Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Եթե «Ելք»-ը չլինի, Փաշինյանը ելք կգտնի՞

am
Et`e <<Elk`>>-e ch`lini, P`ashinyane elk` kgtni?  _66806

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցը քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ է

-«Թավշյա հեղափոխությունից» հետո նկատելի է, որ «Ելք» դաշինքում խմորումները են ընթանում, և փորձագետներից շատերն էլ չեն բացառում, որ դաշինքի անդամ կուսակցություններն առանձին-առանձին կմասնակցեն արտահերթ ընտրություններին: Դուք տեսնո՞ւմ եք հիմքեր նման գործընթացի համար:

-Այո, շատ հնավոր է, որ «Ելք» դաշինքը քայքայվի, ու կուսակցություններն ընտրություններին մասնակցեն առանձին-առանձին: Դաշինքի քայքայումը կախված է ոչ թե դաշինքի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարների անձնական խնդիրներից, այլ հարցն ավելի խորքային է: Խնդիրն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մինչ օրս չի նշվում, թե որ է լինելու Հայաստանի զարգացման ռազմավարային վեկտորը, թե որ ուղղությամբ  է գնում և ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել կառավարությունը: Դա արդեն իր բացասական ազդեցությունն է թողնում ոչ միայն «Ելք» դաշինքում, այլև նոր կոալիցիոն կառավարությունում, մասնավորապես Դաշնակցություն կուսակցության, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների միջև տեղի ունեցող զարգացումներում: Երբ կառավարությունն ինչ-որ օպերատիվ հարցեր է լուծում, բայց չունի համակարգված գործընթաց և գործողություններ, ամեն մեկն սկսում է իր ուղղությամբ շարժվել: Սա կխորանա, եթե վարչապետը շարունակի Հայաստանի զարգացման ռազմավարական վեկտորի փաստը արհամարել:

-Եթե «Ելք» դաշինքի կուսակցություններ, այնուամենայնիվ, առանձին-առանձին մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կա՞ արդյոք հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակության վրա հենվելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կկարողանա լուրջ արդյունք գրանցել և մեծամասնություն ձևավորել խորհրդարանում:

-Ես չեմ կարող այս պահի դրությամբ ասել՝ եթե ՔՊ-ն միայնակ գնա ընտրության, 50+1 տոկոս կստանա՞, թե՞ ոչ: Դա կախված է տարբեր հանգամանքներից: Մասնավորապես մեծ նշանակություն ունի, թե սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող ուժերը ինչպես կկազմակերպեն իրենց քարոզարշավը:

Եթե մնացած ուժերը գրագետ քարոզարշշավ իրականացնեն, ապա չեմ կարծում, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ապագա խորհրդարանում կունենա 50+1 տոկոս, իսկ եթե անգրագետ քարոզարշավ իրականացնեն, բնականաբար ՔՊ-ն կունենա այդ մեծամասնությունը: Այսինքն այս հարցը բազմաթիվ գործոններ ունի, որոնք պետք է ուսումնասիրվեն և տրվի դրանց պատասխանը:

-Չե՞ք կարծում, որ մեծամասնություն դառնալու հարցում ՔՊ-ի թիվ մրցակիցը կարող է լինել  «Ծառուկյան» դաշինքը, որը տարիներ շարունակ հասարակության որոշակի խավի շրջանում հեղինակություն է վայելել:

-Այն, ինչ եղել է մինչ հեղափոխությունը, լրիվ այլ քաղաքական համակարգ էր և հիմա բոլորովին ուրիշ համակարգ է: Չմոռանանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միայն իր հեղինակությամբ չէ, որ բավականին մեծ տեղ է զբաղեցրել ԱԺ-ում: Այստեղ կա նաև ընտրողներին ֆինանսապես խթանելու գործընթաց, որը շատ հաճախ բարեգործության անվան տակ էր տեղի ունենում: Եթե այդ գործընթացը տեղի չունենա, մենք չենք կարող ասել, թե ԲՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում ինչքան տեղ կունենա:

-Թեև հեղափոխությունից հետո Փաշինյանին հաջողվեց ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, սակայն այժմ ակնհայտ է, որ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը նպատակադրված չեն շարունակել այդ ֆորմատով աշխատանքը և սպասում են արտահերթ ընտրությունների անցկացմաը: Ստացվում է՝ քաղաքական ուժերի համագործակցությանը կարճ ժամանա՞կ է մնացել:

-Հասկանալի է, որ ՔՊ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն առանձին են մասնակցելու ընտրություններին և չի լինելու այն հեղափոխական ցուցակը, որի մասին խոսում էր «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը: Չի բացառվում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» «Ելք» դաշինքի հետ մասնակցի, բայց հաստատ ոչ ՀՅԴ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի: Կարծում եմ՝ ընտրություններին կմասնակցեն 6-7 կուսակցություններ, հնարավոր է ստեղծվեն նաև նորերը: Իսկ ինչ վերաբերում է դաշինքներրի մասնակցությանը այս ընտրություններին, ես՝ որպես քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ դեմ եմ: Դաշինքներ կարող են ձևավորվել ընտրություններից հետո:

-Եթե այնուամենայնիվ Փաշինյանի կառավարությանը հաջողվի կազմակերպել ազատ ու թափանցիկ ընտրություներ, կարո՞ղ ենք ենթադրել, որ բոլորովին նոր իրավիճակ կունենանք ինչպես ԱԺ-ում, այնպես էլ քաղաքկան դաշտում:

-Իրավիճակը միանշանակ փոխվելու է, քանի որ ուժերի հարաբերակցությունն էլ կփոխվի: ՀՀԿ-ն այլևս չի ունենալու այսօրվա մեծամասնությունը, և չի բացառվում, որ նույնիրսկ չանցնի խորհրդարան: Բնականաբար կփոխվի ԲՀԿ պատգամավորների քանակը, կփոխվի «Ելք»-ի պատգամավորների քանակը, և այնտեղ կհայտնվեն ամենայն հավանականությամբ նոր պատգամավորներ: Բայց ինչպես արդեն նշեցի, դա կախված է մի քանի գործոններից:

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ  

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ