Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Հող հանձնողները, վերք բացողները և ամոթ չունեցողները

am en ru es
Hogh handznoghnere, verk` bats`oghnere ew amot` ch`ownets`oghnere_85411

Հեղինակ՝ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Հայաստանը (Մեծ Հայքի թագավորություն) 4-րդ դարում ունեցել է 15 նահանգ և ավելի քան 200 գավառ: Ընդհանուր տարածքը կազմել է շուրջ 300.000 քկմ: Իսկ ավելի վաղ շրջանում եղել է նաև ծովից ծով: Հայաստանը (Հայաստանի Հանրապետություն) ունի 10 անգամ ավելի փոքր տարածք. հազիվ կազմում է 29.8 հազար քկմ և չունի ծովափ:

Այսինքն, 4-րդից մինչև 21-րդ դար մենք 1.700 տարվա ընթացքում կորցրել ենք ավելի քան 270.000 քկմ տարածք: Միջին հաշվարկով և առավել պատկերավոր ասած՝ ամեն տարի մենք կորցրել ենք շուրջ 160 քկմ: Այսինքն՝ ամեն տարի կորցրել ենք 3 հատ Գյումրի քաղաքի չափ տարածք, միջին մեծության 10-15 գյուղ:

Վիճակագրության համար սրանք սոսկ թվեր են, պատմության համար՝ փաստեր, իսկ մեզ համար՝ ամոթ: Տարբեր ժամանակներում տարբեր սերունդներ իրենց սխրանքներով, հաղթանակներով ձգտել են սրբել ու սրբագրել այս ամոթը մեր երեսից և մեր քարտեզից: Նման փառավոր հաղթանակներից վերջին և թարմ օրինակը, անշուշտ, Արցախի ազատագրումն էր:

Բայց անգամ հաղթնակած սերնդի մեջ կան այնպիսիք, որոնք իրենց հանձնվողական, պարտվողական և զիջողական քարոզներով ավելացնում են դարերից ժառանգած մեր ամոթը: Վերջին օրերին ոմանց շուրթերով անպատվաբեր հայտարարություններ են արվում Արցախում տարածքային զիջումներ անելու մասին: Ոմանք ժամանակ առ ժամանակ հողեր հանձնելու կեղծ օրակարգ են առաջ քաշում:

Մենք փորձեցինք այս չափազանց զգայուն հարցի էմոցիոնալ ֆոնը թողնել մի կողմ և իրերի դրությունը ներկայացնել թվերի լեզվով: Ժամանակը ու կորուստները չափեցինք թվերով, անցյալի ու ներկայի տարբերությունը հաշվեցինք թվերով, որպեսզի պարզ երևա, թե տարածքային ահռելի կորուստներից հետո մնացած արդյունքն որքան ամոթալի է ու ցավալի: Եվ հիմա նրանք, ովքեր խոսում են տարածքներ հանձնելու մասին, պիտի գոնե թվերով զգան, թե որքան են ավելացնում այդ ցավը, այդ ամոթը:

Հարցի բարոյական կողմն այսքանով համարենք փակված, որովհետև շերտերը շատ-շատ են՝ սկսած անհայտ կորած զինվորից մինչև հայտնի Եռաբլուր: Եվ որպեսզի լինի կարծիքների առողջ բախում, այլ ոչ թե զուտ իրարամերժություն, մենք կփորձենք ուղղակի շարադրել այն մտահոգությունները, որոնք կարող են քիչ-քիչ դառնալ վտանգներ, իսկ վերջում նաև՝ սպառնալիք՝ ուղղված հայոց ազգային շահերի դեմ:

Եվ ուրեմն  «հող հանձնողներին» մենք չենք քննադատում, մենք տալիս ենք հարցեր, որոնց պատասխաններից կհասկացվի նրանց նմանությունը կամ տարբերությունը Արցախի ու հայերի թշնամիներից:

Ո՞վ է Հայաստանից պահանջում տարածք հանձնել Ադրբեջանին: Թուրքիան:

Նախկինում թուրքերը պահանջում էին, որ հայերն ադրբեջանցիներին հանձնեին Արցախին հարակից ազատագրված շրջաններից 5-ը: Բայց հետո Անկարան բավարարվեց 2 շրջանի երադարձի պահանջով:

Ո՞ւմ ռազմական ագրեսիան եք մոտեցնում Արցախի մայրաքաղաքին՝ կողմ արտահայտվելով հող հանձնելուն: Ադրբեջանի:

Օրինակ՝ Աղդամի շրջանը հանձնելու դեպքում շփման գիծը Ստեփանակերտին է հասնում 15կմ հեռավորության վրա: Սա նշանակում է Ստեփանակերտի խաղաղ գոյությունը ուղղակի կախել հրետանու փողից: 

Ծանր պայմաններում պատերազմ հաղթեցինք ու վերադարձրեցինք մեծ կորցրածի փոքր մասը՝ 12.000 քառակուսի կիլոմետրը: Ունեցանք ազգային հերոսներ, զոհված ու կենդանի լեգենդներ, Եռաբլուր պանթեոն ու վերջապես՝ զորավոր մի փաստ. մենք տարանք ոչ թե բարոյական, այլ հենց ռազմական հաղթանակ, շոշափելի հաղթանակ:

 Հիմա, երբ սառն է ոչ թե ղարաբաղյան համակարտությունը, այլ բանակցային գործընթացը,  երբ բանակցությունների արդյունավետությունը ընկնում է, իսկ Բաքվի ռազմաշունչ հռետորաբանությունը աճում, ցանկանում ենք 2 շատ կարևոր հիշեցում անել բոլոր նրանց, ովքեր ազատագրված շրջաններն անվանում են «գրավյալ տարածքներ» և  հող հանձնելու պատրաստակամություն ցույց տալիս:

  1. 1994-ի մայիսին ստորագրված բիշքեքյան արձանագրության փաստաթղթում ամրագրված չէ հայկական կողմի առաջ քաշած «ազատագրված տարածքներ» ձևակերպումը, բայց ոչ էլ ամրագրված է ադրբեջանական կողմի պնդած «գրավյալ տարածքներ» տարբերակը:  Արդյունքում ընդունվել է ռուսական պատվիրակության առաջարկած «զբաղեցրած տարածքներ» չեզոք ձևակերպումը:

  2. Ազատագրված տարածքները, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անքակտելի մաս, ամրագրված են Արցախի Սահմանադրության 142-րդ հոդվածում:

  Եվ ուրեմն, հող հանձնելուն կողմնակից տիկնայք կամ պարոնայք, ընդառաջ մի գնացեք Ադրբեջանի բառապաշարին և հակառակ մի գնացեք Արցախի Սահմանադրությանը:

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ