Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ինչպե՞ս էր ապահովվում Սահմանադրության 4-րդ հոդվածը՝ «Մեր դեմ խաղ չկա» ՍՊԸ-ում

am en ru
Inch`pe?s er apahovvowm Sahmanadrowt`yan 4-rd hodvatse, <<Mer dem khagh ch`ka>> SPE-owm_74371

Այս տարվա հուլիսի 5-ը յուրահատուկ խորհուրդ ունի. պետական ամենակարևոր տոներից մեկը դիմավորում ենք արդեն նոր Հայաստանում: Թերևս առաջին անգամ, 1999 թվականից հետո, ժողովրդի գերակշիռ մեծամասնության վստահությունն ու աջակցությունը վայելող իշխանությունների պարագայում: 

Հոկտեմբերի 27-ը ասես անջրպետ դրեց Սահմանադրությամբ հռչակված Հայաստան պետության անվանական տիրոջ՝ ժողովրդի և փաստացի՝ իշխանությունների միջև, իսկ պատճառներից ամենաորոշիչն այն էր, որ իշխանությունը արհամարհեց սեփական երկրի գլխավոր օրենքը: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Սահմանադրությունը վերածվեց զուտ դեկլարատիվ փաստաթղթի, որտեղ նկարագրված են բարի ցանկություններ, որոնց ճնշող մեծամասնությունն այդպես էլ մնում է թղթի վրա:

Դիցուք՝ անկախության տարիների Սահմանադրության բոլոր երեք տարբերակների  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ գլխում, նշվում է.

Հոդված 4 /վերջին խմբագրություն/

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ցանկացած նորմալ ժողովրդավարական պետության համար սա աքսիոմ է, ինչը, ցավոք, այդպիսին չդարձավ Հայաստանում: Ավելին, 21-րդ դարում մեր երկիրը սկսեց նմանվել եվրոպական շպարով և խնամքի այլ միջոցներով քողարկված ամենաիսկական արևելյան միապետության: Այս առումով բավականին խոսուն է երկրորդ նախագահի «ո՞վ է այն տղամարդը» թեզը, որն իր գործնական զարգացումը ստացավ երրորդ նախագահի օրոք: Օրինակ, Սերժ Սարգսյանն ինքն էր որոշում, թե ո՞վքեր իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ:

Միապետական այս խրախճանքի գագաթնակետը դարձավ հատուկ Սարգսյանի անձի համար վերաձևված հրայրթովմասյանական Սահմանադրությունը, որն էլ, կարծում եմ, արագացրեց երրորդ նախագահի քաղաքական կարիերայի ավարտը:

Փաստորեն, մեր Սահմանադրությունը տրանսֆորմացվել էր յուրահատուկ բուրգի, որի գագաթը երկրի առաջին դեմքն էր: Ինչ վերաբերում է օրենսդիր իշխանությանը, բոլոր Ազգային ժողովներում ունեցել ենք գերիշխող դիրք գրավող կուսակցական խմբավորում, որը գործում էր յուրօրինակ «բուլդոզերի» սկզբունքով: Արդյունքում օրենսդիրը տարիներ շարունակ «շտամպում» էր, հատկապես, այնպիսի օրենքներ, որոնք ակնկալում էին երկրի առաջին դեմքն ու գործադիրը: Դա արվում էր բավականին բիրտ ձևով՝ կոտրելով, եկեք անկեղծ լինենք, խորհրդարանական ընդդիմադիր ուժերի, շատ դեպքերում, արդեն զուտ ձևական դիմադրությունը: Գործադիր իշխանությունն էլ /նույնպես՝ մեծի մասամբ ձևական ու անիմաստ/ ԱԺ քննարկմանն ու հաստատմանն էր ներկայացնում այնպիսի օրենսդրական նախագծեր, որոնք իրենից սպասում էր երկրի առաջին դեմքը: Մինչև 2018 թվականի ապրիլ այս մեխանիզմը գործում էր շատ հստակ ու անխափան:

Այս պարագայում խոսել դե-յուրե երրորդ հակակշռի՝ դատական իշխանության ինքուրույնության մասին ուղղակի անիմաստ է. բնականաբար, բոլոր իշխանությունների օրոք այն եղել է գլխավորապես երկրի առաջին դեմքի ու նրա յուրայինների ամուր ու հուսալի հենարանը՝ շատ հեռու մնալով իր իրական առաքելությունից:

Վերջում ևս մեկ կարևոր օղակի՝ ԿԸՀ-ի մասին: Հատկապես, այս կառույցն է մշտապես իր վրա վերցրել, թերևս, ամենակեղտոտ գործը՝ բոլոր տեսակի ընտրությունների սրբագրումն ու լեգիտիմացումը:

Ահա այսպես, մեր Հայրենիքը վերածվեց «Մեր դեմ խաղ չկա» անվանմամբ մի յուրահատուկ ՍՊԸ-ի, որի գործունեությունն ուղղված էր մեկ մարդու՝ երկրի առաջին դեմքի, իսկ նրա հովանու ներքո արդեն՝ թիմակիցների ցանկությունների կատարմանը: Որպեսզի այս մղձավանջը մեկընդմիշտ մնա հետևում, անհրաժեշտ է ընդամենը կամք՝ այսուհետ հարգել սեփական Սահմանադրությունը: Սա պետք է լինի ամենանվիրական սպասումը նոր իշխանություններից:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ