազդեցություն և ոչ թե ազդեցություն միայն մեկ կողմից մյուսի վրա։ Իսկ երկրիս, հայրենիքիս անկախությունը մեր պապերի դարավոր, այսօր արդեն իրականություն դարձած երազանքն է, որի ամրապնդման գործում մեզնից յուրաքանչյուրն իր անելիքն ունի:

Շատ եմ լսել բոլորից նման խոսքեր՝ երկրի տնտեսական, մշակութային և այլ հարցերում առաջխաղացում գրանցելու համար ինձնից ոչինչ կախված չէ, սակայն դա այդպես չէ: Ամեն ոք իր իսկ գործը պարտաճանաչ և սրտացավորեն իրագործելով՝ երկիր կոչված մեծ օրգանիզմի մի բջջի կենսունակությունն է ապահովում։ Եվ ես հենց այդ պատճառով, նախ, իմ գործը ճիշտ կատարելով՝ կատարում եմ իմ առաջին քայլը հայրենիքիս անկախության ամրապնդման գործում։

   Գիտակցելով հավատքի, ազգային մշակույթի, արվեստի, գրականության պահպանման կարևորությունը՝ ուժերիս ներածին չափով փորձում եմ անաղարտ պահել դրանք և նույնը հորդորում եմ մտերիմներիս, սերմանում եմ մատաղ սերնդին։

    Ես չեմ ցանկանում խոստանալ գլոբալ քայլեր հայրենիքիս շենացման կամ նրա անկախության ամրապնդման գործում, քանզի եթե բոլորը կենտրոնանան գլոբալի, մեծամասշտաբի վրա, փոքրիկ քայլերը և գործերը կլինեն թերի ու կխարխլեն մեր անկախության հիմքերը: Իսկ այն, ինչը կանեմ գլոբալ առումով՝ կլինի հետևելը՝ կհետևեմ Ռամկավար Ազատական կուսակցության իմ ավագ ընկերներին, որոնք կրողն են կուսակցության ազգապահպան ու հայրենապահպան  գաղափարախոսության, իսկ դրանք, անխոս, բխում են միայն երկրիս զարգացման և բարոյական արժեքների պահպանման շահերից։

Այնուամենայնիվ, մեր տակավին երիտասարդ պետությունը դեռ երկար ուղի ունի անցնելու: Ինչպես մանուկն է պատանեկությունից թևակոխում երիտասարդություն, ապա ավելի հասուն կյանք, այնպես էլ մեր պետությունն է: Սակայն, մի բան հստակ է՝ ինչքան էլ փշոտ ու տատասկներով լինի մեր անցնելիք ճանապարհը, պետք է հստակ գիտակցենք, որ պետք է ընթանալ այն ուղով, որը մեր երկիրը կտանի դեպի ծաղկում, և պետք է խուսափենք այն ուղիներից, որոնցով քայլելիս մենք գուցե չկորցնենք նյութական արժեքներ, սակայն հոգևոր արժեքների և բարոյականության սովն անխուսափելի կլինի։

Իսկ հանուն մեր ունեցած անկախության պահպանման, մեզնից յուրաքանչյուրը պետք է նախ հետամուտ լինի իր թերությունների շտկմանը, որպեսզի իրավունք ունենա քայլ կատարելու երկրի անկախության պահպանման գործում, իսկ այդ քայլն իմ պարագայում  կարող է լինել ամենատարբեր ուղիներով՝ ամբիոնից դեպի ռազմադաշտ։

 

 

 

Օժենի Ավետիսյան, Արմավիր

Ի՞նչ է ինձ համար անկախությունը

Առաջին. Անկախ է այն երկիրը, որը ոչ մի այլ պետությունից  կախվածություն չունի, չի ենթարկվում ուրիշների կանոններին, այլ ունի իր սեփական կանոնները. Դրանով հանդերձ,  համագործակցում է բոլորի հետ:

Ինչքան էլ, որ համագործակցենք այլ պետությունների, կազմակերպությունների հետ պետք է ամեն դեպքում պահպանենք մեր ազգային արժեքները, մեր պատմական ու մշակութային արժեքները,  մեր ազգային դեմքը. Ի վերջո, նաև մեր քաղաքական դիրքորոշումը:

Կարևորում եմ իմ դերը՝ իմ անկախ երկրում: Թող զարմանալի չթվա, բայց ես ինձ պատկերացնում եմ որպես առաջնորդ Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն, մարդ, ով ունի իր փոքր թիմը, ով թեկուզ իր համայնքում ղեկավարում է 50-100 հոգանոց միություն, իսկ միություն ղեկավարելն, արդեն իսկ, մեծ պատասխանատվություն է ու հպարտանալու առիթ, քանի որ կարողանում ես մարդկանց մտածելակերպ փոխել, նպաստել ավելի հասուն, պահանջատեր հայի գիտակցության ձևավորմանը:

Կուզենայի, որ իմ անկախ հայրենիքում որոշ երևույթներ փոխվեին, օրինակ,    ավելի շատ հնարավորություններ ունենային հայ կանայք: Կարծում եմ,  անկախ Հայաստանում կանանց և աղջիկների դերը պետք է մեծանա, նրանց պետք է ավելի մեծ թվով ներկայացված լինեն թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմիններում, և առհասարակ բոլոր ոլորտներում կցանկանայի ավելի շատ կանանց տեսնել, քան այսօր տեսնում ենք: Քանի որ հայուհիները՝ լինելով ջերմ ու քնքուշ, նաև գործունյա են, ու իրենց տեսակով  կարող են քաղաքական դաշտում մթնոլորտ փոխել:

 Հանուն հայրենիքիս անկախության ամրապնդման պատրաստ եմ մնալ իմ հայրենիքում, արտերկրում ուսում ստանալ, բայց անպայման վերադառնալ հայրենիք, և իմ գիտելիքներով ու փորձով աշխատել ու զարգացնել  երկիրս:

Ըստ իս՝ դա մեծ քայլ է:

 

 

 

Անի Մանուկյան, Արմավիր

Կուզեի իրականանան  երազանքներս, որոնք նպաստելու են  հայրենիքիս շենացմանը

Անկախ Հայաստան ասելով՝ հասկանում եմ անկախ սերունդ, իսկ դա ազատությունն է, դա  երազանքներ են ու նպատակներ...

Անկախության սերունդը պետք է ամեն ինչ անի իր երկրին օգտակար լինելու համար. սա իմ համոզմունքն է:

Իմ երազանքներից մեկն է սովորել արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, ստանալ լավ կրթություն ու գիտելիքներս ծառայեցնել հայրենիքիս, պետությանս զարգացմանը: Շատ եմ ցանկանում ապագայում այնքան գումար վաստակել, որ կարողանամ օգնել կարիքավոր մարդկանց: Հնարավորինս նվազեցնել ֆինանսական խնդիրներ ունեցող հայրենակիցներիս ծանր բեռը, ցանանում եմ օգնել անօթևան ու թշվառության մեջ հայտնված մարդկանց, որբացած մանուկներին: Մեծ, շա~տ մեծ ցանկությունս է  բարի գործեր կատարելը, օգնել  դրա կարիքն ունեցող մարդկանց: իսկ այսօր, ցավոք սրտի, օգնության կարիք ունեցողների թիվը քիչ չէ: Կարծում եմ, եթե ցանկություններս իրագործվեն, ապա երկրիս առաջ ունեցած պարտքս էլ կատարած կլինեմ:

Հպարտանում եմ իմ ազատ ու անկախ հայրենիքով, հպարտանում եմ այն անմահ հերոսներով, որոնք իրենց կյանքն են նվիրել հայրենիքիս անկախացման սրբազան գործին, հպարտ եմ ու երջանիկ, որ այսօր հնարավորություն ունեմ տեսնելու օրեցօր հզորացող ու գեղեցկացող երկիրս:

Ինձ համար անկախ Հայաստանը հույս է ու հավատ պայծառ գալիքի հանդեպ:

Համոզված եմ, որ մենք՝ անկախության սերնդի ներկայացուցիչներս, լավագուն հնարավորություններն ունենք արարելու մեր հայրենիքում ու ի կատար ածելու մեր բոլոր երազանքները, առաջին հերթին այն երազանքներն ու նպատակները, որոնք նպաստելու են  մեր հայրենիքի շենացմանը: 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ