Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Կառավարությունում հայտնված «հոգնած դեմքերը» վտանգ են Փաշինյանի հեղինակության ու ողջ համակարգի համար

am
Karhavarowt`yownowm haytnvats <<hognats demk`ere>> vtang en P`ashinyani heghinakowt`yan ow oghj hamakargi hamar_73019

  Հեղինակ՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Նոր կառավարություններին, սովորաբար, տրվում է 100 օր ժամանակ, որի ընթացքում հասարակությունը, քաղաքական շրջանակները ձեռնպահ են մնում որևէ գնահատական հնչեցնելուց, փոխարենը՝ ուշի-ուշով հետևում են, թե ի՞նչ քայլեր է կատարում նորեկը:

 Թավշյա  հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանի կառավարության հարցում  ևս այդ սկզբունքը որդեգրվեց՝ 100 օր որևէ գնահատականից՝ դրական, թե բացասական, զերծ պահել գործող կառավարությանը: Այդ սկզբունքը որդեգրել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նախկին իշխանությունը: Գովելի փաստ է, որ մի կողմ թողնելով  գաղափարական հակասությունները, հակակրանքն ու  համակրանքը,  հայաստանյան քաղաքական դաշտը հիմնականում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ հանուն Հայաստանի անչափ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը չձախողի, հակառակ դեպքում՝ դա կլինի երկրի ու բոլորիս ձախողումը: Ուրեմն, պետք է հանգիստ թողնել և չխանգարել նոր կառավարությանը:

 Սակայն մյուս կոմից էլ հեղափոխությամբ իշխանության եկած  կառավարությունը 100 օրվան սպասելու ժամանակ չունի: Երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց ու իրականցնում հեղափոխություն, նշանակում է երկրում արագ փոփոխությունների իրականացման պահանջ կա: Հայաստանը երկար սպասելու ժամանակ չունի, քանի որ և՛ երկրի ներսում շատ գործ կա անելու, և՛ դրսում. տարածաշրջանային մարտահրավերները  շուտափույթ քայլեր են պահանջում:

 Ի դեպ, որքան մեծ է ժողովրդի ոգևորությունը, որքան բարձր է վարչապետ Փաշինյանի վարկանիշը, այնքան մեծ են ժողովրդի սպասումները, ինչպես նաև մեծ է արագ փոփոխությունների ակնկալիքը: Այս հանգամանքը բարդ  կացության մեջ է դնում հեղափոխությամբ իշխանության եկած լիդերին ու նրա թիմակիցներին, քանզի միշտ չէ, որ հնարավոր է ի կատար ածել ժողովրդի սպասումները, իսկ դրանց, գոնե անհրաժեշտ մասով չկատարումը կնշանակի վարկանիշի անկում, հեղինակազրկում:

    Հայտնի բան է, իշխանության համար հաջողակ լինելու կարևոր գրավականը թիկունքում լուրջ թիմ ու ծանրակշիռ քաղաքական ուժ ունենալն է: Սակայն  այս կառավարությունը ո՛չ կադրային լուրջ ռեսուրս ունի, ո՛չ էլ քաղաքական լուրջ հենարան. վարչապետ Փաշինյանի <Քաղաքացիական պայմանագիր>կուսակցությունը  չկայացած քաղաքական ուժ է: Իզուր չէ, որ  Փաշինյանն ու իր թիմակիցներն այսօր լծված են ՔՊ-ի կայացման գործին: Այլևս նկատելի է, որ հանրային ոգևորությունն ու վստահությունն առավելապես ուղղվում են կուսակցաշինության գործին, ինչը քաղաքական փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝  կոռուպցիայի դրսևորման  մի  յուրահատուկ ձև է:

 Դառնալով Փաշինյանի թիմակիցներին, ասենք, որ նորանշանակ պաշտոնյաների շարքում չկա  գեթ մեկ  խարիզմատիկ  քաղաքական գործիչ: Սա ոչ միայն նորմալ վիճակ չէ, այլև խիստ վտանգավոր է՝ առաջին հերթին երկրի համար, հետո նաև՝ հեղափոխության առաջնորդ Նիկոլ  Փաշինյանի: Նախ, միայնակ, առանց թիմի ու քաղաքական ուժի, նա չի կարող, միայն հանրային վստահության վրա հենված՝ առաջ մղել պետականաշինության գործընթացը:  Ինչպես ասացի՝ բացակայում է նաև հենարան  քաղաքական ուժը: Ստացվում է, որ ոչ թե Փաշինյանն է հենվում քաղաքական ուժի՝ ՔՊ-ի վրա, այլ հակառակը՝ ՔՊ-ն է հենված  Փաշինյանի հեղինակության վրա:

 Վարչապետի համար մյուս մեծագույն վտանգն իր իսկ նշանակած կադրերն են, որոնք իրենց վատ աշխատանքով, ոլորտի չիմացությամբ ուղղակի կարող են շատ արագ մսխել լիդերի վաստակած հեղինակությունը:

 Շատ ասվեց, որ կառավարության անդամների մեծ մասը չունի փորձ, չունի կառավարման հմտություններ: Բայց ոչ ոք չի ասում՝ այդ անփորձությունն, արդյոք, չի՞վտանգի պետական համակարգը:  Երիտասարդական ավյուն ունենալը, ինչ խոսք՝ լավ է, բայց պետական կառավարումն <ավյունից> բացի, ենթադրում է բազմակողմանի իմացություն, առանձին ոլորտների վերլուծությունների վրա հիմնված որոշումների կայացում: Միայն երիտասարդական ավյունով առաջնորդվելը բավարար չէ ու չի կարող օգնել ոլորտին անտեղյակ երիտասարդին՝տիրապետել այդ ամենին:

    Շիրակի մարզպետի նշանակումը գյումրեցիների սրտով չէր. «անփորձ մեկին բերեցին մեր գլխին ղեկավար կարգեցին», ի սկզբանե դժգոհեցին ու հիմա գյումրվա անեկդոտներ են հյուսվում մարզպետի անձի շուրջ, որոնց համար որպես աղբյուր ծառայում են հենց իր՝ մարզպետի փայլուն մտքերը: Օրինակ, ասել էր՝ «Շիրակը մշակույթային մարզ է, այստեղ զարգացած է գյուղատնտեսությունը», իսկ լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք զգում ձեզ  նոր պաշտոնում,  մարզպետ Կարեն Սարուխանյանի պատասխանը՝ «հոգնած», դարձավ ԱրմՔոմեդիի օրվա «բոցը». հոգնածներն ի՞նչ գործ ունեն  հեղափոխությամբ  իշխանության եկած կառավարության կազմում: Գյումրում արդեն համոզված են՝ մարզի խնդիրներին չտիրապետող մարզպետը աշխատանքները տանուլ է տալիս՝ հեղինակազրկելով  վարչապետին:

    Նախարարությունների շարքում՝ տխուր պատկեր է ԿԳ-ում. մամուլում արդեն կա տեղեկատվություն, որ նախարար Արայիկ Հարությունյանը պարալիզացրել է աշխատանքները: Պարզվում է, Հարությունյանը չի կարողանում ներսում ստեղծել թիմային աշխատանք, խտրական վերաբերմունք ունի աշխատակիցների հանդեպ՝ նրանց բաժանել է յուրայիների ու օտարների: Որոշումները կայացնում է միայն իր մարդկանց՝ երկու փոխնախարարների հետ: Վարչության պետերն անտեղյակ են նախարարի որոշումներից: Անգամ այս կամ այն միջոցառման մասնակցության մասին վերջիններս միայն վերջին պահին են տեղեկանում:

 Կադրային առումով՝ վիճակը վատ է նաև գերատեսչությունների միջին օղակներում, որտեղ առավել սրությամբ է երևում Փաշինյանի կառավարության կադրային սուղ  ռեսուրսը:

   Ակնհայտ է, որ այս կամ այն գերատեսչության արդյունավետ գործունեությունը պայմանավորված է հենց միջին օղակի լավ, կամ վատ աշխատանքով: Մինչդեռ հենց միջին օղակներում ունենք անէնտուզիազմ, անհավես, անտեսլական,  հոգնած դեմքեր, որոնք  իրենց ծուլությամբ լճացրել են տվյալ համակարգը: Պարզվում է, որ <Նոր Հայաստանում> ևս, հնից ժառանգված <ավանդույթով>, միջին օղակներում  աշխատանքի  տեղավորումը կատարվում է   քավոր-սանիկական կապերով:  Ի դեպ, այս գործոնը առավել ակտիվ է հիմա աշխատում  փորձագետ-խորդատուների ընտրության հարցում: Քանի որ մեծ թիվ են կազմում ոլորտին անտեղյակ պետական պաշտոնյաները, վերջիններս փորձում են այդ բացը լրացնել իրենց  շրջապատելով բազմաթիվ  խորհրդատուներով: Արդյունքում՝ աննախադեպ աճել է խորհրդատուների թիվը կառավարությունում: Ինչն էլ նշանակում է բյուջետային միջոցների հսկայական վատնում:

 Ինչևէ, իշխանության ներսում առկա այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող: Թեպետ  գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, որի կարևորագույն խնդիրն է հնարավորինս արագ անցկացնել արտահեթ ընտրություններ, միևնույն է՝ կառավարության ղեկավարը չի կարող աչք փակել այս ամենի վրա: Քանզի այսօր նկատվող ոչ արդյունավետ աշխատանքն ուղղակիորեն հարվածելու է  թե՛ սեփական հեղինակությանը, թե լրջագույն վտանգ է լինելու երկրի համար:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ