Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետհեղափոխական Հայաստանում

Hetheghap`okhakan Hayastanowm_95823

Հեղափոխությունների ժամանակ հեղափոխականներն ամենից շատ խոսում են ժողովրդի անունից,ամբիոններից ամենից շատ հնչում է "ժողովուրդ՝ հանուն ձեզ" բառերը, ժողովրդին անսահման խոստումներ են շռայլվում ու ասվում այն՝ ինչ ժողովուրդն ի՛նքն է ուզում լսել: Սա բնորոշ է բոլոր հեղափոխություններին ու դրանց առաջին փուլին: Սակայն հեղափոխության հաղթանակից հետո՝ երկրորդ փուլում արդեն, սկսվում է գործի՝ խոստացածը կատարելու ժամանակը, ժողովրդի ու պետության առաջ ստանձնած պարտականությունների իրականացման ժամանակը:

Ի դեպ, եթե հեղափոխությունը ձախողվում է հենց առաջին փուլում, ապա դա տվյալ քաղաքական ուժի ու նրա առաջնորդի պարտությունն է՝ վերջինի՛ս քաղաքական ֆիասկոն: Հիշո՞ւմ եք, ինչ էր ասում հայկական հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության առաջին փուլում. եթե իր սկսած "թավշյա"-ն ձախողվի՝ ինքը մեկընդմիշտ կհեռանա քաղաքական ասպարեզից, որպես պարտված գործիչ: Սակայն եթե հեղափոխական ուժը պարտվում է երկրորդ փուլում, երբ ինքն այլևս իշխանություն է ու երկրի պատասխանատուն, ապա այդ պարտությունը կարող է թանկ նստել հենց երկրի վրա՝ իր ծանր հետևանքներով:

Այնպես որ անչափ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը հաջողի, որպեսզի հաղթի Հայաստանը: Եվ սա պարտավոր են գիտակցել՝ առաջին հերթին իշխանությունները:

Կա անկեղծ, անկողմնակալ գնահատականի դեֆիցիտ

Հեղափոխության ալիքով անցած Հայաստանն աշխարհին իրազեկեց՝ նոր ժամանակներ են սկսվում: Աշխարհը՝ ձգվեց ու սկսեց ուշիուշով հետևել մեր երկրի ընթացքին, հասկանալու հայկական՝ անարյուն, անցնցում հեղափոխության ֆենոմենը, ընկալելու, թե դեպի ո՞ւր է գնում նոր ժամանակներ կերտող երկիրը:

Իսկ ի՞նչ իրավիճակ է այսօր հետհեղափոխական Հայաստանում:

Հեղափոխական պաթոսը դանդաղ մարում է, և դա լավ է, որովհետև այն խանգարող երևույթ է: Հիմա եկել է պահը, երբ հեռացող պաթոսի տեղը պետք է լցնել իրական բովանդակությամբ՝ գործերով: Իսկ ժողովրդի վստահությունը շահած նորեկն ամեն ինչ պետք է անի, որ թույլ չտա այն նույն սխալները, որոնց մերժելով ինքը եկավ իշխանության:

Սովորաբար, հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած կառավարությունները նաև խոցելի են լինում, որովհետև հեղափոխություններից ճարպկորեն փորձում են օգտվել սրիկաները. հայտնի խոսք է՝ պատմության փորձությունն անցած: Ուրեմն, զգոնություն է պետք՝ թույլ չտալու, որ այդ տեսակը խցկվի պետական ապարատից ներս, հայտնվի իշխանական վերին ու ներքին օղակներում: Մինչդեռ, արդեն իսկ տեսնում ենք, որ նրանք հաջողությամբ տեղեր են զբաղեցնում տարբեր ոլորտներում:

Իսկ իշխանությանը՝ զգոն ու սթափ, սխալներից հեռու պահելու հարցում, կարևոր առաքելություն ունի երկրի մտավորականը, մտածող տեսակը, հասարակության որոշակի հատվածի համար կարծիք ստեղծող տեսակը, որը չպետք է վարանի ասելու ճշմատւթյունը՝ թեկուզ դառը, թեկուզ ցավոտ, բայց բարեկամաբար ասված խոսքը պետք է հնչի ու դառնա լսելի: Իշխանությունն էլ պետք է այդ տեսակի խոսքը գնահատի ու հաշվի նստի հնչած կարծիքի հետ, գիտակցի դրա կարևորությունը, ոչ թե նեղսրտի, դժգոհի, ու "պատ" շարի՝ իր ու այդ տեսակի մեջ: Դրա վերջը, օրվա իշխանության համար, կործանարար է լինում՝ վկան նախորդների փորձը…

Սակայն այսօր մեզանում տարօրինակ զգուշավորություն կա. "սև" ու "սպիտակ", հեղափոխական ու հակահեղափոխական պիտակավորումները մարդկանց դարձրել են, մի տեսակ, անհամարձակ, անգամ վախվորած: Ու դա է պատճառը, որ մեզանում այսօր կա իրատեսական խոսքի, անկեղծ, անկողմնակալ գնահատականի դեֆիցիտ: Փոխարենը՝ գնալով սկսում է ակտիվանալ ու նոր երանգներ ստանալ ներկա ու նախկին իշխանությունների հեռակա բանավեճը: Փոխադարձ մեղադրանքների այդ խառնաշփոթում անկողմնակալ խոսք անհնար է լսել:

Ժողովուրդն էլ մի տեսակ շվարած է՝ ո՞ւմ հավատալ, ո՞ւմ վստահել, ո՞ւմ կարծիքն ընդունել՝ որպես ճշմարտություն: Կա՛մ պաթոս է, կա՛մ մեկմեկու հասցեին "ցեղ շպրտոցի":

Անորոշություն … մինչև ե՞րբ

Հետհեղափոխական անորոշություն. այսպես կարելի է ձևակերպել Հայաստանում առկա իրավիճակը, այն նման է օդում հնչած ու չավարտված խոսքի, նախադասության, որում չկա ամփոփիչ միտքը, չկա վերջակետ…

Հեղափոխական հրապարակից հնչած խանդավառ խոսքերից մարդիկ ոգևորվեցին ու… սրանով, կարծես, ամեն ինչ կանգ է առել, չկա շարունակություն, չկա գործ՝ շոշափելի, չկա տեսանելի արդյունք: Ոգևորությունն ու խանդավառությունն ընդամենը գործիքներ են՝ գործն առաջ մղելու, դրան հաջողակ ընթացք ու շարունակություն տալու համար: Մինչդեռ գործը, կարծես, ուշանում է:

Այստեղից էլ ծնվում է անորոշությունը, որն արդեն դժգոհության առիթ է դառնում անգամ հեղափոխությամբ անցած, հեղափոխությանը վստահած մարդկանց շրջանում: Մի կողմից՝ կա հավատ առ հեղափոխություն, կա սպասում՝ հույսով, բայց միայն հույսերով մարդկանց չես կերակրի: Միայն իրավական, հակակոռուպցիոն կամ սկլանդալային, ցնցող ձերբակալություններով չես կարող բարձր վարկանիշ ունենալ: Ի վերջո, հասարակությունը ոչ միայն տեսարաններ է ուզում, այլև հաց:

Ու սա կարծես կամաց-կամաց սկսում է հասկանալ, գիտակցել օրվա իշխանությունը. իզուր չէ, որ հասարակությանը տեսարաններ մատուցելու հարցում ամենից ակտիվը՝ ԱԱԾ ղեկավարը, անցած շաբաթ լրագրողներին իրազեկեց՝ քիչ է խոսելու, քիչ է երևալու հեռուստաէկրանին, ու գործ է անելու: ԱԱԾ ղեկավարը երեք ամիս անց միայն հասկացավ, որ իր ոլորտում հենց այդպես էլ պետք լինի՝ քիչ խոսել, բայց շատ գործել: Նիկոլ Փաշինյանն էլ իր վարչապետության 100-րդ օրվա հախուռն հանրահավաքից հետո հասկացավ, որ առաջնայինը ոչ թե ձերբակալությունների մասին անդադար հայտարարելն է, այլ տնտեսական հարցերի լուծման մասին մտածելը. և ֆեյսբուքյան իր վերջին եթերները նվիրեց զուտ տնտեսական խնդիրներին:

Այնուհանդերձ, առ այսօր հասկանալի չէ, թե Փաշինյանի կառավարության մի քանի փոխվարչապետերից ո՞վ է ամբողջությամբ զբաղված տնտեսության հարցերով: Մինչդեռ սոցիալական բողոքը գնալով երկրում աճում է, բողոքի ցույցերը դառնում եմ ամենօրյա, մարդիկ ընտրում են իշխանության ուշադրությունը գրավող տարբեր միջոցներ՝ մեկը ոտքը մեխեց հրապարակի նստարանին, մյուսը՝ հրկիզեց իրեն, երրորդը՝ ջրի պակասից չորացած բանջարեղենի խուրձը դրեց կառավարության շեմին, մյուսները նախընտրեցին չհասնել Երևան ու փակեցին միջպետական ճանապարհները, շատերն էլ դժգոհում են, թե իրենց այլևս չեն թողնում վարչապետի մոտ ու հիշեցնում՝ Նիկոլի հետ միասին են վազվզել, փողոցներ փակել, նախկիններին հեռացրել, բայց հիմա իրենց այլևս լսող չկա…

Մի խոսքով…ժողովուրդն ամուր կանգնում է այն կառավարության թիկունքին, երբ վերջինիս քայլերում տեսնում է վճռականություն, իսկ բարեփոխումներում՝ գործնականություն:

Ցանկացած կառավարություն, եթե անգամ այն իշխանության է եկել համաժողովրդական ալիքի վրա, ու դեռ այդ ալիքի շարունակվող տրամադրություներոի ներքո վայելում է ժողովրդի վստահությունը, պետք է նաև հստակ գիտակցի՝ այդ ամենը շատ արագ կարող է փլվել, փոշինալ, եթե ժողովուրդը համոզվի, որ խոսքից այն կողմ չկա ոչինչ, գո՛րծ չկա:

Հեղինակ՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ,

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի խմբագիր

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ