Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Երվանդ Մանարյանն այսօր նշում է ծննդյան 94-ամյակը

am
Ervand Manaryann aysor nshowm e tsnndyan 94-amyake_86287

Այսօր դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է:  

    Սիրված դերասանն իր ծննդյան օրը կանցկացնի նեղ ընտանեկան միջավայրում: Առավոտյան արդեն իսկ նրան այցելել են հին ընկերները՝ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից:  

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ. օգոստոսի 10-ին՝ Իրանի Էրաք քաղաքում: Նա սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա` Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 1957-59թթ ղեկավարել է Գորիսի դրամատիկական թատրոնը: 1970-80թթ եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, ապա` «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Հետագայում աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում:

Բեմադրել է Հ.Թումանյանի «Հազարան բլբուլ», «Անհաղթ աքլորը», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», իր «Ժամանակ էն ժամանակն էր» պիեսները: Վերջինս 1987թ. մասնակցել է Վրաստանի «Բարեկամության ջահ» միջազգային փառատոնին և արժանացել մրցանակի: Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր` «Հայկական մանրանկարներ» (1966թ.), «Միքայել Նալբանդյան» (1968թ.), «Կառամատույցի կրպակը» (1968թ.), «Լույս» (1969թ.), «Դեղանյութի ծնունդը» (1967թ.), «Նորից ամառ եկավ» (1975թ.), «Ժառանգները» (1976թ.) և այլն: Հեղինակել է «Տժվժիկ» (1961թ.), «Տերն ու ծառան» (1962թ.), «Հանդիպում ցուցահանդեսում» (1968թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.) և այլ ֆիլմերի սցենարներ: Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), «Քաոս» (1973թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն: Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն: 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ