Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Կսահմանափակվե՞ն Ադրբեջանի կասպյան հնարավորությունները

am
Ksahmanap`akve?n Adrbejani kaspyan hnaravorowt`yownnere_86159

Հեղինակ՝ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ 

   Ղազախստանի Ակթաու քաղաքում օգոստոսի 12-ին կգումարվի մերձկասպյան երկրների առաջնորդների գագաթնաժողովը՝ Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ: Քաղաքական մեկնաբանները կանխատեսում են, որ դրանով վերջ կդրվի ավելի քան քսանամյա տարաձայնություններին եւ կստորագրվի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը: Այդ հարցը ԽՍՀՄ փլուզումից հետո եղել է մերձկասպյան հինգ երկրների միջեւ թեժ քննարկումների առարկա:

    Խնդիրը նրանում է, որ խորհրդային տարիներին Կասպից ծովը բաժանված էր ԽՍՀՄ եւ Իրանի միջեւ: Անկախություն ստացած Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանը ձեռք են բերել տարածքային ջրերի իրենց մասնաբաժինը, բայց խնդրի վերջնական իրավական ձեւակերպումն ուշացել է ավելի քան քառորդ դար: Եթե օգոստոսի 12-ին Ակթաուն դառնա քաղաքական համաձայնության վերջնահանգրվան, ապա ծագելու են մերձկասպյան երկրների միջեւ սկզբունքորեն նոր հարաբերություններ:

    Ընդհանուր տպավորություն է փոխանցել ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը: Նրա գնահատմամբ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը պետք է դառնա ոչ թե մերձկասպյան երկրների բաժանման, այլ՝  հետագա ինտեգրացման աղբյուր: Ասվածից հասկացվում է, որ Ռուսաստանը ձգտում է Կասպից ենթատարածաշրջանի վերահսկողությունը պահել իր ձեռքերում:

  Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում, թե Ղազախստանը մտադիր է ԱՄՆ ռազմածովային ուժերին բազա տրամադրել Կասպից ծովի իր տարածքային ջրերում: Դա չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին: Երկրորդ հարցը կապված է Կասպից ավազանի էներգակիրների տարանցման հետ: Այստեղ առանձնակի շահ ունի Ադրբեջանը: Բաքուն, ինչպես հայտնի է, նախաձեռնել է  «Հարավային գազային միջանցք», նախագիծը՝ նպատակ ունենալով 2020թ.-ին բնական գազ արտահանել Եվրոպա: Մասնագետները, սակայն, գտնում են, որ Ադրբեջանը չունի բավարար քանակությամբ գազ արտահանելու հնարավորություն: «Հարավային գազային միջանցքի» կենսունակությունը պայմանավորված է ղազախական եւ թուրքմենական էներգակիրներով այն համալրելու հեռանկարի հետ: Իսկ Կասպից ծովի հատակով գազամուղ կառուցելու գաղափարը մշտապես բախվում է իրավական խոչընդոտների:

  Հայտնի չէ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը, արդյոք, կարգավորու՞մ է ենթակառուցվածքների կառուցման հետ կապված հարցերը: Եթե՝ այո, ապա Ադրբեջանի համար բացվում է հնարավորություն, որպեսզի Թուրքմենստանի եւ Ղազախստանի հետ կարգավորի էներգակիրների տարանցման հարցերը: Այնուամենայնիվ, տրամաբանական է թվում, որ Ռուսաստանը ձգտելու է հասնել մերձկասպյան երկրների այնպիսի ինտերգրացման, որի դեպքում մեկի քայլը պետք է համաձայնեցված լինի մյուս բոլոր երկրների հետ: Այս դեպքում Ադրբեջանի հնարավորությունները կսահմանափակվեն:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ