Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հեռանկարում` մրցույթներին ընդգրկել նաև սփյուռքի հայազգի դպրոցականներին

am ru
Herhankarowm` mrts`owyt`nerin endgrkel naew  sp`yowrhk`i hayazgi dprots`akannerin_35772

«Ինչու են մարդու իրավունքները կարևոր». այս խորագիրն էր կրում աշակերտական շարադրությունների երկրորդ մրցույթը, որի արդյունքներն ամփոփվեցին օրեր առաջ  Ստեփանակերտում:

Մրցույթը նվիրված էր հայ նշանավոր իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Զաբել Եսայանի ժառանգությանը: Եթե նկատի առնենք, որ միջացառմանը ներկա էին բացի մրցույթային հանձնաժողովի անդամներից նաև պետական կառույցների ղեկավարներ, ապա այն կարելի է համարել բավականին լուրջ և օգտակար նախաձեռնություն: Սա յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ տարիքից ու հասարակության մեջ ունեցած դիրքից, իրավունքների գիտակցմանը նպաստող ձեռնարկում է:

Հատկապես դպրոցականների շրջանում այսօրինակ մրցույթները շահեկան են նրանց աշխարհաճանաչողության սահմաններն ընդարձակելու տեսանկյունից:

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին Արցախի Հանրապետության սահմանադրությունում 57 հոդված ընդգրկող մի ամբողջ գլուխ է հատկացված, որի դրույթների համապարփակ ընկալումն էր շարադրությոնների հիմնական թեման: Եվ պատահական չէ, որ միջոցառման նախաձեռնողները հենց մարդու իրավունքների պաշտպանի հայաստանյան ու արցախյան կառույցի պատասխանատուներն էին:

Բացի երկու օմբուդսմեններից միջոցառմանը մասնակցում էին ԱՀ կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, մրցութային հանձնաժողովի անդամներ, հատուկ մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչներ և ուրիշներ:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ աշխատակազմի պաշտոնական հաղորդագրությունից, մրցույթի արդյունքների ամփոփմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Ռուբեն Մելիքյանը, Զաբել Եսայանի թոռ Ալեքսանդր Եսայանը: Տեսաուղերձով ներկաներին ողջունել են մրցույթի համակազմակերպիչ Ջուդիթ Սարյանը և մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ Հայ իրավաբանական միության խորհրդի անդամ Կարո Ղազարյանը:

Իսկ մրցանակային տեղեր զբաղեցնողները Արցախի շրջաններից էին: Մասնավորապես, առաջին տեղն զբաղեցրել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Մարատ Հայրապետյանը, երկրորդ տեղը` Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լինա Միրզոյանը, իսկ երրորդ մրցանակային տեղը բաժին հասավ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սիրուն Գաբրիելյանին: Հաղթողները պարգևատրվեցին արժեքավոր նվերներով:

Եզրափակչի մյուս 9 մասնակիցների համար հատուկ մրցանակներ էին սահմանել ՀՀ և ԱՀ օմբուդսմանները, կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Արցախի առաջին մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական

հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը, Հայկական հետազոտությունների ասոցիացիան (ԱՄՆ): Եզրափակչի մասնակիցները նաև ստացան գրքեր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի, ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև «Անտարես» հոլդինգի կողմից:

Մրցույթի բոլոր մասնակիցներին բաժանվեցին Թումո ստեղծարար կենտրոնի հայտարարած մրցույթում հաղթող դիզայնով շապիկներ և Զ. Եսայանի ընտանիքի կողմից նախատեսված հուշանվերներ:

Ուշագրավ է թերևս այն փաստը, որ այս տարի մրցույթի երկրորդ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը Արցախի շրջանների դպրոցականներ էին: Սա, անշուշտ, ոչ թե վկայում է աշխարհագրական շնորհաշատության, այլ մրցույթին առավել պատասխանատվությամբ նախապատրաստվելու մասին: Իսկ մեծ հաշվով, դրվատելի աշխատանք է կատարվել թե’ մրցույթի կազմակերպիչների, և թե’ հանրակրթարանների ուսուցիչների կողմից:

Մրցույթը զուտ դպրոցական միջոցառման շրջանակներից դուրս էր, և ցանկալի կլիներ հետագայում աշակերտական շարադրությունների մրցույթների անցկացման աշխարհագրությունն ընդարձակվեր` ընդգրկելով նաև սփյուռքի հայազգի դպրոցականներին:

Ինչպես տեղեկացրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, մրցույթի աշխարհագրությունն արդեն իսկ հիմա նկատելիորեն մեծանում է, իսկ աշխատանքների որակը` բարձրանում: Նրա խոսքով, 2018թ. գարնանը մրցույթի եզրափակիչ փուլ անցած աշակերտների համար կկազմակերպվի կարճատև ուսումնական այց Երևան:

 

 

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ