Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանյան քաղաքական պայքարը՝ աշխարհի ուշադրության ներքո

am en ru
Hayastanyan k`aghak`akan payk`are, ashkharhi owshadrowt`yan nerk`o_96799

 

 Այսօր թիվ մեկ ներքաղաքական թեման, անկասկած, ԱԱԾ և ՀՔԾ գերատեսչությունների ղեկավարներ Արթուր  Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սենսացիոն հեռախոսազրույցն է, որը չգիտես ինչպես հայտնի դարձավ ողջ աշխարհին, բնականաբար նաև՝ մեր ոչ բարեկամներին: Ընդ որում, խնդիրն այստեղ ոչ թե բուն խոսակցության թեման էր և նույնիսկ ոչ էլ լեզվական ազատ ոճը: Ամենասարսափելին նույնիսկ այն էլ չէր, որ այսօր պարզվեց. մեր տեղեկատվական պաշտպանության համակարգը պարզապես «ծակ» է: Ամենամեծ վտանգը ես տեսնում մեկ այլ բանում. հանուն ինչ-ինչ քաղաքական դիվիդենդների մենք՝ հայերս, պատրաստ ենք այս աստիճանի «քցել իրար», նվաստանալով աշխարհի առջև: Ցավոք, այն ինչ տեղի ունեցավ այսօր, իսկական «քցոցի» և նվաստացում էր:

Բացեմ փակագծերը: Այն, որ որոշ պաշտոնյաներ շատ խիստ պատասխան պետք է տան այս աննախադեպ ու ամոթալի միջադեպի համար, փաստ է: Սակայն փաստ է նաև, որ միջադեպը պատահական չէր: Գործադիրի ղեկավարությանը անհրաժեշտ է հիմա ոչ թե բոլոր քննադատողներին մեղադրել նախկին իշխանության հանդեպ սիրո մեջ կամ անցնել յուրօրինակ հակահարձակման՝ նորից ու նորից մեջբերելով մարտի 1-ը:  Այսօր գործադիրն առաջին հերթին պետք է անհապաղ պարզի, գտնի և վնասազերծի իր իսկ միջի դավաճաններին, քանի որ պատահական մարդիկ նման դիվերսիա (իսկ սա ամենաիսկական դիվերսիա է ինքնիշխան պետության դեմ) իրականացնել չէին կարող:

Կրկնեմ. կասկած չկա, որ այս գործողությունն ուղղորդված էր. չնայած դժվար է կոնկրետ ասել, թե ո՞ւմ կողմից: Բայց արդյո՞ք դա մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիրն է, որոնք մինչ օրս միամտաբար կարծել են, որ երկրի տեղեկատվական անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է:

Այս առումով, նաև նորանոր հարցեր են առաջանում, կապված ազգային անվտանգության այլ խնդիրների հետ: Հիշենք, թեկուզ վերջին ամիսներին մեր պետության սահմանները ապօրինի հատելու մի քանի դեպքերը և փորձերը: Ցավոք, այնպիսի տպավորություն է, որ մերոնց համար ազգային անվտանգության ամենակարևոր խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է: Այո, դա շատ լուրջ, բայց ոչ ամենակարևոր բաղադրիչը չէ փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի համար: Սա պետք է վերջապես հասկանալ:

Եվ վերջինը: Վերևում նշեցի, թե ի՞նչն է ամենամտահոգիչը այս կեղտոտ, ներողություն արտահայտությանս համար, պատմության մեջ: Մի փոքր սրբագրեմ մտահոգությունս. որքան էլ ցանկանում եմ հեռու վանել այդ միտքը, սակայն ամեն ինչից երևում է, որ հրադադար չի լինելու ու առաջիկայում գնալու է կենաց և մահու պայքար: Իսկ դա նշանակում է նոր ու անկանխատեսելի զարգացումներ, որոնք  կներառեն նորանոր մարտեր առանց կանոնների և նորանոր գաղտնալսումներ՝ արդեն մյուս կողմերից:

Տա Աստված, սխալվեմ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ