Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Հասկանալի է Ռուսաստանի կեցվածքը, որը չի ցանկանում իր սահմաններին կից տեսնել ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ներկայությունը. Կարեն Վերանյան

am
Haskanali e Rhowsastani kets`vatsk`e, ore ch`i ts`ankanowm ir sahmannerin kits` tesnel NATO-i rhazmak`aghak`akan nerkayowt`yowne. Karen Veranyan _85319

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցը «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանն է:

-Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Ինչո՞վ կարող  է պայմանավորված լինել այս պահին ռուսական կողմից հնչող նման կոշտ հայտարարությւոնը և ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

-Նման հայտարարություններ ժամանակ առ ժամանակ, ըստ իրավիճակների, հնչում են: Կարծում եմ՝ դա նաև պայմանավորված է  հարավկովկասյան ուղղությամբ վերջին շրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման միտումներով: Նորություն չէ, որ Վրաստանն ու Ուկրաինան փորձում են ավելի խորը համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ, և այս տեսանկյունից կարելի է հասկանալ Ռուսաստանի կեցվածքը, որը չի ցանկանում հետխորհրդային տարածքում իր սահմաններին կից տեսնել հակադիր բևեռի ռազմաքաղաքական ներկայությունը: Ընդհանուր առմամբ դա տրամաբանական է, ու նույն տրամաբանությունն աշխատում էր նաև Միացյալ Նահանգների դեպքում՝ Կուբայի հետ կապված, երբ որ Խորհրդային ռազմական ներկայությունն ԱՄՆ-ի սահմանների մոտ էր, և, բնականաբար, դա նույնպես ոչ այնքան ադեկվատ պահվածքի առիթ էր դարձել Վաշինգտոնի համար: Սա նորմալ գործընթաց պետք է համարել թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ Ռուսաստանի շահերի տեսնակյունից:

Թերևս դրանով է պայմանավորված, որ ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է որոշակիորեն ավելացնել իր դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում կամ վերաիմաստավորել այն՝ փորձելով գտնել այնպիսի քայլեր, որոնց շնոհիվ կփորձի մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացումներում: Այդ տեսնակյունից՝ Ռուսաստանը, տեսնելով որոշակի մարտահրավերներ, փորձում է դիմագրավել դրանց:

-Փորձագետները հիմնականում դեռ չեն տեսնում հնարավորություն, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն ակնհայտ է, որ մեր հարևան երկիրը շարժվում է այդ ուղղությամբ: Այս տեսնակյունից՝ ի՞նչ մարտահրավերներ  կան մեզ համար:

-Այո, Վրաստանն այս պահի դրությամբ քաղաքական ռեսուրսներ չունի՝ անդամակցելու ՆԱՏՕ-ին, ու չեմ կարծում, որ այդ հարցը դրված է: Ներկայումս ավելի շուտ խորքային հարաբերություններ զարգացնելու մասին է խոսվում, քան անդամակցության: Իհարկե, Ուկրաինան և Վրաստանը, եթե մի փոքր առաջ ընկնենք ժամանակագրական առումով, գնում են այն ճանապարհով, որով գնացել են Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրները, և ՆԱՏՕ-ն դիտարկում են որպես իրենց անվտանգության գլխավոր երաշխավորող: Չեմ կարծում, որ սա տվյալ պահին լուրջ խնդիրներ առաջացնի ռուս-վրացական հարաբերություններում, բայց ռուսական կողմը փորձում է զսպի այդ միտումները, որոնց զարգացման պարագայում՝ Վրաստանը մի քանի տարի հետո կարող է իր քաղաքական օրակարգում անդամակցության հարց բարձրացնել: Չեմ կարծում, որ Վրաստանի իշխանությունների քաղաքական տրամադրությունները ներկայումս կտրուկ փոփոխվեն, որովհետև իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ՆԱՏՕ-ին անդամակցումը քաղաքական օրակագ բերելը լուրջ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի հետ:

Ի վերջո, եթե նույնիսկ Վրաստանը խորացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ու անդամակցության հարց առաջանա, կարծում եմ՝ այդտեղ միակ դրական բանը այն կարող է  լինել, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-Ռուսաստան հնարավոր համագրծակցության հարթակ: Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև տարիներ առաջ բավականին լավ հարթակ էր ձևավորվել, որն այլևս չի գործում, և այդ տեսանկյունից՝ Վրաստանը կարող էր նման հավակնություններ ունենալ, սակայն թե՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրները և թե՛ Ռուսաստանը քաղաքական ռեսուրս չունեն այդ ֆորմատը վերականգնելու համար, ու չեմ կարծում, որ այս պահին դա հնարավոր լինի:

-Այս գործընթացներում ի՞նչ ազդեցություն և ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Թուրքիան: Թուրքական գործոնը որքանո՞վ է վտանգավոր տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից: 

-ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների խորացումից միանշանակ առաջին հերթին օգտվելու է Թուրքիան, որովհետև Թուրքիան այսօր լուրջ տնտեսական ու ներդրումային ազդեցություն ունի Վրաստանում, հատկապես Աջարիայում և Բաթումում: Ազդեցության առումով մեծ է նաև քաղաքական կոմպոնենտը, իսկ այն, որ Թուրքիան և Վրաստանը ռազմատեխնիկական ոլորտում բավականին լուրջ ու խորքային համագործակցություն ունեն, կասկածի տեղիք չի տալիս, ու ենթադրաբար ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության խորացումը կարող է առիթ հանդիսանալ, որ Թուրքիայի ռազմական ազդեցությունները զգալիորեն մեծանա Վրաստանի նկատմամբ:

Թուրքիան առիթը բաց չի թողնի դա իրականացնելու համար՝ ի հաշիվ Ռուսաստանի ու Իրանի շահերի, և կփորձի Հարավային Կովկասում Վրաստանի միջոցով ազդեցություն ձեռք բերել:

Մյուս կողմից, սակայն, եթե Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, դրա հետևանքում մեր տարածաշրջանում ռազմական կոնֆիգուրացիան կփոխվի ու կխախտվի այն անվտանգության համակարգը, որի վրա մինչ օրս հիմնված էր տարածաշրջանային խաղաղությունը: Այսինքն, Թուրքիան կփորձի իր լծակներն օգտագործել ռազմական ու քաղաքական անվտանգության տեսանկյունից, և առաջ կգա նաև ՀԱՊԿ-ի խնդիրը: ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերություններում լարվածության պարագայում մեր տարածաշրջանը կթևակոխի նոր և բուռն զարգացումների փուլ, և անվտանգությունը կարող է խարխլվել: Ու այդ պարագայում չեն բացառվում նաև արցախյան հիմնախնդրում սրացումներ ու Նախիջևանի ուղղությամբ ինչ-ինչ գործընթացներ, ու այն կայունությունը որ կա, կասկածի տակ կդրվի:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ