Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հերքում. ՀԱՅ ՁԱՅՆ-ի հրապարակմանն արձագանքում է Գևորգ Յազչյանը

am
Herk`owm. HAY DzAYN-i hraparakmann ardzagank`owm e Geworg Yazch`yane_76871

Ներկայացնում ենք  պատմաբան, Լիբանանի Խմբագիրների արհմիության եւ Լիբանանի Լրագրողների միության անդամ Գևորգ Յազչյանի հերքումը՝ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի՝  «Դիվանատուն ներխուժածներից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության տակ, հարուցվել է քրեական գործ. խմբի իրական դեմքը բացահայտվում է» հրապարակման:

 

     «Հայ ձայն» էլեկտրոնային պարբերականի խմբագրության,

Պարբերականի հուլիսի 10-ի նյութերում հայտնվել է Գոհար Ավետիսյանի «Դիվանատուն ներխուժածներից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության տակ, հարուցվել է քրեական գործ. խմբի իրական դեմքը բացահայտվում է» հրապարակումը: Ընթերցողի առաջին տպավորությունն այն է լինում, որ դա նույն Գ. Ավետիսյանի եւ /կամ պարբերականի խմբագրության տեսակետ/ համոզումն է, մինչդեռ ամբողջ հրապարակումը հիմնված է Մայր Աթոռի միաբան Գեւորգ եպս. Սարոյանի ասածների վրա: Լրագրողական բարոյականության նորմերը պահանջում էին, որ վերնագրում արտացոլվեր այդ փաստը` «Ըստ Գեւորգ եպս. Սարոյանի», «Ըստ Մայր Աթոռի միաբանի» կամ նման սկզբնական ձեւակերպումով, կամ էլ, առնվազն, վերնագրի արտահայտությունը առնված լիներ չակերտների մեջ:

Ամբողջական պատասխանը Գեւորգ եպիսկոպոսի արտահայտություններին` մի ամբողջ գրքույկի հեղինակ էր դարձնելու ինձ: Սակայն նրա արտաբերած գոնե երեք մեղադրանքների հանդեպ չեմ կարող լռել:

1. Գեւորգ եպիսկոպոսը մեղադրում է «խմբի անդամներին», որ երջանկահիշատակ հայրապետներ Վազգեն Ա-ին եւ Գարեգին Ա-ին ու այժմու գահակալին «անվանել են» Կա Գե Բե-ի գործակալներ: Սա ստոր զրպարտություն է: Կորյուն աբեղա Առաքելյանը իր ելույթներից մի քանիսում հայտարարել է, որ հիշյալներին Մայր Աթոռի հայրապետական գահին բերել է Կա Գա Բե-ն` նկատի ունենալով ՀԽՍՀ ու նրան հաջորդած ՀՀ գաղտնի սպասարկություններին, ավելի ճիշտ` օրվա իշխանություններին: Վազգեն վեհափառի հարցում Կորյուն հայր սուրբի հաստատումը ԼԻՈՎԻՆ համապատասխանում է իրականության. ավելին, այդ մասին վկայում է նույնինքն երանաշնորհ հայրապետը իր մի ելույթում, որը տեղ է գտել լրագրող Հովհաննես Պապիկյանի «Ոգու հերկը» գրքում: Հայրապետը հայտնում է, որ Ռումինիայի թեմի առաջնորդ եղած ժամանակ մի օր իրեն այցելում են երկու հոգի եւ առաջարկում ընդունել Ամենայն Հայոց հայրապետի լուծը: Երկուսն էլ եղել են Կա Գե Բե-ի գործակալներ: Սա, իհարկե, չի նշանակում, թե Վազգեն վեհափառը եղել է Կա Գե Բե-ի գործակալ: Հույժ ցավալի է, որ եպիսկոպոսի աստիճանով մարդիկ «Կա Գե Բե-ի դրածոներ» արտահայտությունը խեղաթյուրել են «Կա Գե Բե-ի գործակալների»` ինչ է թե դա ծառայեցնեն նախաձեռնությունը արատավորելու իրենց գերնպատակին: Գարեգին Ա-ի դեպքում, ալամ աշխարհը գիտե, թե նրան Անթիլիասից բերեց օրվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ այսօրվա գահակալի եւ Կա Գե Բե-ի առնչությունների մասին եկեք այս պահին չխոսենք ... հօգուտ նույն այդ գահակալի:

2. Հրապարակման մեջ կարդում ենք, որ, ըստ Գեւորգ եպիսկոպոսի, նշված նախաձեռնության մեջ կա «աղանդավորական տարր. դա մարդկանց մի խումբ է որը գտնվում է Կորյուն աբեղայի աղանդավորական ազդեցության տակ»: Մի քանի տող ներքեւում ասված է, որ այդ մարդիկ «աղանդավորական գաղափարներով են առաջնորդվում»:

Սա վկայում է շատ տխուր փաստի մասին` կա՛մ տգիտություն, կա՛մ էլ խեղաթյուրում. երկուսն էլ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ նույնիսկ սովորական մարդու համար, ուր մնաց` եպիսկոպոսի աստիճանին հասած սքեմավորի:

Նախաձեռնության անդամների հետ շփվել, հաճախ ամբողջ օրեր եմ անցկացրել վերջին 35-40 օրերին, եւ աղանդավորական որեւէ նշույլ չեմ նկատել: Ոմանք հնարավոր է, որ նախաձեռնության անդամների օրական մի քանի հավաքական աղոթքները մեկնաբանում են իբրեւ աղանդավորության դրսեւորում: Ցավոք սրտի, երբ նույնիսկ Մայր տաճարում ժամերգություններին ներկայանում են հատուկենտ միաբաններ կամ Հոգեւոր ճեմարանի սաներ, նման հավաքական աղոթքները, բնականաբար, պարզ ժողովուրդի անգիտակից, մեծ մասը ընկալելու է իբրեւ աղանդավորության դրսեւորում, ինչի լարի վրա էլ խաղում են օրվա գահակալին եւ ոչ Եկեղեցու իսկական գլուխ Քրիստոսին երկրպագող սքեմավորները:

Ըստ Հայ Եկեղեցու դավանության լավագույն մեկնաբաններից երջանկահիշատակ Զարեհ արք. Ազնավորյանի` աղանդավորը նա է, ով չի ընդունում մեր Եկեղեցու Հավատո հանգանակի դրույթներից թեկուզ մեկը (օրինակ` Քրիստոսի կամ Սուրբ Հոգու աստվածությունը, Քրիստոսի խաչելությունն ու հարությունը, մեղքերի քավությունն ու թողությունը, վերջին դատաստանը, եւ այլն): Նախաձեռնության անդամների ելույթներից ՈՐԵՒԷ ՄԵԿՈՒՄ որեւէ մեկը չի կարող գտնել Հանգանակի դրույթների ժխտման նշույլ անգամ: Իսկ եթե մի քիչ խորը նայենք, իրականում աղանդավորը հենց գեւորգեպիսկոպոսներն են, որոնք չեն հավատում այդ դրույթներից մեկին` ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵՎ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵԿՈՒԹՅԱՆ: Վերցնենք միայն Մայր Աթոռի պարագան: Կոստանդնուպոլսո պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեկչյանին Մայր Աթոռի գահակալի օրհնությունը Արթին Աթեշօղլուի (ծանոթ է իբրեւ Արամ արք. Աթեշյան) կողմից ոտնատակ տալը` արդյոք վկայո՞ւմ է մեր Եկեղեցու մեկության մասին: Երուսաղեմի պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի (որ նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի երկու ատենապետներից է) ՀԻՆԳ ՏԱՐԻ չգալը Մայր Աթոռ` արդյոք վկայո՞ւմ է մեր Եկեղեցու մեկության մասին: Նվիրապետական մյուս Աթոռներից եպիսկոպոսների եւ ավելի ստորադաս հոգեւորականների չիջեւանելը Մայր Աթոռում` արդյոք վկայո՞ւմ է մեր Եկեղեցու մեկության մասին: ՈՉ: Հետեւաբար, գեւորգեպիսկոպոսներն ու նրա նմանները չեն հավատում մեր Եկեղեցու միության, ուստի, ըստ Զարեհ Սրբազանի մեկնության, աղանդավոր են ըստ էության:

3. Գեւորգ եպիսկոպոսը հայտարարում է, թե դիվանատուն մտած անձերից ոմանք «գտնվել են թմրանյութի ազդեցության տակ. հարուցվել է քրեական գործ», այստեղից էլ անմիջական եզրակացություն` «Խմբի իրական դեմքը բացահայտվում է»:

Պետք է արժանին մատուցել Գեւորգ եպիսկոպոսին, որ նույնիսկ քաշքշուկի ժամանակ հնարավորություն է ունեցել անվրեպ մարգարեանալ դիվանատուն մտած անձերից մի քանիսի «կայֆի» ազդեցության տակ լինելը: Ի~նչ հետաքննություն, ի~նչ բան. մարդը հենց առաջին հայացքից իմացել է ամեն ինչ: Առաջարկում եմ ՀՀ ոստիկանությանը` համապատասխան լաբորատորիայի ու նրա աշխատակիցների պահպանման փոխարեն բավարարվել գուշակ-մարգարե Գեւորգ եպիսկոպոսին իր մոտ աշխատանքի ընդունելով:

Հիմնավորելու համար այս հերյուրանքը, սույն եպիսկոպոսը վկայակոչում է թմրանյութի հայտնաբերումը դիվանատան շենքում: Այո, շենքում, դիվանապետի մերձավոր ոստիկաններից մեկի հավանական մեղսակցությամբ, տարածք մի քանի րոպեով մտած երեք հոգու սադրանքով, դիվանատունը գտնվողներից մեկի պայուսակում «պատահաբար» հայտնվեց անհայտ ծագման մի նյութ: Դիվանատանը գտնվողների ՍՏԻՊՈՂՈՒԹՅԱՆ տակ, շենքում հերթապահող ոստիկանները հրավիրեցին քննիչի, որի համապատասխան աշխատանքից հետո հարուցվեց քրեական գործ: Նախաձեռնությունը տեսագրել է այս բոլոր իրադարձություններն ու տարածքում հայտնված երեք անծանոթների դեմքերը: Նախաքննությունը հազիվ սկսած, Գեւորգ եպիսկոպոսը, ինքն իրեն վերագրելով քննիչի, դատախազի եւ դատավորի գործառույթներ, արդեն եզրակացություն է կատարում` ոտնատակ տալով նաեւ անմեղության կանխավարկածի պահանջը: Լավ կլիներ, որ դիվանատան շենքը տնօրհնեքով վերստին «մաքրելուց» առաջ, նման հերյուրանքներ տարածող սքեմավորները իրենց հոգիները մաքրեին մեղքերից:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ