Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գրողների միության գործունեությունը չունի նախկին հնչեղությունը. գրականագետ

am
Groghneri miowt`yan gortsowneowt`yowne ch`owni nakhkin  hnch`eghowt`yowne. grakanaget_76367

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը

 

-Պարո՛ն Նիկողոսյան, այսօր տեղի է ունենալու  Գրողների միության համագումարը, որի  ժամանակ անցկացվելու է նաև միության նախագահի ընտրությունը: Ինչպես նշվում է, բացի գործող նախագահ Էդվարդ Միլիտոնյանից, այլ թեկածուներ չկան: Ձեր դիտարկմամբ, ինչո՞վ է պայմանավորված նման պասիվությունը՝ անտարբերությու՞ն է, թե՞ այլ պատճառներ են առկա:

-Կարծում եմ՝ պատճառները տարբեր են, նախ և առաջ  սթափ են գնահատել  Գրողների միության այսօրվա իրավիճակը, և դրա մեջ, հավանաբար,  ինչ-որ կոմպլեքս տարրեր կան:  Անտարբերություն ևս կա, ինչպես  նաև՝ անհուսություն, որ այդ կառույցում հնարավոր չի որևէ բան փոխել:  Մյուս կողմից էլ,  համագումարի կազմակերպման առումով ինչ-որ հապճեպություն նկատեցի, որը  հավանական  թեկնածուներին հնարավորություն չտվեց  նախապատրաստվել:  Ըստ կանոնակարգի՝ դա  ժամանակին է կազմակերպվում, բայց, իհարկե, ընթացքում խոսակցություններ են  եղել, որ համագումարն աշնանն անցկացնեն: Ամեն դեպքում, որոշվեց  հիմա կազմակերպել, որպեսզի այլ խոսակցությունների տեղիք չտան:
Նախորդ տարիներին, երբ մոտենում էր միության նախագահի ընտրության շրջանը,  մի շարք գրողներ ակտիվանում էին այդ ուղղությամբ, բայց այս տարի անգամ դա չկար:
Մի ստվար մաս  կա, որ արդեն պարզապես ոչ մի նշանակություն չի տալիս այդ կառույցին, որը  Գրողների միությունում ակտիվ հատվածի համար շահավետ է:

-Ինչպե՞ս եք գնահատում Գրողների միության և ներկայիս նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գործունեությունը:

-Ստեղծագործական առումով վերաբերմունքի և հասարակական ակտիվության  առումով ես դժգոհ եմ,  բայց կարող եմ ասել նաև,  որ միությունը սոցիալական առումով՝ գրողներին  օգնություն ցուցաբերելու և այլ հարցերով բավական ակտիվ է եղել:  Այլ հարց է, որ միության գործունեությունը չունի նախկին հասարակական հնչեղությունը՝ ոչ բացասական, ոչ՝ դրական ձևով:

-Գրողների միությունը հաճախ բնորոշվում է որպես «պալատական կառույց»:  Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Նման բան ասողները պետք է մի շատ կարևոր բան հաշվի առնեն՝ այդ նույն  Գրողների միության անդամ է եղել Լևոն Խեչոյանը, ում վերաբերյալ ասում են, որ մեդալ է հետ տվել, անդամներ  են թավշյա հեղափոխությանը շատ ակտիվ մասնակցած  Սարգիս Հովսեփյանը և Արփի Ոսկանյանը և այլք: Եվ,   միևնույն ժամանակ, Գրողների միության անդամներ են  Մերուժան Տեր-Գուլանյանը, Ռազմիկ Դավոյանը և էլի ուրիշներ: Պարզապես աբսուրդ է մի քանի գրողի օրինակով ասել, որ դա  պալատական կառույց է:
Այլ հարց է, որ Գրողների միությունը մեր երկրի համար կարևոր պահերին չեզոք դիրք է զբաղեցրել: Բայց դա էլ իր պատճառներն ունի՝ անդամների մեծաթիվ լինելու պատճառով է, որ նա զերծ է մնում  արձագանքներից, որովհետև միությունը չի կարող իր վարչությամբ և  նախագահությամբ կոնկրետ թեմայով գնահատողական  ելույթ ունենալ՝ իր կազմում ունենալով տարբեր հայացքների, կուսակցությունների և  տարբեր տաղանդների մարդկանց:

-Որքանո՞վ է Գրողների միությանը հաջողվում  միավորել Հայաստանի գրական միջավայրը:

-Մի կարևոր բան պետք է շեշտել,  ոչ միայն Գրողների միությանը, այլև ամբողջ աշխարհում ոչ մի կառույցի չի հաջողվի համախմբել, միասնականացնել գրողներին, դա բացառված է:  Նրանք ստեղծագործող մադրիկ են՝  իրենց ամբիցիաներով, իրենց ներքին և արտաքին պրոբլեմներով, աշխարհայացքներով: Ես չեմ կարող նշել մի կառույց, որը կարողացել է միավորել գրողների մեծ խմբի, եթե անգամ հաջողվել է, ապա դա կարճաժամկետ է եղել, քանի որ անմիջապես առաջացել են ստեղծագործական հակասություններ և տարաձայնություններ: Այլ հարց է, որ  թե ի՞նչ է արել Գրողների միությունը, որպեսզի Հայաստանի գրական դաշտը զարգանա: Համագումարից առաջ մենք հրապարակում ենք կատարված աշխատանքների ցանկ, որը, իրոք, պատկառելի է, բայց մյուս կողմից կա  նաև հետևյալը, որ այդ միջոցառումներըը, ըստ էության, լոկալ ազդեցությունից զատ՝ գլոբալ ոչինչ չեն տվել մեր գրական միջավայրին:
Ինչի՞ մասին ենք խոսում՝ ընթերցանության զարգացմա՞ն՝  դրանք գլոբալ ազդեցություն չեն  թողել, ժամանակակից գրականության զարգացմա՞ն՝ այլ հրատակիչներն ավելի շատ են զբաղվել ժամանակակից գրողների ստեղծագործությունների հրատարակչությամբ:  Հայ գրողների հանրահռչակմա՞ն՝ այլ կազմակերպություններն ավելի շատ են դա արել:
 Մեր մեջ ամրացած է մտայնություն, որ այդ բոլոր պարտականություննները պետք է Գրողների միությունն անի:  Բայց պետք է հիշենք նաև, որ միությունն այսօր ընդամենը հասարակական կազմակերպություն է՝ իր գործառույթներով, և էլի եմ շեշտում՝ այս տարիների ընթացքում սոցիալական առումով բազմաթիվ կարևոր գործեր է արել: Սա սոցիալական ուղղվածության գնահատականն է, իսկ գրական առումով՝ ես այդ բարձր գնահատականը չունեմ:  Եթե ուշադիր եք, ապա կտեսնեք, որ վերջին շրջանում Հայաստանի գրական դաշտի հաջողություններն ավելի շատ կապված են  այլ կազմակերպությունների աշխատանքի  հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ