Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կայացավ ՌԱԿ ուսանողական խորհրդի նախաձեռնող խմբի անդրանիկ ժողովը

am en ru es
Kayats`av RhAK owsanoghakan khorhrdi nakhadzerhnogh khmbi andranik zhoghove_74747

   Ռամկավար Ազատական կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, շարունակում է ուշադրության կենտրոնում պահել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին՝ նրանց ներգրավելով բազում հետաքրքիր, ուսուցողական ծրագրերում, հնարավորություն ընձեռելով ինքնադրսևորվել և կայանալ:

Դրան հասնելու ուղիներից մեկն էլ ուսանողական խորհրդի ստեղծումն է, որը նպատակ ունի մեկտեղելու երևանաբնակ կամ Երևանում գործունեություն ծավալող ռամկավար երիտասարդներին: Ինչպես վերջիններս են տեղեկացնում,  Հայաստանի տարբեր մարզերում վաղուց գործում են ՌԱԿ երիտասարդական ակումբներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել Երևանում ևս ունենալ նման կառույց, որի հարկի ներքո արդեն Երևանի ռամկավար երիտասարդները հնարավորություն կունենան ծավալելու ինչպես քաղաքական-կուսակցական, այնպես էլ կրթական-մշակութային գործունեություն:

Հուլիսի 5-ին Երևանի ուսանողական խորհրդի անդրանիկ նիստն էր՝ նախագահությամբ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի և փոխատենապետ Կարեն Կակոյանի: Նիստը տեղի ունեցավ ՌԱԿ Կենտրոնական վարչության գրասենյակում:

  Ելույթով հանդես եկավ Հ. Ավետիքյանը, որ ողջունեց ներկաներին՝ կարևորելով նրանց նախաձեռնությունը և  մայրաքաղաքում գործունեություն ծավալելու անհրաժեշտությունն ու նշանակությունը: «Արդեն մի քանի տարի շարունակ մեր կուսակցության ուշադրության կենտրոնում հայ երիտասարդն է: Մեզ հաջողվել է Հայաստանի ողջ տարածքում երիտասարդական ակումբներ հիմնել, երիտասարդներին ու պատանիներին հնարավորություն ընձեռել հմտանալու շախմատում, ՏՏ ոլորտում, բրուտագործության մեջ և այլ ոլորտներում: Կուսակցության ջանքերով ստեղծվել են շախմատի, համակարգչային դասընթացներ, բացվել են հրաձգարան, նկարչության խմբակներ և այլն, որոնց նպատակը երիտասարդներին ուսուցանելն է, նրանց ներուժը բացահայտելը և զարգացնելը: Երևանի ուսանողական խորհուրդը ևս պետք է նպաստի տեղի երիտասարդության ինքնադրսևորմանը, զարգացմանը, փորձի փոխանակմանն ու նոր և հիմնավոր գիտելիքների կուտակմանը»,- նշեց Ավետիքյանը:

Կ. Կակոյանը ևս բարձր գնահատեց երիտասարդության նախաձեռնողականությունը և նոր նախագծերով ու գաղափարներով հանդես գալու պատրաստակամությունը:

Նիստի ընթացքում կազմավորվեց խորհուրդը համակարգող կոմիտեն, նախանշվեցին խորհրդի առաջնահերթությունները, նախնական ծրագրերն ու անելիքները: Որոշվեց մոտ օրերս կազմակերպել դասընթացներ, որոնք կնպաստեն երիտասարդների գիտելիքների հարստացմանն ու նոր հեռանկարներ կբացեն վերջիններիս համար:

Խորհրդի անդամները կարևորեցին համագործակցությունը ինչպես հայրենական, անպես էլ արտերկրի նման կազմակերպությունների հետ՝ չանտեսելով նաև մեր սփյուռքահայ հայրենակիցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը և հրատապությունը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ