Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հնարավոր չէ, որ միայն Նարեկի բնակիչները ուզած չափով ջուր ստանան. Արարատի մարզպետարանի անդրադարձը գյուղացիների բողոքին

am
Hnaravor ch`e, or miayn Nareki bnakich`nere owzats ch`ap`ov jowr stanan. Ararati marzpetarani andradardze gyowghats`ineri boghok`in_102497

 Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ բարձրաձայնելով գյուղում առկա ոռոգման ջրի խնդիրը

Ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ 300 տնտեսություն ոռոգման ջրի կարիք ունի, բայց ամեն օր 4 հոգու են ոռոգման ջուր օգտագործելու հնարավորություն տալիս:

«Այս խնդիրը վաղուց է եղել: Ամեն անգամ ասել են՝ այսօր կլուծենք, վաղը կլուծենք, բայց մինչ օրս լուծում չկա: Ընդամենը չորս հոգու են ոռոգման հնարավորություն տալիս, 300 հոգի ոռոգման ջրի կարիք ունի իր տնտեսության համար, ե՞րբ հերթ կհասնի: Մեր համայնքի ղեկավարն էլ չգիտի ինչ անի, մեզ նման գալիս է բողոքի, ինքն էլ է հող մշակում, եթե մարզպետին չի հետաքրքրում, համայնքապետն ի՞նչ անի»,- ասում է բողոքի ակցիային մասնակիցը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք հարցը բարձրացվել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատռարած այցի ընթացքում: Բողոքի ակցիա իրականացնողներից մեկն այս առիթով ասաց. «Ո՞վ է թողնում Փաշինյանին մոտ գնան, ոչ ոքի չեն թողնում»:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը խնդրի մանրամասները պարզաբանելու նպատակով կապ հաստատեց Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանի հետ:

«Նարեկ համայնքի բնակիչները այսօր եղել են մարզպետարանում, իրենց ընդունել են մարզպետի տեղակալը և Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը: Հրավիրվել է Արտաշատ ՋՈ ղեկավարը, իրենց բացատրվել է, որ սակավաջրության, համայնքներին հավասարապես ջրի բախշման խնդիր կա: Բնակիչները ցանկություն են հայտնել հանդիպել մարզպետի հետ, առաջարկել ենք ներկայացուցչական կազմով հանդիպում կազմակերպել, իրենց չի բավարարել այդ տարբերակը, և թողել, հեռացել են»,- նշեց տիկին Խաչատրյանը:

Հետաքրքրվեցինք, թե խնդիրն ինչի՞ հետ է կապված, և արդյո՞ք բնակիչները  ոռոգման համար նախատեսված ջուր առհասարակ չեն ստանում, Արարատի մարզպետարանի աշխատակիցը պատասխանեց.

«Սակավաջրությունը սեզոնային խնդիր է, որը միշտ կա: Բոլոր համայնքները պետք է հավասարապես ջուր ստանան, հնարավոր չէ, որ միայն Նարեկ գյուղի բնակիչները իրենց ուզած չափով ջուր ստանան: Բնակիչները ջուր ստանում են, սակայն քանակությունն է քիչ, ինչը պայմանավորված է ջրամբարում ջրի պակասի հետ»:

Նկատեցինք՝ Նարեկ գյուղի բնակիչները պնդում են, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը իրենց չի ընդունում որպես իր մարզի ժողովուրդ, և նրա համար միևնույնն է իրենց խնդիրները. «Իհարկե միևնույն չէ, մարզպետը անընդհատ այդ հարցերին մեծ ուշադրություն է դարձնում, մարզում եղած խնդիրները առաջնային են նրա համար»:

Հիշեցրինք, որ օրեր առաջ, երբ վարչապետ Փաշինյանը այցելել էր Արարատի մարզ և մարզպետ Գարիկ Սարգսյանին հարցրել, թե մարզում որքան կաթիլային ոռոգվող այգիներ կան և որքան հակակարկտային ցանցեր, Գարիկ Սարգսյանը պատասխանել էր. «Կաթիլային ունենք մոտ 40 հազար հեկտար», ապա տեղից ուղղել էին մարզպետին՝ ոչ թե 40 հազար հեկտար, այլ` 40 հեկտար:  Հետաքրքրվեցինք, թե սա չի՞ խոսում մարզպետի՝ ոլորտին անտեղյակության մասին:

«Դահլիճից պատասխանող պաշտոնյան ասաց հստակ թիվը, այդ պահին մարզպետի ձեռքի  տակ կարող էր կոնկրետ տվյալները չլինել, բայց դա չի նշանակում, որ  մարզպետը մտահոգ չէ, և մարզում եղած խնդիրները լուծում չեն ստանում»,- ասաց Գոհար Խաչատրյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ