Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Իրավունքի ադրբեջանական արշինը

am ru
Iravownk`i adrbejanakan arshine_36360

Ծանր հանցագործությունների գործերով Բաքվի դատարանը Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի թոռանը` Նայիլ Ալահվերդիևին, դատապարտել է վեց տարվա ազատազրկման: Ընդ որում` նիստի ժամանակ դատախազը պահանջել էր յոթ տարվա ազատազրկում, սակայն դատարանը մեկ տարով նվազեցրել է Ալահվերդիևի պատժաչափը:

Ինչպես նշում է «Aze.az» կայքը` հղում անելով Haqqin.az-ին, ընթացիկ տարվա օգոստոսի 3-ին վերջինս վթարի է ենթարկվել իրեն պատկանող «Mercedes-Gelandawagen» ավտոմեքենայով, որի հետևանքով երկու հոգի մահացել են, իսկ երկուսն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ալահվերդիևն ամբաստանվում է երկու և ավելի անձանց մահվան պատճառ հանդիսացող ՃՏՊ-ի և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ: Դեռևս նախաքննության ընթացքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը` չորս ամիս ժամկետով:

Այս իրողությունները զարմանալի են այնքանով, որ դատարանն ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի Հանրապետության ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկի թոռանը: Ծնունդով ջեբրայիլցի Ալի Հասանովը «հին ոսկոր» է հարևան երկրի իշխանական կոհորտայում: Այդ պաշտոնում նա աշխատում է 1998 թվականի սեպտեմբերից, բացի այդ` ղեկավարում է փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեն, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնության կոմիտեի անդամ է:

Ալի Հասանովին են պատկանում Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ արտահայտած հետևյալ խոսքերը. «Երբ էներգետիկ պաշարներ են անհրաժեշտ, Ադրբեջանը բոլորին պետք է, իսկ երբ հարկավոր է լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը,  այն չի լուծվում: Միակ պատճան, իմ կարծիքով, այն է, որ աշխարհում արդարություն չկա: Ինչպե՞ս լուծել հակամարտությունը: Գտնում եմ, որ բոլորը պետք է մի կողմ քաշվեն ու Ադրբեջանին և Հայաստանին թողնեն դեմ առ դեմ»:

Ի՞նչ է սա` ժողովրդավարական վարիացիաներով արդարադատության բեմականացում, թե՞ Ալի Հասանովն արդեն սպառել է պիտանելիությունն իլհամալիևյան կլանի համար: Բոլորին է հայտնի Ադրբեջանի դատական և, առհասարակ, իրավապահ համակարգի կոռումպացվածությունը, և Հասանովի համար թերևս դժվար չէր ունեցած լծակներով կոծկել թոռան կատարած հանցանքը: Սակայն դա ներկա դրությամբ չի արվել:

Ալահվերդիևի դատն արժե համեմատել Ադրբեջանում հեռարձակվող «Կանալ-13» համացանցային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևի դատավարության հետ: Օրուջևն ամբաստանվում է ապօրինի ձեռնարկատիրության և իշխանության չարաշահման մեջ, որի համար Բաքվի նույն դատարանը դեկտեմբերի 15-ին հեռուստալրագրողին ազատազրկման է դատապարտել դարձյալ վեց տարի ժամկետով: Նախաքննության մարմնի առաջադրած մեղադրանքի հիմքն այն էր, որ «Կանալ 13»-ը արտասահմանից ապօրինի դրամաշնորհներ է ստանում, որոնք Ադրբեջանի արդարադատության նախարարությունում չեն գրանցվում: Բայց դա ընդամենը պատրվակ էր. գլխավոր պատճառը լրատվամիջոցի անվերահսկելիությունն էր: Այդ առթիվ նույնիսկ մամուլի ազատության հարցերով

ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը կոչ է արել վերանայել Օրուջևի դատավճիռն ու վերջ դնել նրա անվտանգությանը սպառնացող սահմանափակումներին: Դեզիրը միաժամանակ մտահոգություն է հայտնել լրագրող Աֆղան Մուխտարլիին այս տարվա մայիսին Թբիլիսիում առևանգելու և անազատության մեջ պահելու, ինչպես նաև բլոգեր Մեհման Հուսեյնովին ռեալ ազատազրկման դատապարտելու կապակցությամբ:

Բաքվի արդարադատական պրակտիկան ցույց է տալիս, որ այդ երկրի դատաիրավական համակարգը մեծավ մասամբ գործում է իշխանությունների դեմ ուղղված հանցագործությունները պատժելու անսքող առաքելությամբ: Համաձայն ներքին գործերի փոխնախարար Վիլայաթ Էյվազովի ներկայացրած վիճակագրության, Ադրբեջանը հանցավորության վիճակով ամենակայունն է տարածաշրջանում: Մասնավորապես, 100 հազար բնակչի հաշվով տարեկան գրանցվում է 220-250 հանցագործություն, այն դեպքում, երբ «հարևան Հայաստանում և Վրաստանում այդ թիվը տատանվում է 320-350-ի միջև»: Դարձյալ նրա մատուցած տվյալներով, Ադրբեջանում տարեկան կատարվում է 20.000 հանցագործություն, որի ընդամենը 10 տոկոսն է հանդիսանում ծանր:

Միով բանիվ, քնած մարդկանց կացնահարողների երկրում ծանր հանցատեսակների հաշվեկշռում գերակշռում են իշխանություններին փնովելն ու թերությունների մասին բարձրաձայնելը: Դրանք նույնիսկ համարժեք են երկու և ավելի անձանց մահ պատճառելուն, անգամ եթե դա կատարել է փոխվարչապետի թոռը:

Բայց Հասանովի թոռանն ավելի լավ է հանգիստ թողնենք, ի վերջո` Նայիլ Ալահվերդիևը դեռևս կարող է դատավճիռը բողոքարկել վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում:

Եվ չմոռանանք` իրավունքի ադրբեջանական արշինը միանգամայն այլ չափանիշներ ունի:

 

 

 

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ