Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Գրիգոր Արծրունի

am
Grigor Artsrowni_38874

 Արծրունու բարեհամբավ տոհմը

 Գրիգոր Արծրունին ծնվել է բնիկ վանեցի և հայ պետական ու հասարակական գործիչ, 1861թ․-ից Ռուսաստանում ծառայած գեներալ-մայոր Երեմիա Արծրունու տանը։ Պապը եղել է Գևորգ Արծրունին, սերել է Երան-Արծրունի տոհմից և 1820թ․-ին ռուսական կայսերական հրովարտակով ստացել է ազնվականի տիտղոս։ Արծրունիների ընտանիքը նյութական մեծ օգնություն է հատկացրել Ներսիսյան դպրոցի կառուցմանը․ 1819թ․-ին Ամստերդամից գնած հայկական տպարանը նվիրաբերել են Ներսիսյան դպրոցին։ Իսկ Ներսես Աշտարակեցուն Քիշինև աքսորելուց հետո Գրիգոր Արծրունին դարձավ դպրոցի տնօրենը։

  Գրիգորի հայրը՝ Երեմիա Արծրունին, ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ուսումնարանը և որպես սպա մասնակցել 1826-28թթ․-ին ռուս-պարսկական և 1828-29թթ․-ին ռուս-թուրքական պատերազմներին։ Այդուհետ ստացել է գնդապետի աստիճան և նշանակվել Կովկասյան ռուսական բանակի գլխավոր պարենավոր։ Արդեն 1867թ․-ին Երեմիա Արծրունին նշանակվել է Թիֆլիսի քաղաքապետի պաշտոնում և մեծ մասնակցություն ունեցել ազգային հասարակական կյանքին։

  Գրիգոր Արծրունու եղբայրը՝ Անդրեաս Արծրունին, եղել է երկրաբան։ Նախ ուսում է ստացել Սանկտ Պետերբուրգի, ապա Դորպատի և Հայդելբերգի համալսարաններում, ստացել է դոկտորի աստիճան։ Թիֆլիսում զբաղվել է Կովկասի երկրաբանության հետազոտությամբ, ինչպես նաև մանկավարժությամբ՝ զարկ տալով Անդրկովկասի քիմիական արդյունաբերության զարգացմանը։ Աշխատել է որպես դասախոս Պրեսլավի համալսարանում 1883-1884թթ․-ին, ապա Ախենի պոլիտեխնիկական համալսարանում՝ որպես ամբիոնի վարիչ։ Անդրեաս Արծրունին Հայաստանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոներն ուսումնասիրելու համար մաս է կազմել երկու արշավախմբերի, որոնց կազմում այցելել է Չիլի, Եգիպտոս, ինչպես նաև բարձրացել է Փոքր Մասիսի գագաթը 1894թ․-ին։

 

Գրիգոր ԱրծրունինԱզգային կյանքի առաջին տարիները

Գրիգոր Արծրունին ծնվել է 1845թ․-ի փետրվարի 27-ին Մոսկվա քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի ռուսական երկրորդական վարժարանում 1858-1863թթ․-ին։ Ապա կրթությունը շարունակել է Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի համալսարաններում, ավարտել է նաև Հայդելբերգի համալսարանը 1869թ․-ին, որտեղ և ստացել է քաղաքատնտեսության ու փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Սանկտ Պետերբուրգում ուսանելու տարիներին աշխատակցում էր <<Մեղու Հայաստանի>> պարբերականին, նաև մի քանի ռուսական պարբերականների։

  1869-1870թթ․-ին Արծրունին հայերեն լեզվի դասեր է ստացել Վիեննայում, ապա՝ Վենետիկի Մխիթարյան հայրերի մոտ։  1870թ․-ին Արծրունին վերադառնում է Թիֆլիս, որտեղ կամավոր կերպով տնօրինել է Գայանյան օրիորդաց դպրոցը։ 1865-1870թթ․-ին  թղթակցել է <<Մեղու Հայաստանի>>, <<Հայկական Աշխարհ>> պարբերկաններին։

   <<ՄՇԱԿ>>-ի հիմնադրումը

1872․-ի հունվարի 1-ից սկսում է հրատարակվել <<Մշակ>> պարբերականը, որի խմբագիրն ու տնօրենն է եղել մինչև կյանքի վերջ։ <<Մշակ>>-ում Արծրունին մեծապես արտացոլել է իր ընկերական ազատական հայացքները, այնտեղ են տեղ գտել 19-րդ դարի առաջադիմական խմորումները, նրա շուրջ են հավաքվել թե՛ պոլսահայ, թե՛ կովկասահայ մտավորականությունը, որոնց շարքում են եղել Րաֆֆին, Սունդուկյանը, Բալասանյանը, Ալեքսանդր Քալանթարը, Համբարձում Առաքելյանը և այլք։

 Ռամկավարությանը հավատացող առաջին գործիչը

Արծրունին եղել և մնացել է հայ ազատագրական շարժման առաջամարտիկն ու ականավոր գաղափարախոսներից մեկը։ Նա իր քաղաքական հայացքներից զատ Հայաստանի համար կապիտալիստական զարգացման հեռանկարներ էր կանխատեսում, երկրի զարգացման համար առաջարկեց հիմնել փոխօգնության գանձարաններ, ինչպես նաև մշակների արդյունաբերական միություններ։ Արծրունին մշակեց մեթոդ, որպեսզի կանխի գյուղացիության հոսքը դեպի քաղաքներ՝ այդպիսով ստեղծելով գյուղական պարտատուների ընկերություններ։ Այդպիսով, գիտության զարգացման, ինչպես նաև հանրային փոխօգնության շնորհիվ գյուղացին կկարողանա հասնել տնտեսական բարեկեցության և չձգտել դեպի քաղաք։ Արծրունին ընդհանուր տնտեսական առաջընթաց ապահովելու համար <<Մշակ>>-ի էջերում հաճախ էր առաջ քաշում իր ռամկավարական պահանջները՝ մամուլի, խղճի ազատություն, եկեղեցու վերակառուցում, աշխատավարձի համակարգի հավասարություն ու պետական կարգավորումների բնականոն զարգացում, ազգային լուսավորության ստեղծում , նոր առևտրական հաստատությունների ընդլայնում ու առևտրական դատարանների ստեղծում։

Արծրունին հաճախ է անդրադարձել բարձրագույն կրթության կարևորությանը՝ հատկապես բնական գիտությունների ուղղությամբ։ Նա հաճախ է առաջ քաշել դաստիարակչական հին մեթոդներից հրաժարման հարցը, առաջարկել է վարժարաններում երկսեռ ուսուցման համակարգի ներդրումն ու ուսման մակարդակի բարձրացմանն ու բարելավմանն ուղղված այլ քայլերի կատարում։

Արծրունին մշտական ջատագովն է եղել պետության ու եկեղեցու տարանջատմանը, քանի որ եկեղեցին հավակնում էր շարունակել պահպանել համազգային խնդիրների լուծման գործընթացում իր ավանդական գերիշխանությունը։ Նա կողմ էր այն գաղափարին, թե  այդուհետ աշխարհիկներն են ազգի առաջնորդները։

 Գրականություն

Գրականության ու արվեստի զարգացման նպատակով Արծրունին մեծ աշխատանք է կատարել այն մարզերի դպրոցներում, որոնք կաղապարված էին հին մեթոդներով ուսուցմամբ։ Հրապարակախոսական գործունեության հետ մեկտեղ Արծրունին զբաղվել է նար գրական գործունեությամբ։ Գրել է հուշագրական բնույթի գործեր՝ <<Էվելինա>> վեպը 1891թ-ին, այլ պատմվածքներ ու ակնարկներ։ Հարուստ է նրա գրաքննադատական ժառանգությունը։ Հայդելբերգում ուսանելու տարիներին Արծրունին գրել է իդեալներ առաջադրող, հասարակության թերի կողմերը մերկացնող գրականության զարգացման պահանջով թելադրված գործեր, անդրադարձել է արևելահայ գրականության իրապաշտ շարժումի ղեկավարներին։

  Ունի մի քանի այլ գործեր ևս։ Դրանցից է <<Թուրքած հայերի տնտեսական դրույթունը>>, որը <<Էվելինա>>-ի հետ միասին թարգմանվել է ռուսերեն։ Իր գրչին է պատկանում նաև <<Փոխադարձ կրեդիտի բանկ>> գրքույկը։ Իր գործերը ստորագրել է Նիոբէ, Ասիացի, ԷՇատիրավացի կեղծանուններով։

Հայ Դատը և Արծրունին

  Հայոց հարցի լուծումն Արծրունին տեսնում էր ռուսների հետ համագործակցության ու թուրքական բռնատիրության դեմ միասին պայքարելու ճանապարհով։ Արևմտահայերը կարող էին հասնել ազատագրման ռուսների օգնությամբ, ինչպես նաև ազգային ապստամբության միջոցով։ Նա գնաց Արփիարյանի՝ արևմտահայության համար գծած ուղիով։ Արփիարյանի ու Արծրունու հանդիպումն ու մտերմությունը հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչել հայ ժողովրդի երկու հատվածներին։ Արփիարյանի <<Արևելք>>-ը և Արծրունու <<Մշակ>>-ը գործում էին զուգահեռ և ամբողջացնում մեկը մյուսին։ Հայ ժողովրդական կուսակցության անդամներն Արծրունու թելադրած գաղափարախոսական կոչերով մտան ազգային կյանք, նրա ներդրումը մեծ եղավ կուսակցության գաղափարախոսության հետագա զարգացման գործում, հատկապես ընկերական հարցերի վերաբերյալ տեսություններում։

Օգնությունը Հայաստանին և մասնավորապես Վանին

  Վանից սերած Արծրունու համար Վանն ու Վասպուրականը սրբավայր էին։ Յուրաքանչյուր դիմումի ընդառաջ էր գնում ու ամենայն շրջահայացությամբ ու գաղտնի կերպով աջակցում Վանում խմորվող հեղափոխական շարժմանը։ Արմենական կազմակերպության համար ևս Արծրունին մեծ նյութական և այլատեսակ  օգնություն հատկացրեց։

  Մկրտիչ Խրիմյանի ու Գարեգին Սրվանձտյանի հետ ունեցած հարաբերությունները ևս մեծ նպաստ բերեցին նոր սերնդի դաստիարակության գործին այն ժամանակ,երբ վերջիններս կրթական նպատակներով դիմումներ ուղարկեցին Արծրունուն։

  Արծրունին ուներ լայն շրջապատ ու հարգված էր Թիֆլիսում և, առհասարակ, ողջ Կովկասւոմ։ Դժվար, թե հարուստ անձինք  մերժեին Արծրունու խնդրանքները, առավել ևս այն դեպքում ,երբ հարցը վերաբերում էր Հայաստանի ազգային ծրագրերին։ Արծրունու <<Մշակ>>-ին հետևում էր Շուշիի ու Բաքվի, ինչպես նաև Նախիջևանի ու Պարսկահայքի հայ ժողովուրդը։

 

  Գրիգոր Արծրունին կյանքից հեռանում է  1892թ․-ի դեկտեմբերի 17-ին և թաղվում Խոջևվանքի գերեզմանատանը։

 

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղիները» բազմահատորյակից 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ