Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Իրան-ԱՄՆ վերսկսված հակամարտություն․ ի՞նչ կհետևի միջուկային գործարքի խզմանը

am en ru
Iran-AMN versksvats hakamartowt`yown. i?nch` khetewi mijowkayin gortsark`i khzmane_60383

Հայաստանում տեղի ունեցող բուռն ներքաղաքական զարգացումները որոշակիորեն շեղել են մեր ուշադրությունը միջազգային կարևորագույն իրադարձություններից։ Եվ դա այն պարագայում, երբ դրանց մի մասը տեղի է ունենում անմիջականորեն մեր երկրի սահմանների մոտ։ Նախորդ վերլուծության մեջ, խոսելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին, ես նշել էի նաև նոր թափ հավաքող ԱՄՆ-Իրան  հակամարտության մասին, որը սպառնում է ընդլայնել իր շրջանակները։ Իհարկե, խոսքս վերաբերում է Վաշինգտոնի՝ միջուկային գործարքից դուրս գալու վերաբերյալ որոշմանը և Եվրոպայում այս առիթով հնչած արձագանքներին։

Անշուշտ, նախագահ Թրամփի համապատասխան հայտարարությունը չի կարելի անսպասելի համարել։ Մի փոքր հետ գնալով հիշեցնեմ, որ դեռևս հունվարին, երբ ԱՄՆ առաջնորդն ակնարկեց այդ գործարքից հրաժարվելու մտադրության մասին, եվրոպական մի շարք քաղաքական գործիչների շուրթերից լսվեցին սթափ գնահատականներ այդ նախաձեռնության հետևանքների մասին։ Մասնավորապես, Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ ամերիկացիների կողմից վերջնագրային պահանջների լեզվով խոսելը լավ բանի չի հանգեցնի և կարող է վտանգել տարածաշրջանային անվտանգությանը։ Միևնույն ժամանակ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Բորիս Ջոնսոնը և Ժան-Իվ լը Դրիանը, ինչպես նաև նրանց գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելը գրեթե միաբերան հայտարարեցին, որ միջուկային համաձայնագիրը խաղաղություն է բերել Իրանի ժողովրդին և ողջ տարածաշրջանին, հաջողությամբ գործում է և այլընտրանք չունի։ Այս ամենը առիթ տվեց գերմանական հեղինակավոր Frankfurter Allgemeine թերթին հետևություն անել, որ  «Եվրոպան պայքարում է միջուկային պայմանագրի համար՝ Ամերիկայի դեմ»։

Հիմա կրկին վերադառնանք մեր օրեր։ Ամերիկացիների՝ պայմանագրից դուրս գալու փաստը  և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մտադրությունը արձանագրելուց հետո եվրոպացիների դիրքորոշումներն ավելի կոշտացան։ Արդյունքում այն, ինչ տեղի է ունենում այսօր արդեն ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում, կարելի է աննախադեպ համարել։ Երբեմնի կուռ համախոհներն ու գործընկերները կարծեք թե գրավել են տրամագծորեն տարբեր դիրքեր։ Դատեցեք ինքներդ «Եվրոպան չպետք է համաձայնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները միակողմանի կարգով վերականգնելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ այդ որոշման հետևանքները վնասակար են բոլոր առումներով՝ ռազմական, քաղաքական թե տնտեսական: Մենք պետք է մոբիլիզացնենք մեր ջանքերը, որպեսզի չջլատվենք և միասնական պատասխաններ գտնենք այդ միակողմանի պատժամիջոցներին»՝ սա  ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսի կարծիքն է, որը նա հայտնել է France3 հեռուստաալիքով ելույթ ունենալիս:

Նրա խոսքով, միջուկային գործարքից դուրս գալու Վաշինգտոնի որոշումից հետո Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առաջացել է «լուրջ տարաձայնություն, որը անհետևանք չի կարող մնալ»:

Ավելի միանշանակ է արտահայտվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Մայիսի 10-ին  նա  հայտարարել է, որ Եվրոպան պաշտպանության հարցում այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին։  «Անցել են ժամանակները, երբ ԱՄՆ-ը պաշտպանում էր մեզ: Այսօր մենք ինքնուրյուն պետք է տնօրինենք մեր ճակատագիրը»՝ այսպիսի կոշտ դիրքորոշում է հայտնել Գերմանիայի ղեկավարը։

Չնայած այս ամենին, ԱՄՆ -ն չի փոխում իր մտադրությունները։ Ավելին, ինչպես երեկ հաղորդեց Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը, հաջորդ շաբաթվա ընթացքում Դոնալդ Թրամփը կհայտարարի Իրանի նկատմամբ նոր և աննախադեպ պատժամիջոցների մասին, որոնք առավելագույն ճնշում կգործադրեն Թեհրանի վրա։

Մյուս կողմից, Իրանը դժվար թե գնա զիջումների, քանի որ նախագահ Հասան Ռուհանին առանց այդ էլ լուրջ քննադատության է արժանանում երկրի ներսում, մասնավորապես զինվորականության շրջանում ՝ Արևմուտքին արված, իրենց կարծիքով, չափազանց լուրջ զիջումների համար։ Այս առումով անցած հինգշաբթի օրը բավականին կոշտ արտահայտություն է արել գեներալ Հոսեյն Սալամին։

Արդյունքում, 2015 թվականին կազմված համատեղ գործողությունների ծրագիրն այլևս դե ֆակտո դադարում է գործելուց՝ դրանից բխող լուրջ հետևանքներով։ Իսկ այդ հետևանքները շատ հստակ ձևակերպել է ֆրանսիական Լը Մոնդ պարբերականը՝ նախ հիշեցնելով միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկը՝ «պայմանագրերը պետք է գործեն անվերապահորեն և առանց նախապայմանների»։ Իսկ Վաշինգտոնի միակողմանի գործողությունները, Լը Մոնդի վերլուծաբանների կարծիքով,  կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածմանը, ինչպես նաև վերջ դնել տարիներ շարունակ գործող և տարածաշրջանային անվտանգությունն ապահովող Տրանսատլանտյան համակեցությանը։ Դժվար չէ պատկերացնել, թե այս երկու կանխատեսումների իրականացումը աշխարհի համար ինչպիսի սարսափելի հետևանքներով է հղի։

Այս պարագայում Հայաստանի նոր իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվելու ճիշտ մարտավարություն ընտրելու և կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու ուղղությամբ։ Այս առումով ուրախալի է, որ  երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է իր լուման ներդնել ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավմանը նպաստելու ուղղությամբ։ Հուսանք, որ այդ բարի մտադրությունը կիրականանա։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ