Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԱՌԱԿՆԵՐ

Հայտնի թուրք լրագրող Բասքըն Օրանը Պատրիարքական ընտրությունների մասին

am
Haytni t`owrk` lragrogh Bask`en Orane Patriark`akan entrowt`yownneri masin_46566

Նամակն ստանալուն պես Պոլսո պատկառելի Կրոնական Ժողովը մի կողմ է թողնում իր իսկ ընտրած Բեքչյանին, վերստին անցնում է պատրիարքի նախկին ընդհանուր փոխանորդ Աթեշյանի ենթակայության տակ: Երբ մեծամասնությունը դողդողում է, ամոթ է փոքրամասնությունից հանդգնություն ակնկալելը:

Նախքան սպասավորի կամ փոխանորդի հարցին անդրադառնալը ուզում եմ հարցնել, մենք այսուհետև ի՞նչ երեսով լեզու ենք երկարացնելու Հունաստանին, ասելով. «Ինչո՞ւ եք Արևմտյան Թրակիայում խոչնդոտում մեր ազգակիցներին, որ մուֆթի ընտրեն»:

***

Մեր թեման հայոց Պատրիարքի ընտրությունն է: Դա թերևս պայմանավորված է Լոզանի պայմանագրում պատրիարքարանների մասին որևէ հոդվածի բացակայությամբ: Պետությունը մինչև ուղն ու ծուծը մշտապես միջամտել է պատրիարքական ընտրություններին: Ընդ որում ոչ թե Ստամբուլի նահանգապետի, այլ նրա տեղակալներից մեկի միջոցով : Ավելի բարձր ինստանցիաներն անհասանելի են պատրիարքարաններին, քանի որ նրանք արդեն իրավաբանական անձի կարգավիճակ էլ չունեն:

Նախքան թեմային անցնելը վիճակագրական երկու տվյալ եմ ներկայացնում, հստակեցնելու համար մեր ազգազգացմունքային իրավիճակի պատկերը: 1) Թուրքիայի բնակչությունը 80 մլն. Է, որի 99 %-ը՝ մահմեդական: 2) Հայ բնակչության թիվը մոտ 55 հազար է կազմում, ոչ մահմեդականներն էլ բոլորն իրար հետ շուրջ 100 հազար: Հիմա անդրադառնանք թեմային:

***

Հայոց Պատրիարքարանը հիմնադրվել է 1461-ին սուլթան Մեհմեդ II-ի կողմից: Աշխարհականների կշիռը բարձրացնող, ուժերի հարաբերակցության սկզբունքին հետևող Հայ Ազգային Սահմանադրությունը (1863) պատրիարքի լիազորությունը բաշխեց համայնքային խորհուրդների և հանձնաժողովների միջև:

Հանրապետության հռչակումից հետո Պատրիաիքարանը կառավարվում էր պատրիարքի տեղակալի (աթոռի սպասավորի՝ տեղապահի) միջոցով: Երկրում հնարավոր եղավ պատրիարքի ընտրություն անցկացնել 1950-ին միայն, այն էլ մեկ անգամվա համար և այդ «մեկ անգամվան» մինջև մեր օրերը մնացել է ուժի մեջ: 1998 թվի վերջին ընտրությունն ամիսներ շարունակ հետաձգվում էր: Արդյունքում պատրիարք ընտրված Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության (զառամախտի) պատճառով դարձավ անաշխատունակ:

Եկեղեցու կանոնադրության համաձայն Կրոնական պատկառելի ժողովը գումարվում է այն ժամանակ, երբ մահվան, հրաժարականի կամ էլ անհետանալու պատճառով թափուռ է մնում պատրիարքի աթոռը: Նրա միակ առաջադրանքը տեղապահի ընտրությունն է, որպեսզի կարգավորի անհետաձգելի խնդիրներն ու ձեռնամուխ լինի պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը: Ընտրությունների ընթացքը կարգավորելու համար ստեղծվում է նաև կրոնականներից ու աշխարհականներից կազմված նախաձեռնող մարմին: Ընտրությունները երկկարգ են: Պատվիրակների 1/7-ն ընտրվում է հոգևորականների, իսկ 6/7-ն աշխարհականների միջից: Պատրիարքին հենց պատվիրակներն են ընտրում: Ամենայն հավանականությամբ հայկական եկեղեցին երկրագնդի ամենաաշխարհիկ եկեղեցին է:

***

Ինչ վերաբերում է սպասավորի նշանակման հանգամանքին, ապա դրա պատմությունն սկսում է հետևյալ կերպ.

Երբ վատթարանում է Մեսրոպ Պատրիարքի առողջական վիճակը, եպիսկոպոս Արամ Աթեշյանը, որին վերջինս երկրից բացակայելու ժամանակ փոխանորդ էր թողնում, գնում է նահանգապետարան և առաջ է քաշում առ այսօր չլսված աթոռակից պատրիարք ընտրելու գաղափարը: Իմանալով այդ մասին նախաձեռնող խումբը իսկույն գործի է անցնում, իրազեկելով, որ ուզում են ոչ թե աթոռակից, այլ նոր «պատրիարք ընտրել»:

Պատասխանը չի ուշանում. «Ձեր պատրիարքը ողջ է, իսկ «աթոռակից պատրիարքի պաշտոն, որպես այդպիսին գոյություն չունի, հետևաբար դուք պետք է «պատրիարքի փոխանորդ» ընտրեք»: Ի դեպ, մինչ այդ Կրոնական Ժողովով պատրիարքի ընդհանուր փոխանորդ պաշտոնը չէր ընտրվել կամ նշանակվել ու ոչ էլ այդ մասին լսվել էր: Սակայն, դա պետությունն էր (նահանգապետի տեղակալը) կամենում: Oգտվելով այդ հանգամանքից, Աթեշյանը Հոգևոր խորհրդի նիստ է հրավիրում և մեկ գիշերվա մեջ հապճեպ դառնում է ընդհանուր փոխանորդ:

Համայնքը, սակայն, հակազդեցությամբ իսկույն արձագանքում է դրան, հավաքելով 6 հազար ստորագրություն, պատրիարքական ընտրություններ է պահանջում: Ի պատասխան Աթեշյանն ասում. « Ոչ թե 6 հազար, այլ 60 հազար ստորագրություն էլ հավաքելու լինեք, այս իրավիճակը պահպանվելու է մինչև պատրիարքի մահը»: Ասեմ, որ նա 11 տարով փոքր է ինձնից, ծնվել է 1956-ին:

Այնուամենայնիվ, 2016-ի հոկտեմբերին, երբ Կրոնական Ժողովը բժշկական եզրակացության հիման վրա Մութաֆյանին թոշակի է ուղարկում, Աթեշյանը մի քիչ փափկում է, ասելով. «Ես որպես փոխանորդ հանդիպում եմ խնդրել նահանգապետարանից, մի քիչ սպասենք»: Հետագայում, մի ծանոթի նահանգապետարարից ստացած տեղեկության համաձայն պարզվում է, որ հանդիպման որևէ խնդրանք իրականում չի ներկայացվել:

Այդ ընթացքում Կրոնական ժողովի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, տեսնելով տարիներ շարունակ ընտրությունների ձգձգումը, հակադրվում է Աթեշյանին, որից հետո Աթեշյանը վերջապես համաձայնվում է տեղապահի ընտրությանը և փոխանորդի պաշտոնից հրաժարվելու խոսք է տալիս, ով էլ որ տեղապահ ընտրվի:

Տեղապահի ընտրությունն սկսում է 2017թ. մարտի 15-ին, ժամը15.00-ին, որը շահում է Գերմանիայի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը, ստանալով 34 հոգևորականներից 23-ի ձայնը:

Ընտրության արդյունքների հրապարակումից հետո տեղի է ունենում շատ հետաքրքրական մի բան: Աթեշյանը, որ ժողովին անդադար «պետությանը ենթարկվելու» հորդորներ էր անում, հանկարծ մեջտեղ է բերում Ստամբուլի նահագապետի տեղակալից ստացված ֆաքսն ու կարդում՝ «Ըստ պատրիարքի ընտրության մեթոդների, ընդունված կարգի ու ավանդույթի փաստորեն հնարավոր չէ տեղապահի ընտրության անցկացումը»:

Ժողովի անդամներից մեկը նայում է, որ ֆաքսն ուղարկվել է ժամը13.47-ին: Այսինքն, եթե Աթեշյանն ինքը ընտրված լիներ, ապա ֆաքսը թաքցնելու էր:

***

Ի վերջո Նախաձեռնող մարմինը 2017-ի դեկտեմբերի 13-ին պատրիարքական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին հայտնում է նահանգապետարանին, իսկ Աթեշյանը ճամարտակում՝ « Թույլ չեն տալու: Խաչ են քաշել Բեքչյանի վրա, ես ձեզ ասում էի»:

Հաջորդաբար ուղարկված 6 նամակին ի պատասխան, պատրիարքարանը 2018-ի փետրվարի 5-ին ստանում է Ստամբուլի նահանգապետի ստորագրությամբ մի նամակ, որն սկսում է հետևյալ կերպ. «Պատրիարքի հիվանդությունը պատճառ չէ աթոռը թափուր համարելու», ապա ընդգծում, որ ուժի մեջ է մնում Արամ Աթեշյանի փոխանորդի պաշտոնը և անվավեր են Գարեգին Բեքչյանի պատրիարքի տեղապահ ընտրվելու հետ կապված բոլոր գործողությունները:

Նամակում Բեքչյանի մասին արտահայտվելիս օգտագործվում է «այսպես կոչված» բառակապակցությունը:

Ստանալով այդ նամակը, Կրոնական պատկառելի ժողովը մի կողմ է դնում տեղապահ ընտրված Բեքչյանին և իրեն ղեկավար է կարգում նախկին փոխանորդ Աթեշյանին (առանց ժողովներին բնորոշ կարգ ու կանոնը հարգելու): Բայց հանկարծ չդատապարտեք, եթե մի երկրում մեծամասնությունը սարսափահար դողդողում է, ապա ամոթ է հանդգնությունը փոքրամասնությունից ակնկալելը:

***

Գործին միջամտում է նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Չրաղան պալատում անվտանգության գերատեսչության պետի և Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարի մասնակցությամբ հանդիպման է հրավիրում հայ «երևելիներին»: Բացման խոսքում նա անրադառնում է Թուրքիայի ներքին և արտաքին կացությանը, ընդգծում է ժողովրդավարության կարևորությունը, ապա ասում՝ «Լսում եմ ձեզ»:

Հիմնադրամի ղեկավարներից Պետրոս Շիրինօղլուն նշում է. «Մեր պետությունը հարցի կարգավորմանն ուղղված լուրջ քայլ է կատարել: Մեծապես շնորհակալ ենք»: Սակայն, ի տարբերություն նրան, հանդիպմանը ներկա մյուս հիմնադրամների ղեկավարները մեծապես պահանջում են «պատրիարքական ընտրությունների անհապաղ անկացումը»:

Հայ երևելիներից փաստաբան Սեպուհ Ասլանգիլը պարզորոշ ասում է. «Շեշտադրեցիք ժողովրդավարության կարևորությունը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ», ապա հավելում է, որ տեսել է պատրիարքարան հասցեագրված նամակը, որը իր տեսած ամենաանմիտ պաշտոնական գրությունն է, եկեղեցու կանոնակարգի համաձայն Կրոնական ընդհանոր ժողովի որոշումով պաշտոնանկ արված Աթեշյանն այդ նամակով համայնքին է պարտադրվում: Այնուհետև նա դատապարտում է տեղապահ ընտրված Բեքչյանի համար «այսպես կոչված» բառակապակցության օգտագործումն ու դրանով ավարտում է խոսքերը: Սոյլուն իր հերթին ասում է. «Ի նկատի կունենանք ձեր մտահոգությունները, նորից ենք հանդիպելու»:

***

1.Հիմա արդեն մենք ի՞նչ երեսով լեզու ենք երկարացնելու Հունաստանին, ասելով. «Ինչո՞ւ եք Արևմտյան Թրակիայում խոչնդոտում մեր ազգակիցներին, որ մուֆթի ընտրեն»:

2.Սպասավոր ասելիս պետք է խոստովանել, որ սպասավորների միջև կա տարբերություն, պարզապես չգիտեմ, դա լավ է, թ՞ե վատ, համենայնդեպս պատրիարքարանում նշանակված սպասավորը հայ է:

Կան նաև նմանություններ: Նշանակված սպասավորներն առհասարակ ունենում են այնքան կյանք, որքան թիթեռնիկը, սակայն նրանց պատճառած վնասը նշանակող իշխանություններին (պետությանը և այն ընտանիքին, որի միջից ծնունդ են առել) մնայուն է լինելու:

 

Բասքըն Օրան

ԱԿՈՍԱրթըգերչեք, 16 փետրվարի 2018

 

Թարգմանվել է թուրքերեն բնագրից

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ