Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Գևորգ Մելիք-Ղարագյոզյան

am
Geworg Melik`-Gharagyozyan_48786

 Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը ծնվել է 1873թ․-ին Թիֆլիսում, ավարտել է Թիֆլիսի դասական միջնակարգ վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է Բեռլինի և Բրյուսելի համալսարաններում։ 1902թ․-ին վերադարձել է Թիֆլիս, իսկ 1903-1905թթ․-ին նշանակվել է «Կովկասյան լրատու» ամսագրի խմբագիր։  1905թ․-ին սկսել է հրատարակել «Արշալույս» թերթը, միաժամանակ շարունակել է խմբագրել «Կովկասյան լրատու» ամսագիրը։

1906թ․-ին, խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումներից, մեկնել է արտասահման։ 1912թ․-ին վերադարձել է Թիֆլիս, որտեղ և ընտրվել է Երկրորդ փոխօգնության վարկային կառավարչության անդամ, շուտով նաև՝ ղեկավար։

  1917թ․-ին նշանակվել է զինվորների և նրանց ընտանիքների օգնության Անդրկովկասյան կոմիսար և նույն թվականին մասնակցել է Համահայկական Ազգային Համագումարին։ 1918թ․-ին Մելիք-Ղարագյոզյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի օգնական։ Բաթումի պահմանագրի կնքումից հետո Հայկական ազգային պատվիրակության կազմում այցելել է Գերմանիա։

  1918թ․-ի դեկտեմբերից մինչև 1919թ․-ի հունիս ամիսը ստացել է մի քանի նախարարական պաշտոններ, որոնցից էր, օրինակ, լուսավորության նախարարի պաշտոնը։ Այս պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում Մելիք-Ղարագյոզյանը առաջնահերթ էր համարում Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատության հիմնումը։ Նա իր գործուն մասնակցությունն է ունեցել Երևանի համալսարանի հիմնադրմանը։

  Մելիք-Ղարագյոզյանը հանդես է եկել նաև առաջարկով, որ կանգնեցվի հուշարձան ՝ նվիրված Հայաստանի անկախության ու միության հավերժացմանն ու ազգային հերոսների վառ հիշատակին։ Այս նպատակով կազմել է հիմնադրամ, որը պետք է խրախուսեր արձանի համար հայտարարված մրցանակաբաշխության կայացմանն ու հաղթողի պարգևատրմանը։ Նա առաջարկել է նաև հրատարակել հայ ազատագրական շարժման  վերջին շրջանի պատմությունը և հաստատել առանձին շքանշան՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»։ Այս բոլոր առաջակներն ընդունվել են միաձայն։

  Հայաստանի խորհրդայնացումից հետո Մելիք-Ղարագյոզյանը զբաղվել է հիմնականում մանկավարժությամբ, դասավանդել է Հայաստանի և Վրատանի տարբեր ուսումնական հաստատություններում։

  Մելիք-Ղարագյոզյանը եղել է Հայ Ժողովրդական կուսակցության անդամ և հաճախ է ընտրվել կուսակցության ղեկավար պաշտոններում։ Նա նաև ստեղծագործել է, գրել է բանաստեղծություններ, վեպեր, տեսական ու քաղաքական բնույթի վերլուծական հոդվածներ, հուշագրություններ և այլն։ Իր գրչին են պատկանում այնպիսի գործեր, ինչպիսիք են «Մեծ պայքար», «Ինչպես ժառանգություն ստացա միլիարդ դոլար» վեպերը, «Դաշնակցությունը և մենք», «Հայկական մամուլի մասին», «Մարդու բնույթը», «Բառերի դեմագոգիա», «Հայկական քաղաքական» և Աբովյանին ու Թումանյանին նվիրված հոդվածներ։ Նամակագրական կապեր է ունեցել Արշակ Չոպանյանի, Մանուկ Աբեղյանի, Սմբատ Շահազիզի և այլ մեծերի հետ։ Օգտագործել է Խաչատուր Սիմոնյան կեղծանունը։

 Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը մահացել է 1940թ․-ին Երևանում։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից                              

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ