Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Խորհրդանշական եռատոն․ ինչպիսի՞ սպասումներով ենք այն դիմավորում

am en ru
Khorhrdanshakan erhaton. inch`pisi? spasowmnerov enk` ayn dimavorowm_59895

Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը մոտ է իր հանգուցալուծմանը։ Մայիսի 8-ին Ազգային Ժողովը երկրորդ փորձից ապահովեց անհրաժեշտ քանակությամբ ձայներ՝ Նիկոլ Փաշինյանին ընտրելով ՀՀ վարչապետ։ Անշուշտ, այս քայլով մեր օրենսդիրներն իրականացրին ժողովրդի գերակշռող մասի ցանկությունը, ինչը պետք է ընդունել որպես կայացած իրողություն, անկախ նրանից, ինչպիսին է մեզնից յուրաքանչյուրի սուբյեկտիվ վերաբերմունքը իշխանափոխության հատկապես նման ձևին։

Թավշյա հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումն, ըստ իս, օրենսդիր և գործադիր իշխանությունների իրական տարանջատումն ու փոխադարձ հավասակշռումն է։ Այս առումով Հայաստանը դրականորեն կտարբերվի հետխորհրդային պետությունների մեծ մասից։ Կրկին շնորհավորելով ՀՀ նորընտիր վարչապետին՝ փաստենք. նրան սպասում է ծանր և տքնաջան աշխատանք։ Ոգևորված ժողովուրդը անհամբեր սպասելու է կոնկրետ գործողությունների, որոնք կյանքի կկոչեն պարոն Փաշինյանի կողմից շռայլորեն տրված խոստումները։ Առաջին հերթին կարևորվելու է ճիշտ կադրային քաղաքականության իրականացումը։ Ակնհայտ է, որ վարչապետը օբյեկտիվ պատճառներով այսօր չունի արհեստավարժ մասնագետներից կազմված կուռ և համեշարխ թիմ և գործադիր իշխանությունը ձևավորելիս ստիպված կլինի ներգրավել նաև մարդկանց մի ճամբարից, որն այս օրերի ընթացքում անխնա քննադատում էր։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից խոստացած մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, բոլորն էլ հասկանում են, որ սա արագ լուծվող խնդիր չէ։ Ուստի առաջին պլանում, հիմա՝ բնակչության ուշադրության կենտրոնում լինելու է կյանքի բոլոր ոլորտներում արդարության սկզբունքի պահպանումը։ Այս պայմաններում Փաշինյանից լուրջ ջանքեր կպահանջվեն ժողովրդի, հատկապես նրան անվերապահորեն աջակցած երիտասարդության մոտ ունեցած վստահության վարկը պահպանելու ուղղությամբ։ Այն երիտասարդության, որն ապացուցեց, որ ինքն է հանդիսունում մեր երկրի տերն ու ապագան։

Շատ ավելի բարդ է լինելու դիմակայել արտաքին քաղաքական մարտահրավերներին, որոնք օրեցօր առավել լուրջ դրսևորումներ են ստանում։ Բնականաբար, առաջին հերթին մեզ բոլորիս մտահոգում է արցախյան հիմնախնդիրը և այս առումով, վստահաբար երկու հայկական պետությունների իշխանությունների մոտեցումները կշարունակեն մնալ կարծր և փոխհամաձայնեցված։

Անհամեմատ ավելի դժվար կլինի ճիշտ կողմնորոշվել աշխարհաքաղաքական բարդ զարգացումներում, որոնց կիզակետերից մի քանիսը, ցավոք, գտնվում են մեր սահմաններին շատ մոտ։ Մասնավորապես, նախօրեին տեղի ունեցան երկու շատ կարևոր և ոչ պակաս մտահոգիչ իրադարձություններ, որոնք սերտորեն վերաբերում են մեր տարածաշրջանին, ավելին՝ առնչվում են մեր անմիջական հարևան և անկախության տարիներին իրեն որպես Հայաստանի հուսալի բարեկամ դրսևորած Իրանին։

Նախ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից և մտադիր է վերականգնել տնտեսական պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Այդ մասին հայտարարեց նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ Հաջորդ իրադարձությունը, որը նույնպես տեղի ունեցավ մայիսի 8-ին. Իսրայելի զինված ուժերը հրթիռային հարված հասցրեցին Սիրիային։ Դամասկոսի պնդմամբ երկու իսրայելական հրթիռներ վնասազերծվել են մայրաքաղաքի անմիջական հարևանությամբ գտնվող Քիսվա ավանի մոտակայքում։ Իսրայելն իր այս գործողությունը պայմանավորում է «Իրանի՝ Սիրիայի տարածքում ծավալած աննախադեպ ռազմական ակտիվությամբ»։ Այս մեջբերումն արված է իսրայելական բարձրաստիճան պաշտոնյա Շտայնիցի հարցազրույցից։

Հաշվի առնելով նաև Իրանի կոշտ դիրքորոշումը՝ չի բացառվում, որ Հայաստանի և Արցախի անմիջական սահմանների մոտ առաջիկայում կարող են ծավալվել, Աստված մի՛ արասցե, լուրջ ռազմական գործողություններ։ Այս պարագայում մեր իշխանություններից կպահանջվի «ոսկերչական» ճշգրտություն՝ ճիշտ կողմնորոշվելու և երկիրը անկանխատեսելի հետևանքներից հեռու պահելու ուղղությամբ։

Իհարկե, այս բոլոր վտանգները գիտակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Եվ շատ հատկանշական է, որ նրա նորամուտն այս բարձր և պարտավորեցնող պաշտոնում տեղի ունեցավ մայիսյան աննախադեպ հաղթանակների այս պատմական օրերին՝ հայի ամուր բազկի և անկոտրում ոգու հաղթանակների։ Ուստի, եկեք զինվենք համբերությամբ և անսահման հավատով մեր Հայրենիքին սպասող լուսավոր ապագայի նկատմամբ։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ