Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Գնդեվանքում Կաթողիկոսի ճանապարհը փակելը մարդու ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ խախտում է. իրավաբան

am
Gndevank`owm Kat`oghikosi chanaparhe p`akele mardow azat teghasharzhi iravownk`i kopit khakhtowm e. iravaban_78151

  Ինչպես հայտնի է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող խումբը հուլիսի 14-ին Գնդեվանքի ճանապարհին արգելափակել էր Վեհափառ Հայրապետի տեղաշարժը, վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցրել նրա հասցեին։ Արդյունքում՝ Ամենայն Հայոց Հայրապետը ստիպված է եղել իջնել մեքենայից եւ շարժման մասնակիցների վիրավորանքների ու սպառնալիքների տարափի տակ քայլել՝ ոստիկանների ուղեկցությամբ:

 

    Իրավական տեսանկյունից ի՞նչ երևույթի հետ ենք առնչվում և ի՞նչ հակաօրինական քայլեր են կատարել Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները:

   Այս հարցերի շուրջ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց իրավաբան Գայանե Թամրազյանի հետ:

-«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբավարման անդամները նախ ներխուժեցին Մայր Աթոռի Դիվանատուն, նստացույց իրականացրին, ապա Մայր Աթոռի բակում հրահրեցին բախում հոգևոր հայրերի հետ, նախօրեին էլ շրջափակեցին Վեհափառ Հայրապետի մեքենան ու արգելափակեցին նրա տեղաշարժը: Իրավական հարթության մեջ ի՞նչպե՞ս եք  գնահատումն նրանց գործողությունները:

  -Գնդեվանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ճանապարհը փակելը ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ խախտում է: Ես մամուլում ընթերցեցի, որ բողոքի ակցիա իրականացնողները, փակելով ճանապարհը, քարերով սպառնացել են, և իրավապահ մարմինները փորձել են բացել ճանապարհը: Բայց ի՞նչ է նշանակում «փորձել են բացել», նրանք պետք է անհապաղ բացեին:

   Եթե անգամ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ գործ ունենք Վեհափառ Հայրապետի պաշտոնը կրող անձի հետ, և նրան դիտարկենք որպես ՀՀ քաղաքացի, ապա պետք է արձանագրենք, որ  յուրաքանչյուր մարդ ունի ազատ տեղաշարժի իրավունք, որն ամրագրված է ոչ միայն մեր Սահմանադրությամբ, այլև աշխարհի բոլոր օրենքերով:

   Մարդու իրավունքները, մարդու հիմնարար ազատությունը յուրաքանչյուր պետությունում համարվում է գերակա արժեք: Իսկ այն, ինչ կատարվել է Գնդեվանքում՝ ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ խախտում է: Պետք չէ այդպիսի քայլերով նմանվել թավշյա հեղափոխությանը, Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջը հեղափոխություն չէ, և նման կերպ ճանապարհ փակելն առաջացնում է քերաիրավական հետևանք:

    Ի դեպ, մենք ունենք Եվրոպական դատարանի փորձը՝  երկու նախադեպեր, երբ ճանապարհ փակելն առաջացնում է քրեաիրավական հետևանք, քանի որ այն մարդու ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ ոտնահարում է: Դա նաև պետությանը սպառնացող վտանգ է, որովհետև մենք թավշյա հեղափոխությունով ցույց տվեցինք, որ ժողովրդավար պետություն ենք: Ամենայն Հայոց Հայրապետի վրա հարձակումը, Վեհարանի տարածք ներխուժելը պարզապես անթույլատրելի քայլեր էին, ի վերջո, Մայր Աթոռը համարվում է սրբության սրբոց ամբողջ հայության համար:

-Կաթողիկոսի ճանապարհը փակելու գործողությունների տեսանյութում լսվում է ցուցարաներից մեկի ձայը՝ «հրեք, գցեք ձորը» (ի դեպ, ձայնագրությունը պահպանված է ա Շողակատ հեռուստաընկերությունում): Սրան ի՞նչ իրավական գնահատական կարելի է տալ:

-Դա ակնհայտորեն մարդու կյանքին սպառնացող վտանգ է: Հանցակազմ, կարծում եմ, կա, և պետք է իրավապահ մարմինները զբաղվեն այդ ամենով:

Միաշանակ պետք է ասել, որ խմբի գործողություններում նկատելի է ատելության սերմանումը, որն անթույլատրելի է: Բողոքավորները պահանջում են նոր Հայրապետ, սակայն իրենք իրավունք չունեն իրենց այդ պահանջը ներկայացնել  ամբողջ հայության անունից՝ ընդամենը լինելով 20-30 հոգի:

Երկրորդ, նրանք քաղաքական քայլեր են անում: Այն, ինչ կատարվեց թավշյա հեղափոխության ժամանակ, նրանք փորձում են իրականացնել նաև հոգևոր հարթության մեջ, բայց ամեն ինչ խառնում են իրար: Սա ոչ թե հեղափոխություն է, այլ խայտառակություն:

  Չկա որևիցե մի պետություն, որն իր Կաթողիկոսի հրաժարականը պահանջի: Կաթողիկոսի հրաժարականի պահանջն այլ ընթացակարգ է ենթադրում, և եթե նրանք փորձում են նման հարթություն տեղափոխել հարցը, խախտում են նաև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների իրավունքները: Սա արդեն Հայոց եկեղեցուն սպառնացող վտանգ է, և ոչ թե միայն ուղղված է Ամենյան Հայոց Հայրապետին:

  -Այսինքն, նախաձեռնության անդամներն ինչ-որ տեղ հաջողվել է՞ ներսում ջրեր պղտորել:

 

 -Այո, եկեղեցու շուրջ խոսակցությունները, բամբասանքներն անընդհատ պտտվում են՝ լինի դա աշխատավայրում, թե փողոցում, ու դա մարդկանց վրա ազդեցություն է թողնում: Այսինքն՝ նրանց նպատակն է հավատացյալին կտրել եկեղեցուց, հավատացյալներին  թշնամացնել իրար հետ: Մարդիկ բաժանվել են խմբերի, մի մասը համակրում է բողոքողներին, մի մասը դատապարտում, ու արդյունքում բախում է առաջանում հասարակության ներսում: Անգամ իմ ընկերների շրջապատում եմ ես այդ հակադրումը  նկատում: Նրանցից ոմանք արդեն մեկ ամիս է եկեղեցի չեն հաճախում՝ պատճառաբանելով, որ նյարդայնանում են այս իրավիճակից և նշում՝ եթե պետք է մեր հոգևոր վիճակը խաթարվի, էլ իմասը ո՞րն է գալու և հաղորդություն ստանալու:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք  իրավապահ մարմինների գործողությունները, արդյոք իրավիճակին համարժե՞ք են գործում:

-Այս պարագայում, կարծում եմ, ոստիկանությունը ոչինչ չի կարող անել, եթե հաղորդում չի տրվում հանցագործության մասին կամ բողոք չի ներկայացվել ոստիկանությանը:

 Ոստիկանությունը հիմք է ընդունում միայն գրավոր ներկայացվող դիմումը: Եթե նման դիմում առկա չէ, ոստիկանությունը իրավասու է միայն հասարակական կարգը պաշտպանել: Ես տեղյակ չեմ՝ եկեղեցին գրավոր դիմե՞լ է, թե՞ ոչ:

   Սակայն կարծում եմ, որ երբ սադրիչ գործողություններ են իրականացվում, պետք է այն  կասեցնել՝ ինչը չի արվել: Փաստորեն, ոստիկանության կողմից կա  հանդուրժողականության դրսևորում և ոչ  ավելի: Եթե իրավապահները տեսնում էին, որ կար խախտում, պետք է անմիջապես գործեին, ոչ թե սպասեին:

-Իսկ ճի՞շտ եք համարում պետության ղեկավարի չեզոք կեցվածքը եկեղեցու շուրջ կատարվող գործընթացներին:

 -Իրավական առումով ամրագրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից: Բայց մյուս կողմից, պետությունը կազմված է նույն այդ մարդկանցից, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են: Հետևաբար, կարծում եմ՝ պետական այրերը կարող էին պետության անունից հանդես չգալ, սակայն իրենց անունից պետք է որևէ քայլ կատարեին: Որովհետև եկեղեցին պետության ամրությունն է, ու մարդն առանց հավատքի ոչինչ է:

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ