Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Համբարձում Առաքելյանի աշխատակցությունը՝ «Մշակ»-ին. Առաքելյանը իբրեւ գրող, հրապարակախոս, գիտնական եւ թարգմանիչ

am
Hambardzowm Arhak`elyani ashkhatakts`owt`yowne, <<Mshak>>-in. Arhak`elyane ibrew grogh, hraparakakhos, gitnakan ew t`argmanich`_36366

1892 թվականի դեկտեմբերի 19-ին Գրիգոր Արծրունու մահից հետո, Համբարձում Առաքելյանն է նշանակվում «Մշակ»-ի խմբագրապետ, եւ այդ պաշտոնը վարում էր՝ համագործակցելով Ալ. Քալանթարի հետ: «Մշակ»-ը, այսպիսով, ձեւավորում է իր հրապարակագրի մեծարվեստ գործն ու մեծաշուք փառքը: Նա «Մշակ»-ին սկսել էր գրել դեռեւս 1872 թվականից: 1908-ից դառնում է հրատարակիչներից ու խմբագիրներից մեկը, իսկ 1913-ից հետո Առաքելյանն արդեն թերթի հրատարակիչ-խմբագիրն էր: Նա, այնուհետեւ, մեծ հասունությամբ, աննկուն կորովով վարեց այդ ծանրակիր գործը եւ հանդիսացավ ժամանակակից երիտասարդության եւ ժողովրդական խավերի ներշնչող ոգին ու ճշմարիտ առաջնորդը:

 

1910-1913 թվականներին նա հրատարակել է «Արօր» ամսագիրը՝ միաժամանակ աշխատակցելով հայկական ու ռուսական պարբերականներին, որոնցում տպված նրա հոդվածները շոշափում էին կրթական գործին, մտավորականության վիճակին, ինչպես նաեւ` արեւմտահայերի ազգային ազատագրական պայքարին վերաբերող հարցեր: Առաքելյանն առաջիններից է եղել, որ ողջունել է ցարական իշխանության տապալումը Ռուսաստանում, մյուս կողմից՝ Հոկտեմբերյան հեղափոխությունը դիմավորել է զգուշավոր լավատեսությամբ, այնպես ինչպես դա ժամանակին դիմավորել էին արտասահմանի իր գաղափարակից ընկերները` ռամկավարները, հատկապես՝ Եգիպտոսում:

 

Առաքելյանը մահից յոթ տարի առաջ՝ 1911-ին, տեսավ իր հոգնատանջ եւ դժնդակ աշխատանքի գնահատման օրը, երբ «Մշակ»-ի քառասնամյակը տոնվեց մեծ խանդավառությամբ: Այդ տոնակատարությունը միաժամանակ Առաքելյանի գործունեության եւ հաղթանակի նշանակն էր, նրա քարոզած գաղափարախոսության ծավալման ժողովրդական հավաքական արտահայտությունը: Ու Առաքելյանը տեսա՛վ այդ օրը:

 

 

 

Նրա մասնակցությունը՝ ՀԱԱԿԻ խաղաղության միջազգային կոնգրեսին

 

 

1904-ին հայկական պատվիրակության հետ Համբարձում Առաքելյանը մասնակցում է ՀԱԱԿ-ի խաղաղության միջազգային կոնգրեսին` Հայկական Հարցը դիվանագիտական շրջանակների ուշադրությանը հանձնելու հեռահար նպատակով: Սակայն, եվրոպական դիվանագիտությունից հուսախաբ, նա Արեւմտյան Հայաստանի ազատագրումն ի վերջո կապված է տեսնում ռուսական զենքի հաղթանակի հետ:

 

 

Նա եղել է Ռուսական աշխարհագրական, Փարիզի Société Asiatique եւ միջազգային այլ ընկերությունների անդամ:

 

 

Աշխատակցությունները

 

 Առաքելյանն իր գիտական աշխատակցությունների համար ընտրվել է Ռուսական Կայսրության Աշխարհագրական Ընկերության, Ռուսական Կենտրոնական Հնագիտության միության, Société Asiatique եւ Comité d'enseignement Berne-ի անդամ: Նա

Կ. Սվաճյանի ժամանակ աշխատակցել է «Արեւելք»-ին, Արփիար Արփիարյանի ժամանակ՝ «Հայրենիք»-ին, Մխիթարյանների «Հանդէս Ամսօրեայ»-ին եւ ռուսական թերթերին:

 

Գործերը

 

 «La Question Armenienne», «Ազգայնություն», «Աղա Մահմուտ Շահ», «Խրիմյան Հայրիկի կաթողիկոսական ընտրությունը» «Զեյթուն», «Գալիլեյ», «Միլտոն», «Հասարակաց դատաստանին», «Եղոյի քոռ լախտը», «Ջհուտ Քուշան», «Թամարիս», «Վասակ Սյունի», «Պատմություն Պարսից», «Տասներկու պատմվածք», «Պարսկահայոց պատմություն», «Ո՞ւր է ազգային ինքնաճանաչությունը», «Les

Kurdes en Perse», «Les Babis en Perse», «Les Gubres en Perse»: Նա ունի բազմաթիվ թարգմանական գործեր: Առաքելյանը «Շահրիար» կեղծանունով պատմվածքներ ու վեպեր է տպագրել մամուլում: «Ջհուտ Քուշան» (1902) վեպի թեման նա վերցրել է պարսկական կյանքից: Միաժամանակ թարգմանական լուրջ աշխատանքներ է արել՝ թարգմանություններ կատարելով ֆրանսերենից (Մոպասանի «Քսան վեպիկներ եւ զրույցներ»-1907, Ֆլամարիոնի «Ուրանիա»-1900-ին):

 

Առաքելյանը 1915-ին սկիզբ է դրել «Հանրագիտական բառարան»-ի պատրաստությանը, որի երկրորդ հատորի ձեռագիրն այսօր պահվում է Երեւանում:

 

Համբարձում Առաքելյան գործիչը եղել է բուռն պայքարող, հանդես է եկել Դաշնակցության վարած քաղաքականության դեմ, եւ Թիֆլիսում, 1918-ի հուլիսի 6-ին, երբ նա իր հերթական ճառն էր արտասանում, դաշնակցականի գնդակից խփվելով վիրավորվել եւ մահացել է հուլիսի 11-ին:

 

Հայ Ռամկավար Կուսակցությունը շատ բան է պարտական մեծանուն գործչին, որի գործունեությունը թանկագին պտուղներ է տվել կովկասահայության շրջանում նրա գաղափարախոսության տարածման համար:

 

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Արեւելահայերենի վերածեց  Անուշ Թրվանցը  

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ