Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Ֆեյքային պատերազմներն ու հետհեղափոխական Հայաստանը

am
Feyk`ayin paterazmnern ow hetheghap`okhakan Hayastane_85707

 Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ակտիվացել են  «ֆեյքային գումարտակները»: Ամեն քաղաքական ուժ փորձում է սոցիալական մեդիայի միջոցով, ձևավորել իր համար նպաստավոր հանրային կարծիք: Արդյունքում՝ ձևավորվում է անհանդուրժողականության մթնոլորտ, բախվում ենք  չստուգված, սուտ լուրերի պատին, որոնք՝ հաճախ, հանրության շրջանում զայրույթ և խուճապ են առաջացնում: Այնպիսի խճանկար է. թվում է որոշ հարցեր ծնվում են սոցիալական մեդիայի տիրույթում, ստեղծում կեղծ օրակարգ, և այնտեղ էլ գտնում իրենց հանգուցալուծումն ու վախճանը: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը թեմայի մասին զրուցեց մեդիափորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Մեդիափորձագետը նկատում է. «Շատ բարդ խնդիր առաջ ենք կանգնած, քանի որ մանիպուլյացիայով զբաղվողները օգտվում են նրանից, որ մարդկանց մեծ մասը չի խորանում տրված ինֆորմացիայի մեջ, և ստացած տեղեկությունը ընկալում է՝ որպես վերջին ատյանի ճշմարտություն: 10 տարի առաջ նման դեր ուներ հեռուստացույցը, եթե մի բան հեռուստացույցով ցույց էին տալիս՝ ուրեմն այդպես էլ կար, եթե ոչ՝ ուրեմն, նման բան գոյություն չունի: Հիմա նույնը Ֆեյսբուքում է: Հասարակության մի մասի մոտ կա  գրագիտության պակաս»:  

Պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ միշտ էլ  Ֆեյսբուք սոցիալական ցանցը օգտագործվել է որպես տեղեկատվական հարթակ, սակայն հիմա՝ իրավիճակը սրված է.

«Մի քանի տարի է, ինչ Ֆեյսբուքը հիմնական տեղեկատվական հարթակներից է՝ լրատվականները հենց Ֆեյսբուքի միջոցով են ձեռք բերում ընթերցողների մեծ քանակ: Բնականաբար, այս հարթակը թույլ է տալիս՝ ձևավորել ինչ-որ կարծիքներ, և մթնոլորտ: Հիմա պարզապես այս ամենը շատ սրված է, որովհետև ներքաղաքական պայքարը շատ ուժեղ է: Ֆեյսբուքում իրականացվում է լուրջ քարոզչական հակամարտություն, և ոչ միայն  Ֆեյսբուքում՝ ընդհանուր տեղեկատվական դաշտում, պարզապես, Ֆեյսբուքն ամենահարմար տարբերակն է այդ ամենն իրականացնելու համար: Ինչ-որ առումով՝ սա գնալով խորանում է»:

Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կարելի է սեփական տիրույթը պաշտպանել ֆեյքային կեղծ լուրերից, չդառնալ մանիպուլյացիայի զոհ, մեդիափորձագետն ասաց. «Խնդիրն այն է, որ բավական էմոցիոնալ վիճակ է երկրում: Մարդիկ շատ զգացմունքային են և, բնականաբար, ազդեցության այդ շեմն ավելի  է մեծանում,  որովհետև մարդիկ շատ դեպքերում ուզում են  կարդալ այն՝ ինչն  իրենք են այդ պահին պատկերացնում:

Դժվար է պաշտպանել սեփական տիրույթը, քանի որ մանիպուլյացիայով զբաղվողները, անընդհատ փոխում են իրենց սցենարները: Այնպես չէ, որ կարող ես լիարժեք պաշտպանվել սոցիալական մեդիայի քո տիրույթում, բայց գոնե պետք է հիշել մի բան, որ եթե անծանոթ աղբյուրից ինչ-որ բան ես կարդացել՝ չի կարելի դա ընկալել որպես ստուգված ճշմարտություն կամ փաստ»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ